Նոլդու Փաշինյան վիճակ է․․․

Իրավաբանության մեջ այսպիսի բան կա։ Երբ ինչ որ հարցում հայց, բողոք են ներկայացնում, հակառակ կողմը պիտի դիրքորոշում հայտնի, ապացուցողական փաստեր ներկայացնի։ Լռությունն ընդունվում է որպես համաձայնության նշան։ Բողոքող կողմը կարող է ապացուցողական փաստեր չներկայացնելու պարագայում համարի, որ իր բողոքը կամ հայցը ապացուցման կարիք չունի, ճշգրիտ է։ Սա սովորական դատարանում, շարքային քաղաքացիների դեպքում։ Այսինքն սովորական քաղաքացին անգամ պետք է պաշտպանի իր իրավունքը, շահերը, չթողնի բարձիթողի վիճակում, պետք է հակափաստարկներ բերի։
Խոսենք ավելի մեծ մասշտաբով։ Ադրբեջանի հայտարարություններին բոլորդ ծանոթ եք։ Չեմ ուզում կրկնել թշնամու պահանջը, որն օր- օրի մեծանալով՝ գլորվող ձնագնդի պես վերաճել է Հայաստանը Արևմտյան Ադրբեջան տեսնելու երևակայական ծրագրի իրականացում։ Հայտարարում ու մի որոշ ժամանակ սպասում է, դա հակառակ կողմին տրվող ապացուցողական ժամանակն է, որևէ փաստարկ չստանալով՝ առաջ է գալիս ու վերցնում այն տարածքները, որն իրենն էր հայտարարում։ Հայաստանի իշխանությունն այս դեպքում էլ լուռ համաձայնությամբ հետ է քաշվում՝ զիջելով թշնամուն ՀՀ սուվերեն տարածքները։
Այսօր, երբ կանգնած ենք Հայաստանի պետականությունը կորցնելու շեմին, Ադրբեջանի զավթողական, նվաճողական հայտարարություններին, պահանջներին, որը ներկայացվում է ի լուր աշխարհի, իշխանության կողմից ոչ մի ձայն, արձագանք չի լսվում։ Այնպիսի վիճակ է, ասես Հայաստանը վարձով բնակվում է Ադրբեջանի տանը և տանտերն ամեն օր հիշեցնում է ժամկետը լրանալու մասին։ Ես չգիտեմ ինչ անուն տամ այս վիճակին և ընդհանրապես Հայաստանում տիրող քաոսին, բայց նոր կարդում եմ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը՝ երկրում տիրող վիճակի մասին և կարծես թե ստանում իմ հարցի պատասխանը։ Գրում է՝ նոլդու Փաշինյան վիճակ է։ Իրոք, Հայաստանում նոլդու Փաշինյան վիճակ է ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում․․․
Կարծիքներ