Ամեն զիջված հող մեզ վրա կրակելու հարմար դիրք է Ադրբեջանի համար

Ամեն զիջված հող մեզ վրա կրակելու հարմար դիրք է Ադրբեջանի համար

Մեր զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն է:

- Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը մի շարք խնդրահարույց հայտարարություններով հանդես եկավ: Խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ նշելով, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կմ տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում: Այս հայտարարության նպատակը ո՞րն էր:

- Սա Փաշինյանի նմանատիպ ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին հայտարարությունն է: Նրա խոսքերը, բանակցային գործընթացի վերաբերյալ խեղաթյուրումները, չդադարող մանիպուլյացիաները մեկ հստակ նպատակ ունեն՝ ձեւավորել Արցախը հանձնելու «ալիբի»: Նա փորձում է 2 բան ցույց տալ, նախ` իբր նախկիններն արդեն հանձնել են Արցախը, ինքը ոչինչ չի կարող փոխել, երկրորդ՝ որ եթե Արցախից չհրաժարվի, ապա թիրախի տակ կդնի ՀՀ-ն: Առաջինի մասով մի տրամաբանական հարց պետք է տալ․ եթե նախկինները հանձնում էին Արցախը, ապա ինչու՞ Ալիեւը մերժեց առաջարկվող Մադրիդյան սկզբունքները կամ Կազանյան փաստաթուղթը: Չէ՞ր ուզում Արցախը վերցնել: Ակնհայտ է, որ նման բան չի քննարկվել, քննարկվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը տանող ճանապարհը: Երկրորդ դրույթը, որ եթե Արցախը չհանձնենք, ապա կվտանգենք ՀՀ-ն, եւս որեւէ քննություն չի բռնում: Ալիեւը պարզ տեքստով ասում է, որ հավակնություններ ունի Սյունիքի, Գեղարքունիքի, ընդհուպ մինչեւ Երեւանի նկատմամբ: Արցախի հարցում ամեն մի զիջում ավելի խոցելի է դարձրել Հայաստանը: 2022 թ. սեպտեմբերին ՀՀ-ի վրա հարձակվում էին այն տարածքներից, որոնք զիջվել են Ադրբեջանին՝ Քարվաճառից, Լաչինից եւ այլ հատվածներից:
Մի հանգամանք էլ կա` Փաշինյանը սա ասում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Եթե բացենք կառավարության հնգամյա ծրագիրը, որով Փաշինյանը եկել է իշխանության, ապա այնտեղ Արցախի հարցի վերաբերյալ սպիտակի վրա սեւով գրված է. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա...»: Իսկ որ իրենք իրենց նախընտրական ծրագրից ու կառավարության հնգամյա ծրագրից հրաժարվում են, դա նորմա՞լ է, արդյոք «խաղաղության օրակարգը» կարելի՞ է ամեն օր նորովի մեկնաբանել: Հստակ ծրագրով եկել են, թող խոսեն, թե ինչու չեն դա իրագործել, ու հրաժարական տան, ոչ թե ՀՀ շահերին հակասող հայտարարություններ ու քայլեր անեն:

- Ադրբեջանի նախագահը վերջնագրեր ներկայացրեց. «Հայաստանը, որը ժամանակին ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ինչո՞ւ է Ալիեւն այսպես խոսում:

- Որովհետեւ հասկանում է, որ իր դիմաց թույլ ու անկամ ղեկավար է, որը պատրաստ է շարունակական զիջումների: Դրանից էլ լավ հնարավորությո՞ւն Ալիեւի պես ագրեսոր բռնապետի համար: Ըստ նրա տրամաբանության՝ եթե զիջում են, ապա պետք է պահանջել ավելին, չկանգնել ձեռք բերածի վրա: Մյուս կողմից էլ՝ Ալիեւը տեսնում է, որ ինքն անպատիժ է, միջազգային իրավունքը կարող է արհամարհել ու չենթարկվել պատասխանատվության դրա համար: Այս երկուսի միքսն էլ Ալիեւին դարձնում է առավել ագրեսիվ, անկառավարելի ու հանդուգն իր հայտարարություններում եւ քայլերում: Համաշխարհային պատմությունը ցույց է տվել, որ իրենց միջազգային իրավունքից դուրս դնող բռնապետերը հետագայում դառնում են չարիք ողջ աշխարհի համար:

- Ալիեւը նաեւ նշել է, որ ամեն ինչի պետք է պատրաստ լինեն` ակնարկելով պատերազմական գործողությունները:

- Անշուշտ, դրա համար էլ այդքան աշխատում է բանակի հզորացման ուղղությամբ: Ինքը երբեք չի պատրաստվել խաղաղության, ո՛չ 44-օրյա պատերազմից առաջ, ո՛չ դրանից հետո: Հայատյացություն ու շարունակական ագրեսիա․ սրանք են Ալիեւի իշխանության գլխավոր հենասյուները: Նա այդ 2 գործոնից չի հրաժարվելու, համենայնդեպս՝ քանի դեռ արժանի պատասխան չի ստացել ու միջազգային պատժամիջոցների տակ չի հայտնվել:

- Օրեր առաջ Տեղ գյուղում լարված իրավիճակ էր: Արդյունքում 4 զոհ ունեցանք: Առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ կանխատեսո՞ւմ եք:

- Ինձ մոտ տպավորություն է, որ մինչեւ Թուրքիայում ընտրությունների ավարտը Ադրբեջանի գլխավոր թիրախը լինելու է Արցախը: Դրանից հետո նա պլանավորում է գործողությունների գնալ ընդդեմ ՀՀ-ի, քանի որ ՀՀ տարածքով Թուրքիայի հետ կապվելու իրենց ծրագրերը դեռ ուժի մեջ են, իրենք դրանցից բնավ չեն հրաժարվել ու աշխատում են այդ ուղղությամբ:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում ի՞նչ արձագանքի են արժանանում:

- Ի՞նչ կարող եմ ասել` ուրախ են, բայց նաեւ չեն հավատում: Նրանք եւս Փաշինյանին չեն հավատում, թեեւ նրանց տված խոստումները հիմնականում կատարել է, կարծես թե: Նրանք այդ ամենից ոգեւորվում են եւ ավելին պահանջում: Դրանով էլ խաղաղ գործընթացը մտնում է փակուղի, իսկ արդյունքում՝ մեծանում պատերազմի ռիսկը: Որքան էլ տարօրինակ հնչի՝ Փաշինյանի զիջողական քայլերը կամ «խաղաղության օրակարգը» միմիայն մեծացնում են մեր երկրի դեմ ագրեսիայի ռիսկը: Ամեն զիջված հող մեզ վրա կրակելու հարմար դիրք է Ադրբեջանի համար: