Երկրի «խայտառակ կողմը»

Երկրի «խայտառակ կողմը»

Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի գրողական երեւակայությունն ի՛նչ երկնային բարձունքներում էր, երբ գրականագիտությանը դեռ անհայտ ժանրի իր ստեղծագործության համար երկնում էր «Երկրի հակառակ կողմը» վերնագիրը։ Վստահ եմ, այդ արտահայտության խորությանը հասու չեղավ նույնիսկ «անտարեսյան» գերառաջադեմ միտքը, որն այնպես ջերմեռանդորեն (կամ ջեբ-եռանդորեն) ժամանակին գիրքը գովազդում էր։ Հուսանք, որ երբեւիցե մեկը՝ մի գրականագետ պողոս, ուսումնասիրություն կամ ատենախոսություն կգրի Նիկոլի այս երկի մասին, եւ մեզ հասու կդառնա վերնագրի անհասանելի խորությունը։

Ինքս անձամբ այն մտքին եմ, որ «Երկրի հակառակ կողմը», վերնագիր լինելուց բացի, նաեւ յուրօրինակ ծածկագիր էր՝ կոդ, որով Նիկոլը հայ ընթերցողի համար կանխաբացում էր նույն ընթերցողի հայրենիքի ապագան։ Ավելին՝ այն մտքին եմ, որ Նիկոլն ինքն էլ չէր կռահում ամբողջ այն դիվային կանխատեսությունը, որ դրված էր այդ ծածկագիր-վերնագրի մեջ։ Դրանով նա 2020 թվականի աշնան մահահոտ մղձավանջից դեռ  տարիներ առաջ, թեկուզ եւ ակամա, մեզ «բերում» էր դեպի մեր երկրի հակառակ կողմը՝ ան-երկիրության, ան-հայրենիքության, ան-երազության ու ան-հուսության  «կողմը»։ 

Եվ ահա իմ երկիրն ավեր ու ավերակ է, իմ երկիրը թշվառ ու անպատվված է, իմ երկիրը նկուն ու անապահով է։ 
Եվ մի՞թե սա իմ երազի երկրի․․․ «հակառակ կողմը» չէ։

Բայց վերադառնամ գրքին, որ գրված է հեղինակի սեփական ոճով՝ ստի ու կեղծիքի մի այնպիսի խառնուրդով, որ երբ «ըմբոշխնում» ես ամբողջ փունջը, իսկապես հայտնվում ես իրականության «հակառակ կողմում»։ 

Գրքի ծնունդը հետաքրքրական է, հար եւ նման հեղինակի կերպարին՝ խաբեությամբ լի։ Գիրքը, հրապարակախոսական հոդվածների շարքի տեսքով, նախ տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2008 թվականի մարտի 2-ին, սահմանադրական կարգի տապալման համար ծանր մեղադրանքի պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Նիկոլ Փաշինյանն անցնում է ընդհատակ։ Ոստիկանությունը փնտրում է ամենուրեք՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Դրսում փնտրելու պատճառը հետո արդեն «Երկրի հակառակ կողմը» վերնագրված հոդվածաշարն էր, որում Նիկոլը նկարագրում էր իր ճամփորդությունները երկրից երկիր։ Իրականում նա «ճամփորդում» էր՝ չհեռանալով Երեւանի ծայրամասում գտնվող առանձնատնից։

Հիմա պատկերացրեք ամբողջ այն կեղծիքը, որ բերում էր հոդվածաշարը, այն ողջ քստմնելի «մուտիլովկան», որը հունցվել էր ոստիկանությանը մոլորեցնելու համար, բայց դյուրահավատ ընթերցողի վրա ծախվում էր իբրեւ ճշմարտություն։ Պատկերացնո՞ւմ եք․ լրագրող ու խմբագիր մարդը հետեւողականորեն խաբում էր իր հազարավոր ընթերցողներին, որպեսզի 10 տարի անց այդ ամենը ներկայացնի որպես․․․ գրականություն։ Մարդը հմտացել էր ոչ միայն սուտ փախուստ, սուտ վայրեր, սուտ հանդիպումներ, սուտ մարդիկ, սուտ պատմություններ հորինելու եւ դրանք իբրեւ իրողություն մարդկանց վրա ծախելու գործում, այլեւ սեփական կյանքն ու կենսագրությունը գրով կեղծելու արվեստում։

Բայց այսքա՞ն էլ սուտ ու կեղծիք։

Ընթերցողը, անշուշտ, հետին թվով կարող է արդարացնել «արձակագիր» Ն․ Փաշինյանին, թե մարդը գրականություն էր ստեղծում եւ ըստ հարկի՝ զոռ է տվել երեւակայությանը։ Բայց հոդվածաշարի հեղինակը գրական ե՛րկ չէր արարում, ի սկզբանե ա՛յդ նպատակը չուներ, այլ մոգոնում էր հրապարակախոսական կեղծիք, որը մի նպատակ ուներ՝ ապատեղեկատվություն տարածելու, մոլորեցնելու միջոցով խուսափել պատասխանատվությունից («Ես չեմ թաքնվի, ես կհայտարարեմ իմ երթուղին․ բռնեք ինձ, եթե կարող եք»)։ 
Ակնհայտորեն՝ Նիկոլի գրողական ստախոսությունը գրական նպատակ չէ, որ հետապնդում էր, այլ՝ քրեական։

ՀԳ․ Գրքի գլուխներից մեկը կոչվում է «Հայաստանի բույրերը»՝ ծեծված-տափակ մի վերնագիր, ինչպես բուն շարադրանքը։ «Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում․․․»,- հարցնում է մեր «արձակագիրը»  դպրոցական շարադրություն գրող աշակերտի անմեղությամբ՝ չկասկածելով, որ դիվային մի զորությամբ իր հարցը հետո հնչելու է որպես համազգային ողբերգություն, համազգային ամոթ եւ համազգային խայտառակություն՝ «Ինչո՞ւ էր աշունն այսքան արյունալի, այսքան ողբերգական Հայաստանում»․․․  
Եվ ո՞վ էր մեղավորը․․․

ՀԳ 2․ Գրքի երկրորդ գլխում («Ների՛ր ինձ, որդի՛ս») հերոսի յոթ-ութ տարեկան որդին, չգիտես ինչու, հորը հարցնում է․ «Հայրիկ, դու ստահա՞կ ես»։
Ճակատագրական հարց է եղել։