Ինչ է ասում Էլչին Ամիրբեկովի ամերիկյան այցը մեզ

Ինչ է ասում Էլչին Ամիրբեկովի ամերիկյան այցը մեզ

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Միացյալ Նահանգներ է այցելել Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Այս այցը գործնականում անտեսվեց, իսկ լուսաբանումները եղան պաշտոնական հաղորդագրության մակարդակում։ Ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, այս այցն ունի կոնկրետ բացատրություն։ Ադրբեջանի դեպքում այն խիստ անձնականացած է։ 

Եթե ԱՄՆ այցելեր Իլհամ Ալիեւը, ապա այդ այցը կհայտնվեր ուշադրության կենտրոնում։ Սակայն այս այցելությունն էլ անկարեւոր չէր. «Նախ եւ առաջ վերջին շրջանում եւ փորձագետները, եւ քաղաքական գործիչները խոսում են Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սառեցման մասին։ Եւ ԱՄՆ-ն, եւ վերջինիս գլխավոր դաշնակիցներն` ի դեմս ԵՄ-ի, նախընտրում էին Ղարաբաղի ինտեգրացիայի ավելի փափուկ մոդելը, քան այն, ինչը Ադրբեջանն իրականացրեց անցյալ տարի։ Այդ ժամանակներից ի վեր, քիչ խիստ հայտարարություններ չհնչեցին երկու կողմերին էլ՝ քաղաքական Արեւմուտքից ուղղված դեպի Բաքու եւ հակառակը։ Այդ ֆոնին ակտիվացել են քննարկումները կապված Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ռազմավարական սերտացման հետ։ Ամիրբեկովը Միացյալ Նահանգներում ունեցել է մի շարք հանդիպումներ Ազգային անվտանգության խորհրդի, Պենտագոնի, Պետդեպի, Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ազդեցիկ փորձագետների եւ մեդիա գործիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Բաքվի համար բոլոր սկզբունքային հարցերը բարձրաձայնվել են։ Դրանց շարքում առանցքայինը Հայաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքումն է։ 

Ինչպես եւ Ալիեւը, Ամիրբեկովն էլ հայտարարել է, որ Հայաստանի Մայր Օրենքը պետք է բարեփոխվի։ Սա, ըստ Մարկեդոնովի, ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում դեմոկրատիայի մակարդակը բարձրանա, այլ որ Երեւանը հրաժարվի բոլոր այն թեզիսներից, որոնք կապված են ադրբեջանական մեկնաբանմամբ՝ «Մեծ Հայաստանի» գաղափարի հետ, եւ Հայաստանի նկրտումները դուրս չգան Հայկական ԽՍՀ տարածքի սահմաններից։ 
Երկրորդ. պետք է հասկանալ, որ Բաքվի համար քիչ հավանական է, որ վերջնական ընտրություն կատարի հօգուտ Ռուսաստանի՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները վերջնական սառեցնելով։ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, իսկ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, թեեւ շատ յուրահատուկ դիրքորոշմամբ։ Բաքուն եւս հետաքրքրված է Իսրայելի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդմամբ, որը նույնպես ԱՄՆ դաշնակիցն է։ Այս ուղղությամբ Բաքուն գործում է՝ շրջանցելով թուրք-իսրայելական հակասությունները։ Իսկ ընդհանուր առմամբ՝ Արեւմուտքի համար Ադրբեջանը որոշակի հետաքրքրություն ներկայացնում է՝ ոչ միայն անվտանգության եւ աշխարհաքաղաքականության տեսակետից, այլ նաեւ՝ տնտեսության եւ հատկապես՝ էներգետիկայի։ Այս ամենը հաշվի առնելով, կարելի է ասել, որ Բաքուն փորձում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահել պատշաճ մակարդակի վրա, հնարավոր էքսցեսներից խուսափելու համար։