Վերադառնա՞լ Վիեննային

Վերադառնա՞լ Վիեննային

Տավուշի ուղղությամբ մարտական գործողություններից հետո, ինչպես 2016թ. ետապրիլյան փորձագիտական դիսկուրսում, վերստին շոշափվում է «ռազմական հաջողությունները դիվանագիտորեն կապիտալիզացնելու» թեման: Ընդ որում, հատկապես շեշտադրվում է Վիեննայի օրակարգին վերադարձի անհրաժեշտությունը: Ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ գործող իշխանությանը մեղադրել է Վիեննայի օրակարգը «ջրելու» եւ այն «վերելակային պայմանավորվածություններով փոխարինելու» մեջ: Հանրությունը նման դեպքերում իրեն նեղություն չի տալիս խորանալու խնդրի էության մեջ: Նրան պետք է «թեժ թեմա»: Երբեք ոչ մեկն օրվա ընդդիմությանը, որ երեկվա իշխանությունն է, չի հարցրել, թե ինչու՞ երկու տարում՝ 2016-18 թվականներին, Վիեննայի օրակարգը կյանքի կոչելու պայմաննավորվածության այդպես էլ չի հասել: Ճիշտ նույն կերպ ոչ ոք այսօր չի հարցնում՝ իսկ արժե՞ վերադառնալ Վիեննային:

Չի հարցնում, որովհետեւ մենք սովորաբար ասում ենք կես-ճշմարտությունը, գեներացնում այն, ինչ մեզ հաճելի է: Վիեննայի դեպքում դա շփման գծում միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման առաջնահերթությունն է, որ երբեմն մատուցվում է իբրեւ  ստատուս-քվոն միջազգայնացնելու եւ Արցախի սուբյեկտությունը ճանաչելու ԱՄՆ դիվանագիտական նախաձեռնություն, որն, իբր, տապալվել է ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերով, իսկ Հայաստանը տեղի է տվել, քանի որ «չուներ  լեգիտիմ իշխանություն»: 2016-17թվականներին Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ էր, որեւէ երկիր կամ միջազգային կառույց դա կասկածի տակ չէր դնում, ինչպես նաեւ 2012-ին ձեւավորված Ազգային ժողովի օրինականությունը: Այդուհանդերձ, Վիեննայի պայմանավորվածությունները չաշխատեցին: Ինչու՞՝ պատասխանը մակերեսին է: Վիեննայից մի քանի օր անց փորձագիտական շրջանակներն արդեն գիտեին, որ շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման նախաձեռնությամբ հանդես եկած Ջոն Քերրին՝ ԱՄՆ պետքարտուղարը, հավելյալ պարզաբանում էր արել՝ դրանք անհրաժեշտ են, որպեսզի կողմերն անցնեն բուն կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների:

Իսկ թե ինչ է դա նշանակում, պետք է հասկանալի լինի նույնիսկ «հայ ոզնուն»: Վիեննայի պայմանավորվածությունները «երկսայրի սուր» են. եթե հայկական կողմին պետք է, որ ադրբեջանցիները չկրակեն, ապա միջնորդները պատրաստ են տալ համապատասխան երաշխիքներ: Բայց՝ պայմանով, որ հետեւում են բուն, առարկայական բանակցություններ: Ալիեւն, իհարկե, կարող էր վերապահում ունենալ, որ վերահսկման մեխանիզմների ներդրումից հետո հայկական կողմը կկորցնի հետագա բանակցությունների նկատմամբ հետաքրքրությունը, եւ ստատուս-քվոն կտեւի եւս անորոշ ժամանակ: Ռուսաստանն, անշուշտ, մտահոգություն կունենար, որ ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային դիտորդական խմբերի մուտքը սահմանափակում է իրավիճակի կառավարման իր հնարավորությունը: Բուն խնդիրը, սակայն, առարկայական բանակցությունների մեջ է:

Հայկական կողմը պատրա՞ստ էր դրան: Այսօր, երբ փորձագետները, մամուլի մեկնաբանները դնում են Վիեննային վերադառնալու  առաջնահերթություն, վաղը պաշտպանելու՞ են առարկայական բանակցությունները: Խնդիրը ներկայացնել այնպես, թե մենք կարող ենք շփման գծում ներդնել Ադրբեջանին զսպող մեխանիզմներ եւ համարել, որ հասել ենք  ստատուս-քվոյի միջազգայնացմանը, նշանակում է կամ չափազանց լավատես լինել(լավագույն դեպքում) կամ ունենալ հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակ(ինչը չարյաց փոքրագույնն է), կամ պարզապես ծաղրել միջնորդներին, միջազգային հանրությանը (ենթադրվող հետեւանքներով հանդերձ): Ապրիլյան քառօրյան Ադրբեջանի համար ոչ մի հարց չլուծեց: Հայկական զինուժի սխրանքի հանդեպ ամբողջ երախտագիտությամբ եւ հարգանքով հանդերձ՝ պետք է սթափ դատել եւ ընդունել, որ տավուշյան մարտերն էլ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը չհանեցին օրակարգից: Այս իրավիճակում գնալ Վիեննայի օրակարգի ակտուալացման, կնշանակի վերարծարծել առարկայական բանակցությունների թեման: Ոչ ոք չի բացում «առարկայական բանակցություններ» ձեւակերպումը: Իրականում դա նշանակում է քննարկել բուն կարգավորման որեւէ տարբերակ: Ուզում եք «Լավրովի պլան» ասեք, ուզում եք՝ «Պոմպեոյի նախագիծ»: Խոսքը «մադրիդյան սկզբունքների» կամ դրանց մոդիֆիկացիայի մասին է: Դիվանագիտության ճանապարհին այլ տարբերակ չկա: Ալիեւը կարող է նախկին արտգործնախարար Մամեդյարովին մեղադրել «կակղամորթության» մեջ, ԱԳՆ աշխատակիցներին անվանել «օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ»: Հայրենական ընդդիմությունը թող շարունակի շրջանառել «վերելակային պայմանավորվածությունների,, թեման: Դրանք ներքին օգտագործման «հաղթաթղթեր» են: Ինչպես եւ այն, երբ գործող իշխանությունը նախկիններին մեղադրում է, որ «պատրաստ էին հող հանձնել»: Իրական քաղաքական ռեժիմում հակամարտությունը դեռեւս կառավարվում է կամ, ավելի ճիշտ՝ արմատական լուծման փուլ չի մտնում, քանի որ ռուս-ամերիկյան մեծ պայմանավորվածություն չկա: Լրահոսը դեռեւս ոչինչ չի ասում, գոնե՝ վաղ առավոտվա այս ժամին՝ ԱՄՆ Կոնգրեսն ընդունե՞ց Ադրբեջանին ռազմական օգնության սահմանափակման օրենսդրական փոփոխությունը: Ստույգ է, որ հուլիսի 17-ին վերագործարկվել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, եւ նույն օրը Տավուշում հաստատվել է հարաբերական զինադադար: Ո՞վ է ռեանիմացնելու Վիեննայի օրկարգը: Իսկ մենք պատրա՞ստ ենք վերցնելու  այդ «երկսայրի սուրը»: Ամենակարեւորը՝ գիտե՞նք, թե ինչպես ենք  գործադրելու: