Աշխարհն, այո, շուռ է եկել

Աշխարհն, այո, շուռ է եկել

Արցախից եւ հարակից տարածքներից մեզ հասնող լուրերը մեր վերքերին աղ են լցնում, պատերազմի՝ դեռ չմոռացված ցավը վերակենդանացնում։ Թշնամին մեծ թափով շինարարություն է իրականացնում, տարիների տեւողությամբ ծրագրերն ամիսների ընթացքում  ավարտելով՝ օդանավակայան, ճանապարհ ու ենթակայան, իսկ մենք անգամ մի գրունտային ճանապարհ չենք կարողանում 1 տարվա ընթացքում ասֆալտապատել եւ ավարտին հասցնել, որ անվտանգ երթեւեկենք։

Փոխարենը մեր իշխանությունը շատ հմուտ է քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։ Ինչքա՜ն ջանք ու եռանդ են ծախսում ընդդիմությանը վարկաբեկելու, նրա գործողությունները սահմանափակելու, չեզոքացնելու վրա։ Ի՜նչ ջերմեռանդությամբ ու ատելությամբ են պայքարում հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների դեմ։ Ինչպե՜ս են վարչապետով-նախարարով-ԲԴԽ նախագահով ու տարբեր կցորդ ՀԿ-ներով ապօրինի քրեական գործերն արդարացնում եւ մի քանի անկախ դատավորների դեմ արշավ իրականացնում։ Գլխավորը ներքին «թշնամին» է, արտաքին թշնամիները կարող են հանգիստ լինել։ Առհասարակ, մեզանում շատ բան գլխիվայր է շրջվել։

Այսօր մարդիկ պատերազմում պարտությունն այնքան ցավոտ չեն ընկալում, ինչքան ֆուտբոլում պարտությունը։ Պատերազմի պարտության մեղավորների փնտրտուքն ավարտվել է, եւ պատերազմից հետո հարուցված քրեական գործերի ճակատագիրն այլեւս ոչ մեկին չի հետաքրքրում, փոխարենը մի ամբողջ հասարակություն վրդովված է կաշառակեր տնօրենի հետ կապված ձայնագրությունից եւ պահանջում է քառատել, ոչնչացնել նրան։ Ժամանակին կրթության չափորոշիչներից «հայ» բառի անհետացումից վրդովված հասարակությունն այլեւս չի զայրանում, երբ «Արցախի Հանրապետություն» արտահայտությունն է անհետանում մեր կյանքից։