Պետք է պատրաստ լինել, որ եթե ինչ-որ բան փոխվի՝ մարդասիրական օգնություն կազմակերպվի
Հալեպն արդեն թրքամետ խմբավորման վերահսկողության տակ էր հայտնվել, երբ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հալեպում հայկական հյուպատոսարանն ու հայ հյուպատոսը լռելյայն, գաղտագողի հեռացել են քաղաքից: Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ հյուպատոս Արա Ավետիսյանը նոյեմբերի 26-ին լիազորագրերը Սիրիայի ԱԳՆ-ից ստանալու նպատակով մեկնել էր Դամասկոս, սակայն ռազմական գործողությունների վերսկսման պատճառով չէր կարողացել վերադառնալ և հիմա շարունակում է աշխատել Դամասկոսից: Արա Ավետիսյանը հյուպատոս է նշանակվել 2024-ի սեպտեմբերի 14-ին: Թեեւ Հալեպի հայ բնակիչներն ասում էին, որ զինյալների կողմից Հալեպ մտնելուց առաջ է հյուպատոսը լքել Հալեպը եւ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը իրավիճակից ելք գտնելու համար ասված հերթական սուտն է:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով դեսպան է աշխատել Իրանում, արաբական երկրներում, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ հյուպատոսի` Հալեպից հեռանալուն, ասաց, որ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը իրեն հավանական է թվում, քանի որ նշանակված հյուպատոսը գնում է իր նշանակման երկրի ԱԳՆ՝ «նոտարով հաստատվում է», որ ինքն է իրականացնելու այս ծառայությունները և դրանից հետո միայն կարող է անցնել իր պարտականությունների կատարմանը:
Ղարիբջանյանը նշում է, որ եթե Սիրիա ներխուժած զինյալները ևս մի քանի օր կարողացան առաջ գնալ՝ մենք շատ բան կկորցնենք: Արդյոք Սիրիայի հայ համայնքը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած հարցին, դեսպանը պատասխանեց․ «Տեսեք, եթե հարյուր հազարանոց համայնքից մնացել են ընդամենը տասը հազարը, իսկ այնտեղ Բերիո թեմն էր, կաթոլիկ եկեղեցին էր, բողոքական եկեղեցին էր, այսինքն, մենք բավականին ժառանգություն ունենք, ստեղծված իրավիճակում, այդ հարցերով ժամանակին Սփյուռքի նախարարություն կար, հիմա այդ հարցերով չգիտեմ ով է զբաղվում: Երիտասարդ կա, որը տեղյակ էլ չի Հալեպն ինչ է, կամ` Սիրիան ինչ է»: Իսկ թե Հայաստանի իշխանություններն ինչ պիտի անեն Սիրիայի հայ համայնքի համար, Ղարիբջանյանը նշում է, որ Հայաստանն ինչ որ չարեց Արցախի համար, ինչ-որ բան պետք է աներ սիրիահայության, լիբանանահայության և Իսրայելի հայ համայնքի համար:
«Աշխարհը խառնվել է իրար, ինչպես միշտ հայերը տուժելու են: Մնացած հալեպահայերը երևի դուրս չեն գա՝ արդեն երեք սերունդ հաստատվել են այնտեղ, ջարդերից, կոտորածներից հետո մնացել են Հալեպում և սիրիացիները սիրիահայերին շատ լավ էին վերաբերվում, հեղինակություն ունեին և որևէ անվտանգային խնդիր չունեին: Միշտ էլ սիրիացիները լավ են վերաբերվել սիրիահայերին»,-ասաց Ղարիբջանյանը:
Տարհանումը կազմակերպն էլ անհնարին է գրեթե՝ ճանապարհները փակ են, ընդամենը մի օդանավ Բեյրութ մեկնեց ու դուրս բերեց բելառուսցիներին ու ռուսներին եւ հարցական է` այդպիսի երկրորդ օդանավ կկարողանա՞ նույն տեղում վայրէջք կատարել, թե ոչ:
«Միայն ու միայն պետք է պատրաստ լինել, որ եթե հանկարծ ինչ-որ բան փոխվի՝ մարդասիրական օգնություն կազմակերպվի, կամավորներ գնան, մենք պիտի նախապես պատրաստ լինենք»,- իր խոսքը եզրափակեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Կարծիքներ