Վարչության պետն ու եւս 2 աշխատող դիմում են գրել, հեռացել 

Վարչության պետն ու եւս 2 աշխատող դիմում են գրել, հեռացել 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 3 փորձառու աշխատակիցներ՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանն ու վարչության աշխատակից Լուիզա Ղարիբյանն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել և հեռացել նախարարությունից։ 

Բանն այն է, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխություն է կատարվել, ինչի անվան տակ սովորաբար ազատվում են հին աշխատողներից եւ աշխատանքի տեղավորում յուրայիններին։ Այս պարագայում, նախկինում գործող՝ հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների, տարեցների հիմնահարցերի և կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչությունները միավորվել են և ստեղծվել է մեկ ընդհանուր վարչություն, որը կոչվում է Հավասար իրավունքների վարչություն։ Միավորումից հետո սոցապնախարարության այս բազմափորձ աշխատողներին առաջարկվել է ավելի ցածր պաշտոն, ինչին նրանք չեն համաձայնել, դիմումներ են գրել եւ ազատվել աշխատանքից։ 

Եթե գոնե բարձր պաշտոնների համար թեկնածուներ ունենային եւ վարչության ու բաժնի պետերն արդեն նշանակված լինեին, կհասկանայինք կատարվածը։ Մինչդեռ նոր ձևավորված Հավասար իրավունքների վարչության պետի պաշտոնը թափուր է։ Եւ հավասար իրավունքներ, փաստորեն, կերտում են սկսելով անհավասար պայմաններ հաստատելուց եւ աշխատակիցների իրավունքները ոտնահարելուց։

Այսինքն՝ չունենալով համապատասխան կադրեր ու մասնագետներ, կատարում են կառուցվածքային փոփոխություններ, ղեկավարի պաշտոնը մնում է թափուր, իսկ փորձառու աշխատակիցներին առաջարկում են ոչ թե համարժեք պաշտոններ, այլ պաշտոնի իջեցում։ 

Մեզ հետ զրուցում սոցապից հաստատեցին, որ Գեղանուշ Գյունաշյանը, Արմենուհի Թանաշյանն ու Լուիզա Ղարիբյանը դիմումներ են գրել դիմումներ ու հեռացել՝ նշելով, որ պատճառը հենց կառուցվածքային փոփոխություններն են եղել․ «Պատճառը կառուցվածքային փոփոխություններից հետո իրենց առաջարկված պաշտոնների հետ իրենց անհամաձայնությունն է եղել՝ ենթադրում եմ։ Չեմ կարող ասել՝ նվազում է եղել, թե ոչ , որովհետև իրենց հետ անձամբ չեմ խոսել, իրենց դիմումները չեմ տեսել»,- ասաց նախարարի խոսնակը։ 

Պրոֆեսիոնալ կադրերի պակասի պայմաններում այս իշխանությունը, փաստորեն, չի գնահատում ոչ բարձորակ կադրերին, ոչ նրանց փորձառությունը, ոչ գիտելիքները, արդյունքում՝ բոլոր ոլորտներում ունենք հետընթաց եւ աշխատանքի ձախողում։