Ստրատեգը
«Ստրատեգ»-ը հին հունարենից թարգմանաբար նշանակում է զորավար, զորահրամանատար
Խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահը, որն առնչություն ուներ երկրի պաշտպանական խնդիրների եւ անվտանգության հետ, անհանգիստ էր։ Լրագրողների պարսը հերթական անգամ շրջապատեց այն պահին, երբ լիահույս էր, որ այս անգամ բախտը կժպտա, եւ արդեն հասանելի է աշխատասենյակի փրկարար դուռը։
Իսկ այնտեղ սպասում էր սիրելի համակարգիչը` մի քանի օր առաջ տեղադրված նոր խաղով։ Երազանքը մի քիչ ուշացավ, քանի որ համակարգչի հզորությունը բավարար չէր նման, ինչպես ասում են, «ծանր» խաղի համար։ Դիմում գրեց Ազգային ժողովի տնտեսական վարչության պետի անունով, որպեսզի, ելնելով պետական անհրաժեշտությունից, որն էր` «մարտավարական հարցերի վերլուծություններն ու առկա ու թաքնված խնդիրների վերհանումն ու վերծանումը», իր համար ձեռք բերեն լայնածավալ հնարավորություններով համակարգիչ։
Բնականաբար, խնդրանք-պահանջը հարգեցին` պատվիրելով գերհզոր, այսպես կոչված, «խաղային», ինչպես կուսակցական ընկերներից մեկն էր ափսոսանքով դիպուկ նշում` ագրեգատ, որը երեւի թե միայն խորոված չի կարող պատրաստել։ Դե, ներելի էր։ Մարդն ուտելու նկատմամբ որոշակի թուլություն ուներ։ Բայց մնացած հարցերում սատանայաքարի (օբսիդիան) պես կարծր էր ու անզիջում։
Մի խոսքով, դա այնքան էլ կարեւոր չէ։
Լրագրողները շրջապատեցին։ Բոլոր ելքերը զմռսվեցին։ Պետք է նկատեմ, որ լրագրողները նրան գուցե լրջորեն, գուցե հումորով, իսկ ամենայն հավանականությամբ՝ սեփական, լրագրողական հաղորդակցական կյանքը թեթեւացնելու նպատակով, անվանում էին ստրատեգ` հաշվի առնելով նրա ներկայիս դիրքն Ազգային ժողովում եւ չար լեզուների բամբասանքն առ այն, որ ստրատեգը երկարատեւ ու անմար ցանկություն ունի` զբաղեցնել պատմության, ներողություն` պաշտպանության նախարարի պաշտոնը, քանզի մշտապես համարել է, որ իր մարտավարական ու ռազմավարական տաղանդը երբեւիցե հավուր պատշաճի չի գնահատվել։
Այդ մականունն իրեն շատ էր դուր գալիս։ Երբ առաջին անգամ լսեց, մի փոքր լարվեց, բայց մի քանի անգամ կրկնելուց հետո հասկացավ, որ լրագրողները, միայն իրենց հատուկ հոտառությամբ, կարողացել են ըմբռնել իր էության կարեւորագույն բովանդակությունը։
Ստրատեգի կերպարն ընդհանրացնելով նշեմ, որ լրագրողներից «խույս տալը» նրա խաղի մի մասնիկն էր։ Իրականում, շատ էր սիրում այդ «հանպատրաստից» հանդիպումներն Ազգային ժողովի միջանցքներում։ Նույնիսկ, կարելի է ասել, հատուկ պատրաստվում էր։ Հնարավոր է ընթերցողը հարցնի` ինչպե՞ս։ Բացահայտեմ մի փոքր գաղտնիք։
Ստրատեգն իր առանձնասենյակում, որին սիրով տվել էր «բունկեր» անվանումը, տեղադրել էր մի մարդաբոյ հայելի։ Համակարգչով նայում էր լրագրողների հետ իր նախկին հարցազրույցներն ու նշումներ էր անում։ Նշումները վերաբերում էին ոչ միայն նախադասությունների կազմավորմանն ու շարահյուսությանը, որը նա անընդհատ հղկում էր (հանուն արդարության պետք է նշեմ, որ, ի տարբերություն բազմաքանակ ազգընտիրների, խոսքը նրա ներկայանալի հատկանիշներից էր), այլեւ, որ ոչ պակաս կարեւոր էր, աշխատում էր ժեստերի եւ միմիկայի արդյունավետության բարձրացման վրա։
Լրագրողների հետ ամեն մի նոր հանդիպման հետագա դիտումն ապացուցում էր մեթոդի արդյունավետությունը։ Իհարկե, կատարելությունը սահմաններ չի ճանաչում, բայց առաջընթացն ակնհայտ էր։
Լրագրողները սկսեցին իրենց կանխատեսելի հարցերը։ Նմանատիպ հարցերի դեպքում նա այնքան արհեստավարժ էր, որ պատասխանում էր, կարելի է ասել, առանց մտածելու` ավտոմատ կերպով։ Տհաճ, անսպասելի հարցերն ունեին պատասխանի իրենց ոճը, որն էր` թվացյալ կոպիտ, բայց երբեք չխախտելով պատշաճության սահմանները` հայրական կշտամբանքով համեմված նկատողությունը։
Հիմնականում հարցնում էին, թե ուր են ձեր գովերգած պաշտպանական կառույցները, խրամատները, բունկերները։ Ինչո՞ւ ոչ ոք եւ ոչ մի տեղ չի տեսնում ձեր ամրաշինական աշխատանքների արդյունքներն ու ընթացքը։
Ի՞նչ պատասխաներ այդ դեղնակտուցներին։ Հո չէ՞ր կարող ասել, որ ժամանակակից զինատեսակների առկայության պայմաններում, երբ անօդաչու թռչող սարքերը երամների նման կարող են արեւի լույսը ծածկել, երբ ինքնակառավարվող ծանր ռումբերը կարող են օդ բարձրացնել ու փոշիացնել ամենամեծ խորություն ունեցող բետոնածածկ կառույցները, բոլոր այդ պաշտպանական միջոցների վրա բյուջեի սուղ գումարները ծախսելն անիմաստ է։
Այդ թեմայով բազմաթիվ զրույցներ էր ունեցել համակարգչային խաղերի իր ընկերոջ հետ, որի համացանցային Նիկն էր` «հաղթում ենք», եւ որին ստրատեգը համարում էր ռազմական տեսության հայկական Ֆոն Կլաուզեւիցը (Կարլ Ֆոն Կլաուզեւից՝ 1780-1831թթ., պրուսական հայտնի զորավար եւ ռազմական գիտության հայտնի տեսաբան, պատմաբան)։
Ասում էին, որ «հաղթում ենք»-ն արդեն մի քանի հաստափոր ռազմական տեսության մասին գրքերի հեղինակ էր, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ։ Իրենց տանդեմի դեւիզն էր Ֆոն Կլաուզեւիցի հայտնի ասույթներից մեկը․ «Ռազմավարությունն արվեստ է, իսկ մարտավարությունը` գիտություն»:
Ստրատեգն իրեն տեսնում էր ռազմավարի դերում, իսկ «հաղթում ենք»-ին` մարտավարի։
Բնականաբար, լրագրողների հարցին տրվում էր պատասխան, որ այդ ամենն իրագործվում է խիստ գաղտնիության պայմաններում, եւ նրանց անհագուրդ հետաքրքրասիրությունը խոսում է այն մասին, թե որքան ճիշտ են կազմակերպված հակահետախուզական աշխատանքները, որ ոչ միայն հակառակորդը, այլ նաեւ յուրայինը չի կարողանում տեղայնացնել խիստ գաղտնի, ռեժիմային օբյեկտները։
Այդ ամենն ասվում էր մի փոքր կշտամբողական տոնայնությամբ` խիստ, բայց արդարացի ուսուցչի տեսքով։ Տեսնելով, որ հարցերը կրկնվում են, ստրատեգը, նկատելով լրագրողական շարքերում առաջացած փոքր բացվածքը, վճռական, բայց էլեգանտ ճեղքումով նետվեց դեպի «բունկերի» դռան բռնիչը։
Սկզբում հայելու առջեւ մի քանի շարժումների տարբեր նրբություններ ստուգեց եւ հղկեց։ Հասկանալով, որ արդյունքները գոհացուցիչ են, ընկղմվեց իր խորունկ բազկաթոռի մեջ ու սուզվեց «Ստրատեգիա» խաղի հրաշք աշխարհը։ Համակարգիչը խաղն սկսելուց առաջ նրան ցուցադրեց խոշոր տառերով հավաքած տեքստ-դեւիզը. «Հրետանին պատերազմի աստվածն է»:
Աներեւույթ «հաղթում ենք» նիկը մի քանի վայրկյանից արձագանքեց «ստրատեգ» նիկին։
Ստրատեգը նախեւառաջ զբաղվեց ամրաշինական աշխատանքներով` մի լավ ամրապնդելով սեփական դիրքերը, որից հետո նետվեց առաջ։
Ու սկսվեեեց։ Մի թոզ ու դուման, մի ծուխ ու մուխ, մի կրակ ու բոց, մի աղմուկ ու դղրդոց...
Հաուբիցները կրակում են, տանկերը մի թռիչքով հաղթահարում են խրամատներն ու ջրային արգելքները։ «Հաղթում ենք»-ը մարտի դաշտ է նետել ձեռքի տակ գտնվող ամեն տեսակի թռչող համակարգեր` ինքնաթիռների հարուստ տեսականի, անօդաչու սարքերի ահռելի արսենալ, ուղեկցող ուղղաթիռներ։ Ցամաքից աշխատում են «ստրատեգ» նիկի հակաօդային պաշտպանության «Ակաշ» հնդկական արտադրության զենիթահրթիռային համակարգերը։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Նույնիսկ Արմագեդոնի ահասարսուռ պատկերներն են խամրում նման տեսարանի համայնապատկերի ֆոնին։
«Հաղթում ենք»-ը օդը ողողեց նորանոր թռչող սարքերով։ «Ստրատեգի» ֆրանսիական արտադրության GM 200 ռադիոտեղորոշիչ ռադարներն ինֆորմացիան հաղորդում են «Միստրալների» անձնակազմերին, որոնք էլ տասնյակներով «չրթում» են (իմա՝ ոչնչացնում) նրանց։
Դուռը թեթեւ ճռռաց։ Ստրատեգի ենթագիտակցության միջից դուրս լողաց թաքնված ինֆորմացիան, որ տնտեսական վարչության Ռաֆոյին նորից մոռացել է ասել դռան ծխնիները յուղելու մասին։ Սկզբում երեւաց մի փոր, հետո ներս լողացին մարմնի մյուս բարեմասնությունները։ «Փորի» հետեւից վեր էր հառնում ստորակետ հիշեցնող մյուս «կոլեգան»։ Եկել էին ավանդական` կոլեգիալ սուրճը վայելելու։ Տեսնելով, թե ինչ կարեւոր, մասնագիտական տքնանքի մեջ է ստրատեգը, որոշեցին չխանգարել եւ լուռ, նույն փորաստորակետային դիրքով շարվեցին բազկաթոռի հետնամասում ու հետաքրքրությամբ խորացան վիրտուալ իրականության մեջ։
Մի որոշ ժամանակ անց «ստորակետը» չդիմացավ.
- Հլամ լսի, այ ստրատեգ ջան։ Էդ որ մենակ կրակում ես ու առաջ ես գընըմ, ախար թիկունքի մասին մտածել ե՞ս։ Առանց արկ, առանց «աբմունդիրովանի» (այստեղ որոշեց ցույց տալ հայ դասական գրականության իր խոր իմացությունը) ո՞ւր ես գնում, Գիքոր ջան։
- Դու գնա, քո մայկա ու էն մի բանով զբաղվի, հա՞,- վերջապես խոսեց ստրատեգը,- քոնը տիլն ա (ռուսերենից թարգմանաբար նշանակում է թիկունք)։
- Տիլի, տիլի տեստո,
Ժենիխ ի նեւեստա։
Մեծ փորի կրողը որոշեց նույնպես մասնակցել ինտելեկտուալ զրույցին.
- Էս ղալմաղալի մեջ սննդի հարցը նույնպես անտեսել ես։ Սոված փորով կռվել կլինի՞:
Թիկունքի մասնագետը, որն արտաքին պարզունակության տակ խնամքով թաքցնում էր կենցաղային խորամանկությունն ու ինտրիգների նկատմամբ սերը, անցավ, ինչպես միշտ, ուժեղի կողմը.
- Սնունդ։ Չէ մի չէ` կլուբնիկ։
Ստրատեգը, հասկանալով, որ խաղն անդառնալիորեն փչացված է, հոգոց հանելով ետ ընկավ բազկաթոռին.
- Դե որ խոսք գնաց ելակից, մի հին պատմություն պատմեմ, որպեսզի զգույշ օգտագործեք էդ բառը։ 1989 թվականին Ուզբեկստանում, ազգայնական հողի վրա, սկսվեցին թուրք-մցխեթցիների ջարդերը։ Հանրապետության այն ժամանակվա ղեկավար Ռաֆիկ Նիշանովը, որը նաեւ Սովետական Միության Գերագույն խորհրդի նախագահության անդամ էր, սույն դեպքերը բացատրում էր սովորական կենցաղային հենքով, որն էր` շուկայում ելակի գնի շուրջ առաջացած տարաձայնությունները, որոնք էլ հանգեցրել էին ցեղասպանական գործողությունների։
Էնպես որ,- խոսքն ավարտեց ստրատեգը,- էդ կլուբնիկի հետ գործ չունեք, շատ մուխաննաթ (կասկածելի, վտանգավոր) միրգ ա։ Թե՞ բանջարեղեն ա։ Լավ, էդ կարեւոր չի։ Զինվորին ուղարկեք անշառ բաներ` կարտոֆիլ, կաղամբ, կլուբ.... Չէ, վերջինը վերջնականապես ջնջեցինք։ Լավ։ Էսօր շատ աշխատեցինք։ Անցնենք մեր ավանդական սուրճին։
- Բա մեզ ե՞րբ էս էքսկուրսիա տանելու քո էդ գաղտնի ամրաշինական օբյեկտները` խրամատ ա, բունկեռ ա, ԴՕՏ ա, ԴԶՕՏ ա,- մի փոքր, բանաստեղծական քառյակից նեղացած, «կծեց» «ստորակետը»:
- Երբ որ երբը գա,- ծիծաղեց ստրատեգը,- հը, ոնց որ մի քիչ նեղացա՞ր։
Հետո սեղմեց սեղանին դրված սելեկտորային կապի հատուկ կոճակը։- Վարդուշ մորքուր, խնդրում եմ երեք հատ սուրճ՝ իր քաղցրով, մրգով-բանով, իմ առանձնասենյակ։
- Տո ես քեզ ի՞նչ մորքուր, այ քոփակ (ծեր, անզոր),- իր մեջ ջահելավարի ուսերը ցոնցրտելով՝ նեղսրտեց Վարդուշ մորքուրն ու ջազվեն հարմարեցրեց ավազի մեջ։
Ստրատեգը պահարանից հանեց «Ախթամար» կոնյակի շիշն ու երեք բաժակ.
- Կարծում եմ՝ մի փոքր անոթալայնիչը չի խանգարի,- լցնելով բաժակները` դիմեց «կոլեգաներին»:
- Առաջարկըմ եմ մեր օտարության միջի ախպերների համար,- հուզված խոսեց «ստորակետը»:
- Պլենների՞,- զարմացավ «փորը»:
- Չէ, այ ախպեր,- ունքերը խոժոռեց «ստորակետը»։- Մեր ֆուտբոլասերների համար։ Բա Գերմանիան օտարություն չի, ի՞նչ ա։
- Ինչպես միշտ, տրամաբանությունդ երկաթյա է,- բաժակը բարձրացրեց ստրատեգն ու մի շնչով դատարկեց։
Աշոտ Նազարյան
Կարծիքներ