2015-ի դեպքերից դասեր քաղածներն ու դասեր չքաղածները

2015-ի դեպքերից դասեր քաղածներն ու դասեր չքաղածները

Վերջին իրադարձությունները շատերի մոտ դեժավյուի զգացողություն առաջացրին։ Բոլորն ակամայից հիշեցին 2015 թվականի հայտնի դեպքերը, երբ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտված Ծառուկյանի դեմ հանեցին իշխանական ողջ մեքենան, ստիպեցին հրաժարվել կուսակցությունից, դուրս գալ քաղաքականությունից, ապա «նորացված» ԲՀԿ-ն արդեն միացավ իշխանական կառքին եւ անցկացրեց սահմանադրական փոփոխությունները՝ երկիրը տանելով դեպի անդունդ։ Գագիկ Ծառուկյանին շատերը քաղաքական գործիչ չեն համարում, նրա գրագիտության եւ բարոյական նկարագրի հետ կապված էլ վերապահումներ ունեն, բայց կյանքը ցույց տվեց, որ նա տարբեր իրավիճակներում ավելի լավ է կողմնորոշվում, քան շատ քաղաքական գործիչներ։ Նախ, իր հետեւից գնացողների անխախտ բանակ ունի եւ անգամ իշխանական կոալիցիա մտնել-դուրս գալու պահն է ճիշտ որոշում։ Իսկ Սահմանադրության հանդեպ նրա մերժողական վերաբերմունքը, հաստատ կարող ենք ասել՝ 2015-ին արդարացված էր։ Դա այն դեպքն էր, երբ «Սերժը սխալ էր, Գագիկը՝ ճիշտ», եւ երկրի համար շատ ավելի լավ կլիներ, եթե հանրաքվեն չանցներ, եւ մենք ունենայինք հին համակարգը՝ նոր նախագահի հետ զուգակցված, այլ ոչ թե այս ցնցումների ու հեղափոխությունների անորոշության փուլում հայտնվեինք՝ էլ ավելի անորոշ հեռանկարով։

Սակայն կրկին անդրադառնալով 2015-ի դեպքերին՝ պետք է արձանագրենք, որ այն շատ ուսանելի դաս եղավ դրա մասնակիցների համար։ Ուսանելի էր Հանրապետականի եւ նրա առաջնորդի համար, որն ընդամենը 2 տարի անց հասկացավ, որ ԲՀԿ-ին ու Ծառուկյանին պետք է ոչ թե ոչնչացնել, վարկաբեկել, «բամփել» ու հեռացնել քաղաքական ասպարեզից, այլ նրա հետ «ընկերություն» անել, եւ նրան կրկին վերադարձրեց քաղաքական դաշտ։ Եթե մի անձ դերակատարում ունի քո երկրի կյանքում, եւ համախոհների 20-30 տոկոսանոց կայուն բանակ է գնում նրա ետեւից, որքան էլ դու նրան մերժես ու գաղափարազուրկ համարես, չես կարող անտեսել։ Դա կնշանակի անտեսել քո ազգաբնակչության 30 տոկոսին։ Դա հասկանալու համար Սերժ Սարգսյանից ընդամենը 2 տարի պահանջվեց։

Այդ դեպքերը դաս եղան նաեւ 2015-ի մարտին խիստ ոգեւորված ՀՀԿ-ականների համար, որոնք Ծառուկյանի մականունն էին բարձրաձայնում, անզուսպ «քլնգում» նրան։ Սրանք էլ հասկացան, որ առաջնորդները կկռվեն-կհաշտվեն, արանքում իրենք են «վատամարդ» դառնալու։ Դա վերաբերում է հատկապես Արմեն Աշոտյանին, որն անդառնալիորեն փչացրեց հարաբերությունները Ծառուկյանի հետ եւ հետագայում, երբ կոտրված ոտքն էր երկար ժամանակ բուժում, թերեւս գիտակցեց, որ «պապից ավելի կաթոլիկ լինել պետք չէ»։ Այսինքն, 15-ի իրադարձություններից դասեր քաղեցին նաեւ ՀՀԿ երկրորդ էշելոնի ներկայացուցիչները։ Անգամ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն ու 15-ի մարտից հետո ԲՀԿ նախագահ դարձած Նաիրա Զոհրաբյանը, կարծում եմ, իրենց սխալներից դասեր են քաղել ու հետեւություններ արել։

Այդ դեպքերից դասեր քաղեց նաեւ Գագիկ Ծառուկյանը։ Ճիշտ է՝ նա բոլոր առիթներով ասում է, որ եթե չնահանջեի՝ արյունահեղություն էր լինելու, 700 մարդ էր իշխանությունը կալանավորել, շրջափակել էին Առինջը, ինքն այլ ելք չուներ, քան «զադնի դնելն էր», բայց տարիներ անց կարծես թե գիտակցել է, որ քաղաքականություն մտած մարդն իրավունք չունի նահանջել, վախենալ, զգուշանալ։ Երեկվա հայտարարությունը՝ «անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», 2015-ին քաղած դասերի հետեւանքն է։ Ակնհայտ է, որ նա գիտակցել է՝ չի կարելի նահանջել, երբ դիմացդ իշխանությունն է։ Անգամ բերդ գնալու հեռանկարն աչքիդ առաջ, պետք է պայքարես, որովհետեւ հենց զգացին քո վախը, թուլությունը, չեն խղճալու, տրորելու են մինչեւ վերջ։ Առհասարակ՝ իշխանությունը եւ հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, միայն ուժի առաջ են նահանջում։

2015 թվականի դեպքերից միակ դասեր չքաղած մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ դա այն պատճառով, որ նա այդ դեպքերի անմիջական մասնակիցը չի եղել։ Նա կողքից է դատում այդ դեպքերի մասին։ Ֆորմալ՝ Սերժ Սարգսյանը հարձակվեց ու հաղթեց, Ծառուկյանը նահանջեց ու զիջեց։ Մտածում է՝ ինչո՞ւ չկրկնել 15-ի փորձը։ Բայց այս պահին ո՛չ ինքն է Սերժ Սարգսյան, ո՛չ Ծառուկյանն է նախկին Ծառուկյանը։ Առավել եւս դեմոկրատական լոզունգներով եւ բողոքի զանգվածային ակցիաներով իշխանության եկած Փաշինյանի դրությունը շատ խոցելի է, եւ իր իսկ կիրառած զենքերը կամաց իր դեմ են դուրս գալիս։ Ու իր դեմ դժգոհության աճի ֆոնին Ծառուկյանի 20-30 տոկոսանոց ընտրազանգվածին արհամարհելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։