Ժողովրդի մեծագույն վստահությունն ունեցողը

Կոնկրետ մի հարցում ինձ թույլ տամ չհամաձայնել Բագրատ սրբազանի հետ: Միջազգային հանրություն կոչված անդեմ ու անսեռ գոյակցությունը չի պատրաստվում դատապարտել հունիսի 12-ի ոստիկանական վայրագությունը: Այդ առումով կարելի է հիշել ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին վերագրվող՝«Սամոսան գուցեև շան թուլա է, բայց նա մեր շան թուլան է» դատողությունը: Շուրջ 100 տարի է անցել այն օրերից, երբ կյանքը նման դատողություն էր գեներացնում: Ու դժվար կլիներ ակնկալելը, որ այդքան ժամանակ անց աշխարհում կգտնվի պետության մի այնպիսի ղեկավար, որի կապակցությամբ այն կրկին կթարմացվի: Բայց ճակատագրի բերումով դա վերաբերում է հենց մեզ, ու մենք չենք կարող կռիվ տալ դրա դեմ: Չենք կարող, քանի որ ստիպված ենք առնչվել նույն այդ գոյակցության հետ: Քանի որ երբեմնի «դուխով փրկչի» շնորհիվ մենք այսօր ի վիճակի չենք ինքնուրույն պաշտպանելու մեր կյանքն ու ունեցվածքը: Ու որքան էլ համաձայն չլինեմ՝ ստիպված եմ ընդունել մեզ թելադրված խաղի պայմանները:
Բայց միաժամանակ կարող ենք որոշակի փոփոխություններ մտցնել վերը նշված դատողության առումով վերաբերմունքի մեջ: Դրա համար անհրաժեշտ է միջազգային հանրություն կոչվածին անընդհատ «ռմբահարել» այն գաղափարով, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի մերձակայքում լուսաձայնային և բեկորային նռնակների գործադրմամբ Հայաստանում մահացել է նիկոլական «ժողովրդավարությունը»: Այն, որ տարածաշրջանային «բաստիոն» էր և կամ «փայլուն աստղ»: Ինչն արձանագրվեց նաև հունիսի 18-ի՝ Բագրատ սրբազանի մամուլի ասուլիսում: Կարծում եմ, որ դա պետք է լինի «Սրբազան պայքարի» հիմնական մեսիջը թե՛ մեր հասարակությանը և թե՛ միջազգային հանրությանը:
Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ այդ մեսիջը տեղ կհասնի, և այսօր Նիկոլին թիկունք կանգնած արևմտյան ղեկավարությունը ստիպված կլինի փոփոխություններ մտցնել նրա նկատմամբ իր վերաբերմունքում: Եթե, իհարկե, մինչ այդ «Սրբազան շարժումը» չհասցնի վարչապետի պաշտոնից կառչած՝ պարտության խորհրդանիշ անձին ազատել սուտ խոսելու և մանիպուլյացիաների դիմելու պարտականությունից:
Ասեմ, որ ի տարբերություն Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Արևմուտքը կարող է հրաժարվել Փաշինյանի ծառայություններից՝ նրան փոխարինելով մեկ ուրիշով: Թեկուզ միայն այն պատճառով, որ ի տարբերություն Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինայի՝ Հայաստանը ձգձգում է ՌԴ-ի նկատմամբ արմատական քայլերի դիմելու գործընթացը: Օրինակ՝ խնդիրներ ստեղծելով ՀԱՊԿ-ի առումով՝ չի հայտարարում այդ կառույցից դուրս գալու մասին: Ընդհանրապես մտադրություն չի ցուցաբերում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Եվ չնայած արևմտյան պատժամիջոցներին՝ շարունակում է միջնորդի իր դերակատարումը ՌԴ առաքվող կրկնակի նշանակության ապրանքների համար: Էլ չեմ ասում, որ Ուկրաինայի հետ շփումներ իրականացնելով ու մասնակցելով այդ երկրի առաջադրած «խաղաղության բանաձևի» վերաբերյալ «վեհաժողովին»՝ հրաժարվում է եզրափակիչ արձանագրությունը ստորագրելուց: Չմոռանամ ասել՝ ընդամենը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ իր բացասական վերաբերմունքն է արտահայտում: Ինչը շատ թույլ քայլ էր հակառուսականության տեսակետից:
Ի դեպ, Նիկոլին չի կարող փրկել նույնիսկ այն հանգամանքը, որ ինքն, ինչպես ԱԺ նախագահն է բնորոշել, ունի «ժողովրդի մեծագույն վստահությունը»: Չնայած իրականում պատկերը լրիվ այլ է. նրա վարկանիշն ընդամենը կազմում է 8 տոկոս: Նման ցածր վարկանիշ ունեցող, պարտության խորհրդանիշ անձը չի կարող ունենալ «ժողովրդի մեծագույն վստահությունը»:
Կարծիքներ