Այդ չափորոշիչները մեր դժնի, բարդ պայմաններին չեն համապատասխանում

Այդ չափորոշիչները մեր դժնի, բարդ պայմաններին չեն համապատասխանում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգի մասին» նախագիծը, որի վերաբերյալ այս ընթացքում տարաբնույթ կարծիքներ են հնչում։

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը կարծում է, որ հանրակրթության չափորոշիչները, անշուշտ, ունեն համարձակ եւ մեծ նպատակներ․ «Այսինքն՝ այնպիսի քաղաքացու ձեւավորում, որը լավ գիտե վերլուծել, համադրել, զուգադրել, առանձին փաստերից գնալ դեպի ընդհանուրը, ընդհանուրից՝ դեպի մասնավորը, կարող է վճռական դիրքորոշումներ ցուցաբերել։ Մի խոսքով, կարող ենք արձանագրել, որ բարի եւ առաքինի նշաձող է դրված, բայց միայն բարի, մեծ եւ հանդուգն ցանկությունները չեն կարող կրթության ոլորտում շատ արդյունավետ լինել։ Կրթությունը պահպանողական ոլորտ է, եւ կտրուկ քայլերի ձեռնարկումը՝ առանց համապատասխան հիմքերի, մեթոդների, գործիքակազմի, դասավանդողի, դպրոցի, դասարանի, կարող է պարզապես հանգեցնել անիրագործելի նպատակների եւ իրականության ձեւավորման։ Բազմիցս նշվեց, որ ֆինանսական մեծ միջոցներ են դրվելու այս չափորոշիչների հենքում, որպեսզի դրանց համապատասխանող աշակերտ ստանան, բայց չափազանց կարեւոր է, որ այդ չափորոշիչներից բխող գիտելիք տվող ուսուցչներ եւս ձեւավորվեն։ Այսինքն՝ անհրաժեշտ են․ 1-ինը՝ ուսուցիչներ, 2-րդը՝ համապատասխան դպրոց՝ իր բոլոր հնարավորություններով, եւ 3-րդը՝ սերունդ, որը պատրաստ է իրենց հրամցված մեծ նպատակները համատեղ իրագործելու։ Հիմա ակնհայտ է, որ մենք չունենք այսպիսի դպրոցներ, հատկապես բուհերի մանկավարժական հատվածը չի պատրաստում այդպիսի ուսուցիչներ»։

Ըստ Դիլբարյանի, նախագծում առկա որոշակի արհեստական հակադրություն կա գիտելիքի եւ կարողության միջեւ․ «Կարողությունների արժեքը չափազանցվում, բարձրացվում է։ Մինչդեռ գիտելիքից կտրված կարողություններ ընդհանրապես չկան, եւ եթե չկա գիտելիք, կարողություն էլ չի ձեւավորվում։ Եվ ուսուցչի նպատակը ոչ թե ինչ-որ փորձառություն, հմտություններ ձեւավորելն է, այլ իրական գիտելիք տալը, իսկ այդ գիտելիքից արդեն բխում է համարժեք փորձառությունների եւ հմտությունների ձեւավորումը։ Այսինքն, որոշակի արհեստական հակադրություն՝ ի վնաս գիտելիքի, նկատվում է այդտեղ։ Հետո՝ մենք գիտենք նաեւ, թե ուսուցիչները Հայաստանում ինչքան են վարձատրվում, որը 100 հազարի մերձակայքում միջին աշխատավարձ է։ Այդպիսի աշխատավարձի պարագայում ուսուցչին ասել՝ օ՜, համարձակ, քո առաջ գիտելիքների եւ հմտությունների օվկիանոսն է, եւ դու պետք է կտրես այն՝ սովորելով լողի տարբեր ձեւեր, ունենալով համապատասխան նավեր, նավակներ ու մակույկներ, դա իրատեսական չէ, ավելին՝ այդպիսի աշխատավարձով մենք ստանում ենք դեռ ավելի լավ կրթական համակարգ»։

Ի պատասխան նախարարության հավաստիացումների, որ այս երկու տարում բոլոր ուսուցիչները կվերապատրաստվեն, Նարինե Դիլբարյանը նախեւառաջ հետաքրքրվում է, թե ովքեր են վերապատրաստողները․ «Մենք ունե՞նք այդպիսի համապատասխան՝ նաեւ իրար հետ մրցակցող հաստատություններ, որոնք այդ չափորոշիչներին համապատասխան աշակերտ են ձեւավորում, ես, անկեղծ ասած, չեմ տեսնում։ Վերջին շրջանում այդ վերապատրաստման գործընթացը բավականին հերթապահ բնույթ էր կրում, եւ ո՛չ վերապատրաստմանն էր համարժեք գիտելիքներ տրվում եւ ո՛չ էլ վերապատրաստվողներն էին իրենցից շատ գոհ լինում։ Երբ համաշխարհային բանկը սկսեց այդ ծրագիրը մեր կառավարության հետ, այդ վերապատրաստումը բավականին լուրջ արդյունքներ գրանցեց, բայց հետո, ինչպես միշտ, երբ մեր պետությունը պետք է միանար այդ գործընթացին, որոշակի դանդաղեցում նկատվեց, եւ ես կասեի՝ անգամ լճացում։ Հետեւաբար, մենք չունենք նաեւ վերապատրաստողների մեծ վստահություն ներշնչող եւ մրցակցային ընկերություններ։ Ուսուցիչն էլ չի պատկերացնում, թե ինչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է իր ուսերին ընկնելու, որտեղ ինքը ինչ է սովորելու, որպեսզի հետո նաեւ սովորեցնի»։

Դիլբարյանի կարծիքով, պետք է բոլոր դասագրքերը փոխվեն․ «Քանի որ այս ծրագիրն ուժի մեջ է մտնելու 2021-22 ուստարում, ապա հարց է առաջանում՝ մենք ինչպե՞ս ենք հասցնելու, մրցույթները դեռ հայտարարված չեն, դասագրքերը կարող են կիսատ մնալ, իսկ եթե չկա համապատասխան դասագիրք, ապա ուսուցումը տուժում է, չափորոշիչները վերստին դառնում են անիրական»։

Ինչ վերաբերում է ուսուցիչներին տրվող անսահման ստեղծագործական ազատություններին, ապա, ըստ նրա, մարդը նաեւ այդ ազատությանը սովոր պետք է լինի․ «Ազատությունից դեպի անարխիա, քաոս՝ շատ փոքր մի քայլ է։ Կրթության մեջ ազատությունները, անշուշտ, պետք է լինեն, բայց պետք է լինի համակարգ, որը պարտադրում է այն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք պարտադիր են, եւ որոնցից շեղում լինել չի կարող։ Ազատությունը դրանից բարձրին ձգտելու մեջ է, այսինքն՝ թույլ տալ աշակերտին ունենալ օժանդակ գրականություն, ուսուցիչներին եւս՝ հենց բուն դասագրքերում։ Չափորոշիչները չպետք է միտված լինեն դեպի թռիչքային, շնորհատուր անհատները, որոնք լինում են բոլոր սերունդների մեջ, բայց որոնք սահմանափակ են։ Մեր խնդիրը միջին որակական, ամուր գիտելիքներ ունեցող շրջանավարտի ստեղծումն է։ Այսինքն՝ որպես ելակետ չպետք է վերցնենք գերբարձր ընդունակություններ ունեցող մարդկանց, այլ՝ միջին ընդունակություններ ունեցող մարդկանց»,- ասում է նա ու նկատում, որ եթե սա հաշվի չառնենք, ապա չափորոշիչները կմնան թղթի վրա․ «Ունենալ լավ չափորոշիչ՝ դա մի խնդիր է, բայց շատ կարեւոր է ունենալ իրատեսական չափորոշիչ՝ հիմնված հայկական իրականության վրա՝ մեր ուսուցիչների, վերապատրաստողների մակարդակի վրա»։

Նա ընդգծում է՝ գիտության մեջ զարգացումը թռիչքաձեւ չէ, այլ՝ հեղափոխական, «այսինքն, գնում է էվոլյուցիոն ճանապարհով, ուստի կարելի էր որոշ փուլ հետո դնել այդ նպատակները, բայց հիմա մենք շատ լուրջ վտանգի առջեւ ենք, եւ խնդիրն անգամ այդ 4 մլրդ-ից ավել գումարը չէ, որի մասին խոսվում է, իմ համոզմամբ, այդ չափորոշիչներին իսկապես համապատասխանող գործիքակազմ ստեղծելու համար ավելին կպահանջվի։ Բայց կարեւորը ոչ միայն գումարն է, այլ նաեւ ժամանակը, երբ ենք պատրաստելու այդ ուսուցիչներին, եւ արդյոք եղածները պատրա՞ստ են»,- ասում է նա ու նշում, որ ոգու կրթությանն այս նախագծում քիչ տեղ է տրված․ «Գրված է, որ վերլուծող, բոլոր հմտություններին տիրապետող, համադրող, վճռական  դիրքորոշում ունեցող շրջանավարտ ենք ստանալու, բայց այդ դիրքորոշումը ձեւավորելու համար երեխային պետք է ոգի տալ։ Եվ վերջին իրադարձությունները սահմանին ցույց տվեցին ոգու չափազանց կարեւոր լինելը, իսկ ոգին կոնկրետ ծրագրեր չեն, դրանք համապատասխան առարկաներ են, եւ դրանք հայրենագիտությանը եւ հայոց պատմությանը վերաբերող առարկաներ են։ Դու պիտի կարողանաս քո պատմությունը չվերածել բարդ ժամանակագրության, այլ կարողանաս գտնել այն կետերը, որտեղ քո ժողովուրդը մի ծաղկով գարուն է բերել, հավատ ներշնչել, որովհետեւ մեր խնդիրն իր ուժերին հավատացող հայ շրջանավարտի ձեւավորումն է»։

Դիլբարյանն անդրադարձավ նաեւ դպրոցներում «Ռազմագիտություն» առարկային․ «Ռազմագիտությունը դուրս եկավ իբրեւ առանձին բաղադրիչ եւ ներառվել է մի բաղադրիչի մեջ, որտեղ ե՛ւ ֆիզիկական դաստիարակությունն է, ե՛ւ հանրային անվտանգությունը։ Ես կարծում եմ, որ դա գուցե դարձյալ բարի մտադրություններից է ծնվել, բայց էլի իրատեսական չէ։ Ռազմագիտությունն իր կարողունակությունն ապացուցել էր, եւ մեր ապագա քաղաքացիներին պետք է սովորեցնենք հայոց ռազմարվեստի եւ, ընդհանրապես՝ ռազմագիտության հիմունքները, որպեսզի ունենանք իսկապես պաշտպանված քաղաքացի, որը գիտե, թե որտեղ է ապաստարանը, ինչպես պետք է պաշտպանվել անսպասելի հրետակոծությունից։ Եվ դա ճիշտ է, որովհետեւ կյանքն այդպիսին է։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ չափորոշիչները մեր տեղական դժնի, բարդ պայմաններին չեն համապատասխանում։ Անշուշտ, դրանց մեջ դրված են բարի նպատակներ, բայց ամեն բարի բան չէ, որ բերում է երկիր դրախտավայր։ Փորձված թանն իր ՕԳԳ-ով շատ ավելի բարձր է, քան անփորձ մածունը, որը չգիտես ինչի կարող է հանգեցնել, ուստի այդ չափորոշիչները պետք է մերձեցնել մեր իրականությանը, այդ թվում՝ ռազմաքաղաքական իրականությանը»։