Ուրիխանյանը որոշումը կայացրել է

Ուրիխանյանը որոշումը կայացրել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունների բարի կամքի դրսևորման արդյունքում իշխող ՔՊ-ն կարողացավ մայրաքաղաքի քաղաքապետ կարգել Տիգրան Ավինյանին: «Հանրային ձայն» կուսակցության երկրորդ համարը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ արդեն հրաժարվել է իր մանդատից և չի պատրաստվում գնալ քաղաքապետարան: Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր նպատակը բացառապես իշխանափոխությունն էր, ինչը չստացվեց:

- Պարոն Ուրիխանյան, հստակեցրի՞ք` վերցնո՞ւմ եք ավագանու անդամի մանդատը, թե՞ ոչ:

- Նոտարական վավերացմամբ դիմում եմ ներկայացրել` մանդատից հրաժարվելու վերաբերյալ:

- Ինչո՞ւ այդպես որոշեցիք, տեղյա՞կ եք, ո՞վ է Ձեր փոխարեն մանդատը վերացնելու:

- Ոչ մի տեղեկություն չունեմ: Ի սկզբանե որոշումն այդպիսին էր, որ պետք է հրաժարվեմ: Հայաստանում քաղաքական ասպարեզում այլ անելիք չունեմ, իշխանափոխությանը նպաստելուց զատ:

- Դուք իշխանափոխության մասին եք խոսում, բայց «Հանրային ձայնը», որի ցուցակով երկրորդ համարն էիք, իշխանության համար քաղաքապետ դառնալու հող նախապատրաստեց:

- Արդեն հայտնի մականվամբ «պրիդուրոկ» Նիկոլին Հայաստանից վտարել ու վերջ: Մնացած ուրիշ խնդիր, հարց, մեկնաբանություն ինձ համար էական չէ: Ոչ մի այլ պրցես ինձ ուղղակի հետաքրքիր չէ:

- Բայց Դուք «Հանրային ձայնն» էիք ներկայացնում, որը փաստացի արեց Ձեր ասածների ճիշտ հակառակը:

- Ես չգիտեմ ով ինչ արեց: Ընդդիմադիրները հնարավորություն ունեին ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու: Այդ մասին առաջարկություն էր արել, թե «Հանրային ձայնը» և թե «Մայր Հայաստանը»: Հայկոյի սուտի ելույթից հետո իմ անունը շոշափվեց, թե իբր ես հետախուզման մեջ եմ ու չեմ կարող գալ Հայաստան: Բայց հետո պարզաբանեցինք, որ ես քվեարկել կարող եմ: Կարող էի բացարկ հայտնել և այլ մեկն իմ փոխարեն քվեարկեր: Հարց. ինչո՞ւ ընդդիմադիր քաղաքապետ չընտրվեց, հարց` ի՞նչն էր խանգարում Երևանն ավինյանազերծել:

- Երևի այդ հարցը «Հանրային ձայնի» ձեր գործընկերներին ուղղեք….

- Պետք է Հայկոյին զանգել ու այդ հարցը տալ: