Տարբեր երկրներում ինչպես են հասկանում արտակարգ դրությունը

Տարբեր երկրներում ինչպես են հասկանում արտակարգ դրությունը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի մի շարք երկրներ, ներառյալ Հայաստանը, հայտարարել են արտակարգ դրություն։ Ի՞նչ է սա նշանակում։ Արտակարգ դրության ռեժիմն իրավական հատուկ ռեժիմ է, որը տարածվում է պետական իշխանության մարմինների, հաստատությունների եւ ձեռնարկությունների վրա։ Արտակարգ դրության ռեժիմը միտված է պաշտպանելու տվյալ երկրի կամ տվյալ տարածքի բնակիչներին ներքին կամ արտաքին սպառնալիքներից։ Այն կարող է մտցվել երկրի ամբողջ տարածքում կամ որոշ շրջաններում։ Կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է շուկաների, առեւտրի կենտրոնների, ժամանցային վայրերի, թատրոնների, կինոթատրոնների եւ թանգարանների գործունեության դադարեցում, զանգվածային միջոցառումների արգելում, կրթական հաստատություններում կարանտինի հայտարարում, բուժհաստատությունների անցում բարձր պատրաստականության աշխատանքային ռեժիմի, կորոնավիրուսի օջախային երկրներից մարդկանց մուտքի արգելում, ինչպես նաեւ, եթե դրա հարկը լինի, հանրային տրանսպորտի կամ դրա առանձին տեսակների գործունեության դադարեցում։

Այսպես, Իտալիան մարտի 10-ից հայտարարել է կարանտին։ Տեղաշարժը երկրի տարածքում հնարավոր է միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքի կամ առողջական վիճակի հետ կապված։ Բաց են միայն մթերային խանութները։ Սահմանափակումները կկիրառվեն մինչեւ ապրիլի 3-ը։

Հունաստանն ու Ավստրիան փակել են կրթական հաստատությունները, սահմանափակել զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ավելի քան 500 մարդու մասնակցությամբ միջոցառումների իրականացումն արգելված է նաեւ Շվեդիայում։
Իսրայելի իշխանությունները երկշաբաթյա կարանտին են հայտարարել երկիր մուտք գործող բոլոր մարդկանց համար։ Երկիր մուտք գործող արտասահմանցիները պետք է իսրայելական իշխանություններին կարողանան ապացուցել, որ Իսրայելի տարածքում կկարողանան ինքնամեկուսանալ երկու շաբաթով։

Սլովակիան եւ Հունգարիան հայտարարել են արտակարգ դրություն։ Հունգարիայում փակվել են կրթական հաստատությունները, արգելվել զանգվածային միջոցառումները, խիստ հսկողություն է սահմանվել սլովենյան եւ ավստրիական սահմաններին, արգելվել է Իտալիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Իրանից քաղաքացիների մուտքը։

Մարտի 16-ից իր սահմաններն ամբողջությամբ փակել է Չեխիան։ Արգելվում է բոլոր արտասահմանցիների մուտքը Չեխիա, բացառությամբ նրանց, ովքեր ունեն մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք։ Նաեւ երկրի բնակչությանն արգելվում է դուրս գալ երկրից։
Ֆրանսիան մարտի 16-ից, անորոշ ժամանակով, փակել է կրթական հաստատությունները։ Ուշագրավ է, սակայն, որ մունիցիպալ ընտրությունները կայացան։ Ֆրանսիացիներին հորդորվել է սահմանափակել ուղեւորություններն ու ճամփորդությունները։

Նորվեգիայում մարտի 12-ից հայտարարվել է 14-օրյա կարանտին բոլոր նրանց համար, ովքեր փետրվարի 27-ից հետո մուտք են գործել Նորվեգիա՝ ոչ սկանդինավյան երկրներից։ Խնդրվել է տուրիստներին առայժմ չայցելել Նորվեգիա, այլապես կմնան 14-օրյա կարանտինի տակ։
Բալթյան բոլոր երեք երկրներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Լատվիայում կիրականացվի հեռավար կրթություն։ Մանկապարտեզներն այստեղ կգործեն խիստ սահմանափակումների պայմաններում։ Էստոնիայում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ միջոցառումներ կիրականացվեն մինչեւ մայիսի 1-ը։ Լիտվայում 5 շաբաթով փակվել են բոլոր կրթական հաստատությունները, հանրային եւ ժամանցային վայրերը։

Համանման սահմանափակումներ, մի փոքր ավելի խիստ կամ ավելի մեղմ, կիրառվել են նաեւ Ղազախստանում (այստեղ չեղարկել են նույնիսկ Մեծ Հաղթանակի 75-ամյակի հետ կապված տոնական միջոցառումները), Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ում։

Եվ միայն Հայաստանում է, որ բացի կրթական հաստատությունները փակելուց եւ մարդաշատ միջոցառումներն արգելելուց, այլ սահմանափակումներ գրեթե չեն մտցվել։ Փոխարենը Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու փաստն օգտագործեցին մամուլի ազատությունը սահմանափակելու համար, ինչը չի արվել մյուս երկրներում։ Մարդիկ հասկանում են, որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, եւ դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն մերժելի է, իսկ դրա ցանկացած արդարացում ընդամենը պատրվակ է ժողովրդավարությունից նահանջն ապահովելու համար։