Հենց բուժող բժիշկը թույլ տա, Արմեն Սարգսյանը կվերադառնա

Հենց բուժող բժիշկը թույլ տա, Արմեն Սարգսյանը կվերադառնա

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ինքնազգացողությունը փոքր-ինչ ավելի լավ է, դուրս է գրվել Լոնդոնի հիվանդանոցից, արդեն հեռավար աշխատում է, հենց բուժող բժիշկները թույլ տան, Սարգսյանը կվերադառնա Հայաստան։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Արմեն Սարգսյանի օգնականՀասմիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի վերջին մեկնել էր Լոնդոն՝ ոտքի վիրահատության և այնտեղ, ըստ նախագահի գրասենյակի՝ վարակվել։

Հասմիկ Պետրոսյանին հարցրեցինք՝ վարակվե՞լ է արդյոք ՀՀ առաջին տիկինը։ Պատասխանը դրական էր՝ Նունե Սարգսյանը ևս վարակվել է կորոնավիրուսով, սակայն, ի տարբերություն Արմեն Սարգսյանի, հիվանդությունն ավելի թեթև է տանում։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Սարգսյանն ունի բարձր ջերմություն և երկկողմանի թոքաբորբ։ Սակայն ներքաղաքական որոշ դիտորդներ, ֆեյսբուքյան օգտատերեր գրում են, որ Արմեն Սարգսյանը հնարավոր է՝ կորոնավիրուսը պատրվակ է դարձրել Հայաստանի ներքաղաքական թոհուբոհին չխառնվելու համար։

Արմեն Սարգսյանի օգնականը սա համարում է հերթական աբսուրդ և հիվանդ ուղեղի երևակայություն։