Հայաստանի համար սա կարեւոր ազդակ է

Հայաստանի համար սա կարեւոր ազդակ է

Այժմ Սիրիան իրենից ներկայացնում է բրիտանացիների կողմից այդքան սիրելի կառավարվող քաոսի ցայտուն օրինակ, այսինքն, թուրքական ահաբեկիչներից, իգիլյացի մարդակերներից, քեռի Սեմի թևի տակ գտնվող քրդական աշխարհազորայիններից, իսրայելական պրոքսիներից, իրանական շիա խմբավորումներից բաղկացած տարածաշրջանային «վինեգրեդ»։ 

Պարզ է, որ այս արևելյան «աղցանը» ապրիորի անուտելի է Սիրիայի՝ որպես միասնական, ունիտար պետության պահպանման առումով, դա փաստ է։ Թուրքերի թեթև ձեռքով Սիրիան որպես պետություն այլևս գոյություն չունի։

Դրա հետ մեկ տեղ սիրիական գործոնը չի եզրափակվի լոկ այդ նախկին պետության տարածքով և ամենայն հավանականությամբ, շուտով մենք շատ լուրջ փոփոխությունների ականատես կլինենք տարածաշրջանի քարտեզում։

Առանձին ընդգծենք, որ սիրիական գործոնը կտրուկ ակտիվացել էր աշխարհի մեծ բաժանման կամ նոր «Պոտսդամի համաժողովի» նախաշեմին։ 

Ո՞վ և ինչի՞ է հասել սիրիական մսաղացի արդյունքում:

Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր ֆիզիկական ներկայությունը տարածաշրջանում՝ փաստացի զենքի ուժով իրականացնելով Մեծ Թուրան նախագծի այն հատվածը, որը ներառում է իր մեջ Մերձավոր Արևելքը։ 

Ինչն էլ իր հերթին կհանգեցնի թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանին առավել ճնշելու և Միջին Ասիայի ուղղությամբ անկայունություն գեներացնելու թուրքերի ջանքերի ակտիվացմանը։

Իսրայելը չեզոքացրել է, այսպես կոչված, «դիմադրության առանցքը»՝ Իրաքի և Սիրիայի տարածքով Իրանի միջև ցամաքային հաղորդակցության արգելափակման տեսքով։ 
Ամերիկացիները քրդերի միջոցով խլում են սիրիական տարածքի մի պատկառելի կտոր՝ Պարսից ծոցից, Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա ցամաքային լոգիստիկ ուղիների վրա ակտիվ ազդեցության հնարավորությամբ։ 

Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանում ազդեցության կարևորագույն գործիքը, և մեծ հաշվով հարցը հետևյալն է՝ կհաջողվի՞ արդյոք Ռուսաստանին պահպանել իր ռազմական ներկայությունը սիրիական Լաթաքիայում։ 

Ամենադառը «փայը» հասավ Իրանին, որի համար Սիրիայի կազմաքանդումը կարող է անկայունություն հրահրել ինչպես իրանական սահմանների երկայնքով, այնպես էլ երկրի ներսում՝ քրդական և բելուջական գործոնների ակտիվացման միջոցով։ 

Ամեն դեպքում, Հայաստանի համար սա ազդակ է, որ թուրքերի հետ ապրիորի պայմանավորվելն անհնար է, և թուրք-ադրբեջանական տանդեմին  նվաստացուցիչ զիջումների և երկրի ազգային շահերը զիջելու ճանապարհով լուծելու փաշինյանական իշխանության բոլոր փորձերը կհանգեցնեն ընդամենը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշման աճին։ 

Եվ այո, միջնաժամկետ պատմական հեռանկարում ակնհայտ երևում է հերթական ռուս-թուրքական ռազմական առճակատումը։                                    

Արման Աբովյան