Ժամանակին Գեւորգ Կոստանյանն է Արթուր Դավթյանի վիճակում եղել

Ժամանակին Գեւորգ Կոստանյանն է Արթուր Դավթյանի վիճակում եղել

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Մոսկվա մեկնած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ Կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Մանրամասներ հայտնի չեն նրանց հանդիպումից։ Բայց հետախուզման մեջ գտնվող նախկին դատախազի եւ նրան հետախուզող գործող դատախազի հանդիպումը կարելի է պատկերացնել, թե ինչ ուշագրավ իրադարձություն է եղել։

Մեզ պատմեցին, որ Գեւորգ Կոստանյանը ժամանակին եղել է գրեթե Արթուր Դավթյանի վիճակում։ Նա 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում դաժան կադրային ջարդ իրականացրեց՝ շատերին ազատեց իրենց պաշտոններից․ մարզային դատախազներ, վարչությունների պետեր, գլխավոր դատախազի տեղակալներ, այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը։

Որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ Սարգսյանին հրավիրել են Մոսկվա՝ աշխատելու եւ 2015 թվականին ՌԴ գլխավոր դատախազ Չայկան նրան իր խորհրդական նշանակեց։ Հետագայում Մնացական Սարգսյանը նաեւ դատախազության գլխավոր վարչություններից մեկի պետի տեղակալ նշանակվեց։ Խորհրդականի պաշտոնում նա գրեթե ամենուրեք ուղեկցում էր ՌԴ գլխավոր դատախազին եւ անգամ բանկետներին ու ճաշկերույթներին էր ներկա լինում։ Եւ երբ ՀՀ գլխավոր դատախազը գործուղումների էր մեկնում Մոսկվա, ստիպված էր լինում անընդհատ հանդուրժել իր նախկին տեղակալ Մնացական Սարգսյանի ներկայությունը։

Լավատեղյակ անձինք պատմում են, որ նա շատ ծանր էր տանում այդ փաստը՝ վրդովվում էր, թե ինչու պետք է ՌԴ դատախազությունում նման բարձր դիրք ունենա հայաստանցի մի դատախազ, որին ինքը գործից հանել է։ Դա գնահատում էր որպես վիրավորանք իր հասցեին։
Այնպես որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։