«Հրապարակ»․ Լավագույնները կտրվում են, վատերը՝ ընտրվում

«Հրապարակ»․ Լավագույնները կտրվում են, վատերը՝ ընտրվում

Բարձրագույն դատական խորհրդից դժգոհությունները չեն դադարում։ Դատական համակարգում կարծում են, որ շարունակվում է «խնամի-ծանոթ բարեկամ» եղանակով նշանակումների պրակտիկան: Դեռ շատ ժամանակ չի անցել ԲԴԽ այն որոշումից, որով Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով համարվում է քրեական դատավարության լավագույն մասնագետներից մեկը, բավարար ձայներ չստացավ։

Անցյալ շաբաթ էլ դատավորների թեկնածուների հավակնորդների հետ հրապարակային հարցազրույցներ են անցկացվել, սակայն որոշումները տրամաբանությանը հակառակ են եղել։ Հատկապես տարակուսանքի տեղիք է տվել վարչական դատավորների ընտրությունը։ Օրինակ, ԲԴԽ-ն անհրաժեշտ ձայներ չի տվել իրավական հանրությանը հայտնի իրավաբան գիտնականին, ով վարչական իրավունքի լավագույն մասնագետներից է համարվում, դասախոսում է 10 տարուց ավելի, ավելին՝ վերապատրաստում է վարչական դատարանի դատավորներին: Մինչդեռ գիտնականի հարցազրույցն աչքի է ընկել բացահայտ առավելությամբ։ Իսկ հարցազրույցը դեռ չավարտված՝ բոլոր հավակնորդներն իմացել են, որ ընտրվելու է ՍԴ իրավաբանական վարչության պետի տեղակալը, քանի որ վայելում է հենց Գագիկ Հարությունյանի հովանավորչությունը:

Մյուս ընտրվածը եղել է վերաքննիչ դատարանի դատավորի օգնական, ում հարցազրույցը, ներկաների գնահատմամբ, վատագույններից է եղել, իսկ գրավոր քննությունից նրանից բարձր միավորներ ստացած հավակնորդն ավելի լավ է պատրաստված եղել, քան նա: Այսինքն, կամայականությունը դատավորների ընտրության հարցում ավելի է մեծացել։