Նիկոլ Քոչարյանն ու Ռոբերտ Փաշինյանը

Նիկոլ Քոչարյանն ու Ռոբերտ Փաշինյանը

Ռոբերտ Քոչարյանը նախագահական Հայաստանում երկրի ղեկավար դարձավ պալատական հեղաշրջման միջոցով, երբ 44 տարեկան էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընտրեց թավշյա, ոչ բռնի հեղափոխության ճանապարհը եւ վարչապետական Հայաստանում երկրի ղեկը ստանձնեց 43 տարեկանում։

Փաշինյանը կոտրեց կարծրատիպը, թե Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները չեն դատվում։ Նա կալանավորեց եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քաղաքական հայացքներով իրարից տարբեր ու միմյանց թշնամացած գործիչները, պարզվում է՝ ընդհանրություն ունեն․ նրանք իրար նման են ամբարտավանությամբ, պետության հանդեպ հանցավորության հասնող վերաբերմունքով ու միահեծան իշխանություն ունենալու ձգտումով։

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որն իր իշխանությունը քննադատողների վրա գործեր էր սարքում, կալանավորում ու զրկում ազատությունից, Նիկոլ Փաշինյանն անհամեմատ «մեղմ» է․ նրա կառավարությանը քննադատողներն ուղղակի պաշտոնազրկվում են եւ համալրում «սեւերի» շարքը։ 

Եթե «միակ տղամարդու» սինդրոմով տառապող Քոչարյանը չէր հանդուրժում եւ ընդմիշտ լռեցնում էր իր դեմ քայլ անողներին, ապա Փաշինյանը փոքր-ինչ տոլերանտ է՝ բավարարվում է քրեական գործեր հարուցելով։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիներին (1998-2008թթ․) բարձրաստիճան անձանց սպանությունները սովորական էին դարձել։ Միայն 7 զոհ մեկ օրում՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին ունեցանք, 10-ը՝ 2008-ի մարտի 1-ին։ Տարբեր տարիներին սպանվեցին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը, պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանը, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը, Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը եւ այլք։

Թեեւ Փաշինյանը չի սպանում․ նա այլ ծայրահեղությունների է գնում։ «Ոտքի վրա» որոշում է եւ աշխատանքից ազատում իր տեսակետին հակադիր տեսակետ ունեցողներին։ Սրանք էլ արագ դիրքավորվում են ընդդիմության ճամբարում։

Քոչարյանի պաշտոնավարման տարիներին լուրեր էին շրջանառվում, որ նրա ու մերձավորների անուններով լուրջ բիզնեսներ են հիմնվում եւ ահռելի կարողություններ կուտակվում։ Պաշտոնանկությունից հետո նույնիսկ հստակ թվեր էին հրապարակում, խոսում էին, որ ՀՀ 2-րդ նախագահի կարողությունը 4 մլրդ ԱՄՆ դոլար է, ինչն իշխանափոխությունից հետո հնարավոր չեղավ ապացուցել։

Օդում պտտվող լուրերի համաձայն՝ կարողություն դիզելու ախորժակից չի դժգոհում նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի վարչապետն իր մերձավորների անուններով բիզնեսներ է հիմնում։ Փաշինյանը թեեւ հերքում է, սակայն լուրերն ավելի առարկայական են դառնում։

Հիշենք․ երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ պաշտոնից, քաղաքացիների զգալի հատվածի ուրախությանը չափ չկար։ Նույն այդ հատվածը խորը հիասթափություն ապրեց, երբ նրան փոխարինելու եկած Ռոբերտ Քոչարյանը չարդարացրեց իրենց սպասելիքները։ 
Պատմությունը կրկնվեց նաեւ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան փոխատեղման դեպքում։ Սերժին մերժելով՝ ժողովուրդն ուրախացավ եւ հիասթափվեց՝ առերեսվելով Նիկոլի ամբիցիային։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհով։ Եթե Քոչարյանն արյունով եկավ (հոկտեմբերի 27), արյունով գնաց (մարտի 1), ապա թավիշով եկած Նիկոլին, հուսանք, թավիշն էլ տուն կուղարկի։