«Պետական դավաճաններ». Զելենսկին «պատժում» է նախկին նախագահին և մի շարք գործիչների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փետրվարի 12-ի որոշումը գործարար Իգոր Կոլոմոյսկու, միլիարդատեր Կոստիանտին Ժևագոյի, Պրիվատբանկի նախկին համասեփականատեր Գենադի Բոգոլյուբովի, Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի և երկրում արգելված «Հանուն կյանքի - ընդդիմադիր պլատֆորմ»-ից նախկին պատգամավոր, պետական դավաճանության մեջ մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:
«Կարգադրում եմ՝ ուժի մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2025 թվականի փետրվարի 12-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման մասին որոշումը»,- ասված է հրամանագրում։
Հրամանագրի հավելվածում նշվում է, որ մշտական պատժամիջոցներ են սահմանվել Իգոր Կոլոմոյսկու, Կոնստանտին Ժևագոյի, Գենադի Բոգոլյուբովի, Պյոտր Պորոշենկոյի և Վիկտոր Մեդվեդչուկի նկատմամբ։
Պատժամիջոցները ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելում, պետական պարգևներից զրկում և այլն։
Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱԱԽ) պատժամիջոցներ է կիրառել Գերագույն Ռադայի պատգամավոր և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։
Ենթադրվում է, որ «խոսքը կարող է լինել «պետական դավաճանություն» հոդվածի մասին»։
Կարծիքներ