Հանրային պաշտպանների դեֆիցիտ է նկատվում
Դատաիրավական համակարգում բարեփոխումները, հույս ունենք, որ կհասնեն նաեւ Հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ մարդիկ աշխատում են ծանրաբեռնված եւ ունեն բազում խնդիրներ։
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ գրասենյակն աշխատում է ծանրաբեռնված, քաղաքացիական գործերով ունեն 1800 տոկոս աճ, քրեական գործերով 107 տոկոս աճ, սակայն իրենց տրամադրվել է ընդամենը հինգ հանրային պաշտպան։
«2009թ․ դատաիրավական համակարգի բարեփոխումներով նախատեսված էր, որ հանրային պաշտպանների թիվը պետք է մինչեւ 2010թ․ դարձնել 75, մինչդեռ մենք այսօր ունենք 55 հանրային պաշտպան։ Մենք ծանր բեռ ենք վերցրել, բոլոր պետական մարմիններին՝ եւ՛ վարչապետին ուղղված դիմումները, եւ՛ ՄԻՊ-ին ուղղված դիմումների հասցեատերերը գալիս են մեզ մոտ։ Հանրային պաշտպանի գրասենյակն այսօր աշխատում է ի հաշիվ իր իրավունքների, հանգստի ժամանակի, եւ հնարավոր է, որ այլեւս չկարողանանք իրականացնել պետության պոզիտիվ պարտականությունը։ Ամեն տարի մենք ստորագրում ենք միջազգային պայմանագրեր, մասնակցում ենք այդ պարտավորությունների կատարմանը, սակայն հաստիքները չեն ավելանում։ Հույս ունենք, որ կառավարությունը մեզ կտրամադրի հաստիքներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մարդկանց՝ անվճար եւ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը»,- ասաց Մելանյա Առուստամյանը։
Կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարի հասցեին հնչում են մեղադրանքներ, որ դատաիրավական ոլորտում բարեփոխումներն ուշացրել են, դրանք պետք է նախաձեռնեին մեկ տարի առաջ, հեղափոխությունից անմիջապես հետո։
«Դատաիրավական ոլորտի բարեփոխումները պետք է իրականացվեն քայլ առ քայլ, փուլ առ փուլ։ Օրինակ, խոսվում է այն մասին, որ Իսրայելում կա դատական գործերի վերաբացման համար հանրային պաշտպանների առանձին բաժին։ Ես կուզեի խոսել դատապարտյալների իրավունքների մասին։ 2018թ․ 1100 դատապարտյալ է դիմել, նախորդ տարի դիմողները եղել են դրա մի մասը։
Եվ այդ դատապարտյալների մեծ մասը պահանջում էին գործերի վերաբացում։ Իսկ այդքան մարդկանց գործերի վերաբացման, ուսումնասիրման համար չկա բավարար ռեսուրս։ Ես միշտ ասել եմ, որ եթե պետությունը չի կարողանում մեզ տրամադրել մի քանի հանրային պաշտպան, որպեսզի մենք կարողանանք զբաղվել թեկուզ դատական սխալներից տուժածների իրավունքներով, ուրեմն կլինի կադրերի պակաս։
Կարծում եմ, որ Հանրային պաշտպանի գրասենյակը։ դատական սխալներից տուժածների իրավունքների վերականգնման առումով, որը վեթինգի մի մասն է, ունի անելիք։ Եթե տրամադրեն կադրեր, միջոցներ, ապա մենք կկարողանանք վերականգնել այդ անձանց իրավունքները »,- նշեց փաստաբանը։
Միաժամանակ Մելանյա Առուստամյանը հավելեց, որ արդարադատության նախարարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի Հանրային պաշտպանի գրասենյակին տրամադրվեն հանրային պաշտպաններ։
Կարծիքներ