Փորձում են կազմալուծել մեր ներքին ռեսուրսները՝ չի՛ լինելու

Փորձում են կազմալուծել մեր ներքին ռեսուրսները՝ չի՛ լինելու

Դեկտեմբերի 12-ից շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն Արցախը շրջափակելուց հետո նախօրեին ամբողջապես դադարեցրել էր նաեւ գազամատակարարումը՝ դրանով իսկ Արցախը կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի առաջ։

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանն արդեն 3 օր է՝ Երեւանում է եւ չի կարողանում վերադառնալ Արցախ, որտեղ տանն իրեն սպասում է 7-ամյա դուստրը։ «Գնացել էի Կրասնոդար, այնտեղի հայկական համայնքն էր հրավիրել՝ տարեկան ժողովի, Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդականի հետ գնացել էինք մեր ծրագրերը ներկայացնելու, հետ վերադարձանք ու մնացինք այստեղ,- ասում է Լ․ Ղարախանյանն ու նշում, որ դստերը բացատրել է իրավիճակը, ասել, որ ճանապարհը ժամանակավորապես փակ է ու հենց բացվի, ինքը կգա։- Իրականությունը կարելի է այնպես ասել, որ երեխան ոչ թե տագնապի, այլ ինքը դա ճիշտ ընկալի, ընդունի եւ չվախենա։ Ասացի, որ այս ընթացքում նույն ձեւով պետք է սովորի դասերը, գիրք կարդա, ամեն ինչը նույն ձեւով անի եւ սովորի համբերել։ Հիմա ինձ համար ծանր է այս վիճակը նաեւ նրա համար, որ բարիկադի այս կողմում եմ։ Պետք է լինեի այնտեղ եւ կիսեի այդ դժվարությունն իմ հայրենակիցների հետ»։

Լուսինե Ղարախանյանը համոզված է, որ սա ահաբեկչական ակտ է, որով հերթական անգամ հոգեբանական բռնություն են կիրառում Արցախի բնակչության նկատմամբ։ «Իրենք տոտալ, հոգեբանական ճնշումներով փորձում են կազմալուծել մեր ներքին ռեսուրսները, բայց դա չի լինելու, որովհետեւ մարդուն որքան ճնշում ես, նրա մոտ գնում է ուժերի մոբիլիզացիա՝ տեսակի, ինքնության պահպանման, եւ այդ ճնշումները լավ իմաստով հակառակ էֆեկտն են տալու։ Ես այս օրերին խոսում, շփվում եմ արցախցիների հետ ու տեսնում եմ, որ մարդիկ ինքնակազմակերպվում են, գնում են այն դպրոցները, որոնք փայտով են ջեռուցվում, եւ այն ուսումնական հաստատությունները, որոնք ջեռուցվում են՝ դաս են անում, սովորական, բնականոն կյանքով ժողովուրդն ապրում է, ով ինչով զբաղվում է, շարունակում է դրանով զբաղվել։ Այսինքն՝ այդ ճնշումները, իմ խորին համոզմամբ, որեւէ էֆեկտ չեն տալու։ Մենք 3 պատերազմ անցած սերունդ ենք, ու համբերելու այդ իմունային համակարգը մշակված է մեր մեջ։ Մենք կարողանում ենք համբերել, ապրել դժվարությունների հետ ու հաղթահարել դրանք։ Դա մեր մեջ կա, ու արդեն 30 տարի է՝ դրա մեջ ենք»,- ասում է զրուցակիցս։

Եթե երկարի Ադրբեջանի կողմից իրականացվող այս շրջափակումը, ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել արցախահայությանը։ «Ես հուսով եմ, որ շատ երկար չի տեւի, եւ համապատասխան թիրախային միջազգային լսարաններում աղմուկ կբարձրացվի թե՛ Հայաստանի տարբեր կառույցների կողմից՝ հասարակական, պետական, թե՛ Արցախի կողմից, եւ թիրախային լսարաններում աղմուկ անելով՝ կկարողանանք հասնել ճշմարտությանը։ Ամեն դեպքում, մենք լավ ենք տրամադրված»,- հուսադրում է Լ․ Ղարախանյանը։

Արդեն մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում Երեւանում, իսկ ՄԱԿ-ի դիմաց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանի նստացույցին մի քանի տասնյակ քաղաքացիներ են միացել։ Այս քայլերը բավարա՞ր են՝ միջազգային ատյաններում մեր ձայնը լսելի դարձնելու համար։ «Միջազգային լսարանի արձագանքն այնքան էլ բավարար չէ, պետք է չափազանց շատ աշխատել, այնքան, որ գրավել այդ մարդկանց ուշադրությունը, եւ որ նրանք ոչ թե հանդես գան կոնկրետ հայտարարություններով, էմոցիոնալ ձեւակերպումներով, որովհետեւ հիմա կոչերի ժամանակը չէ, այլ կոնկրետ ճնշումներ գործադրեն, որպեսզի ապաշրջափակեն այդ 120 հազար մարդուն։ Զսպել է պետք այդ մարդուն՝ Ալիեւին, նա բոլոր հոծ գծերն անցել է, եւ չկա ոչ մի սահման, սանկցիա նրա համար։ Այդ մարդուն պետք է զսպել»։ Մեր իշխանությունները կամ միջազգային հանրությունը զսպելու ջանքեր գործադրո՞ւմ են այդ ուղղությամբ․ Լուսինե Ղարախանյանը դժվարանում է ասել, փոխարենը համոզված է, որ Արցախի ձայնը լսելի դարձնելու համար բոլոր մեխանիզմները պետք է կիրառվեն․ «Ե՛վ նամակներ հղել, ե՛ւ կոչեր անել, ամեն մեխանիզմ պետք է օգտագործվի՝ թիրախային լսարանին իրավիճակը բացատրելու համար»։

Այս իրավիճակում, ըստ նրա, շատ բան կախված է նաեւ նրանից, թե դիվանագիտական ինչ աշխատանքներ են տարվում մեր կողմից․ «Աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական դեսպանատներն այս օրերին պետք է վաղուց աղմուկ հանած լինեին։ Պետք է ամեն մեկն իր երկրում թեման օրակարգ մտցնի, ընդ որում՝ ագրեսիվ ձեւով, որովհետեւ այն, ինչ իրենք անում են, պետք է դրան համարժեք հակաթեզեր բերել ու ագրեսիվ ակտիվությամբ այդ ամեն ինչին արձագանքել»։
ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարարի կարծիքով՝ միակ ճանապարհը խնդիրը բարձրացնելը, հանրայնացնելը, ինչպես նաեւ պայքարի ոգին չթուլացնելն է․ «Մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի պայքարի ոգին չթուլանա, չպետք է համակերպվել ու հաշտվել այն ամենի հետ, ինչ կատարվել ու կատարվում է։ Քանի որ վերահաս հումանիտար աղետը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների ու դժվարությունների, պետք է մի բան արվի, հաղթահարվի, դժվարությունները հաղթահարելուց մարդու մարմինն էլ, հոգին էլ կոփվում են, եւ դժվարություններից պետք չէ փախչել, պետք է իրականությունն ընդունել ռացիոնալ ձեւով՝ ինչպես կա, եւ ըստ այդմ շարժվել, պայքարել։ Եթե պետք է՝ նաեւ տառապել, բա հայրենիքի համար ի՞նչ են անում՝ տառապում են, զոհվում են, կորուստներ են ունենում, ի՞նչ պետք է անես, որ հայրենիքդ պահես՝ պետք է նաեւ զրկանքներ կրես, դժվարություններին դիմանաս, որ գոնե պահես հայրենիքիցդ մնացած հատվածը։ Այնպես որ, պետք է շարունակել պայքարել»։