Մտահոգ քաղաքացու վերլուծությունը

Մտահոգ քաղաքացու վերլուծությունը

Մոտ 1 տարի առաջ՝ նշանակվելուց անմիջապես հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լծվեց մարզի համայնքների ԲՀԿ-ական ու ՀՀԿ-ական ղեկավարների հրաժարականներն ստանալու սուրբ գործին։ Այս ծրագիրն ավարտին չհասցվեց, քանի որ մամուլում բարձրացավ մեծ աղմուկ։ Որոշ համայնքների ղեկավարներ այնքան պախարակված էին, որ նրանց հեռացնելու հարցում ինքը՝ մարզպետն իհարկե լուրջ խոչընդոտների չհանդիպեց, բայց այստեղ հարց է առաջանում, ինչու՞ համայնքների ղեկավարների այս շարքում չկար Կոտայքի մարզի ամենաԲՀԿ-ական համայնքի՝ Աբովյան քաղաքի ղեկավար Վահագն Գևորգյանը։ Եթե նոր իշխանությունն իսկապես ուզում էր ազատվել կառավարման, ինչպես մարզպետն էր սիրում ասել, հին մշակույթի կրող քաղաքապետից, ապա ինչու՞ հապաղեց։ Արդյոք նա կարո՞ղ էր միայնակ որոշում կայացնել Վահագն Գևորգյանի հրաժարականը պահանջելիս։

Իհարկե Ո՛Չ։ Սա կարող էր լինել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե Աբովյանում ԲՀԿ իշխանությունը թուլացվեր, սա կնշանակեր ԲՀԿ-ի քաղաքական մահն ու վարկանիշի վերջնական անկումը։

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Կոտայքի մարզպետը տարբեր շրջանակների մոտ, այդ թվում՝ քարոզարշավի ընթացքում, պարբերաբար հայտարարել է, որ ընտրությունների հաջող ընթացքից հետո պատրաստվում է պահանջել Աբովյանի քաղաքապետի հրաժարականը։

Ինչու՞ հենց այդ ժամանակ։ Պատասխանը պարզ էր։ Նա հաջողել էր իր մարզի մի քանի այլ համայնքներում ունենալ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ, ովքեր մի քանի ամիս աշխատելու ու համայնքում որոշակի վստահություն ձեռք բերելու արդյունքում հաղթանակ էին տոնել ՏԻՄ ընտրություններում։ Վստահաբար Կոտայքի մարզպետը հույս ուներ, որ նույնը կլինի նաև Աբովյան համայնքում, որ այս տարվա հունվար-փետրվարին Գևորգյանը հրաժարական կտա, ու նա կունենա մի քանի ամիս ժամանակ իր թեկնածուի հետ միասին Աբովյանում իրականացնել ինչ-ինչ աշխատանքներ՝ ցանկալի արդյունքին հասնելու ու ընտրություններում ԲՀԿ-ի հադեպ ջախջախիչ հաղթանակ տանելու համար։ Բայց նրան իհարկե սա չարտոնեցին, որովհետև կան քաղաքական արցեր, որոնք իր ամբիցիաներից անդին էին։

Օրերս տեղի ունեցած հնչեղ հարսանիքը վկայում է, որ այո', Ծառուկյանն ունի ուղիղ կամ միջնորդավորված բավականին ամուր կապեր Նիկոլ Փաշինյանի հետ և տարօրինակ չի լինի, եթե մի օր պարզվի, որ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը զուտ հեղափոխության իմիտացիա ստեղծելու համար էր։ Հիշեցնենք, որ նախկին մարզպետներից և ոչ ոք հեղափոխությունից հետո որևէ խնդիր չունեցավ, ոչ թե որովհետև օրինական էին գործել, այլ որովհետև այստեղ էլ մարզպետին սահմանափակել են՝ գործել իր սրտի ուզածի չափ։

Արդյոք Կոտայքում սա ԲՀԿ-ՔՊ միակ ամուր կա՞պն է։ Իհարնե Ո'Չ։ Ռոմանոս Պետրոսյանի կոկորդին կանգնած ՔՊ-ական Սասուն Միքայելյանը հրաշալի ջերմ հարբերություններ ունի ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հետ։ Ասում են` Հրազդանում նրա որդու հաղթանակը ՏԻՄ ընտրություններում ընդամենը բարտերային քաղաքականության արդյունք էր։ Հրազդանում աաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Գրիգորյանը` կարկառուն ԲՀԿ-ականը, ով բավականին մեծ շանսեր ուներ, վերջին պահին ինքնաբացարկ հայտարարեց` սրանով ավելի մեծ հնարավորություն տալով Միքայելյանի որդուն դառնալ քաղաքապետ։ Սրա դիմաց ՔՊ-ն պետք է զիջեր Աբովյանում, ինչն էլ եղավ։ Աբովյանում վերընտրվեց ԲՀԿ-ի ջերմ աջակցությունը վայելող Գևորգյանը։

ՔՊ-ականները պնդում են, թե պարտությունն Աբովյանում զուտ Ծառուկյանի բիզնեսներում աշխատող մեծաքանակ բնակիչների հաշվին է եղել։ Աբովյանցիները սա հերքում են` պնդելով, որ ՔՊ-ն պարտվել է ձևական թեկնածուի պատճառով, ով հետագայում պիտի ծառայեր բացառապես մարզպետին և լիներ նրա կամակատարը, և նախընտրական շրջանում Ռոմանոս Պետրոսյանի ագրեսիվ և ոչ հավասարակշիռ պահվածքի պատճառով։ Իսկ իրականում սա ընդամենը կուլիսային պայմանավորվածությունների արդյունք էր, որտեղ 0 դերակատարում ուներ Կոտայքի մարզպետը։ Նիկոլ Փաշինյանը հերքում է փաստը, թե միջամտում է այս կամ այն հարցին, բայց ակնհայտ է, որ Կոտայքի մարզում դե ֆակտո հարցերը լուծվում են Միքայելյան-Ծառուկյան պայմանավորվածությունների արդյունքում, իսկ Ռոմանոս Պետրոսյանը դուրս է մնում որոշումների կայացման գործընթացից` չունենալով քաղաքական որևէ դերակատարում։ Ի դեպ, ասում են` նրա թիմը մարզում պառակտված է և նրան այլևս չեն աջակցում ամիսներ առաջ իր կողքին կանգնած մարդիկ։
--
Մտահոգ քաղաքացի