Ժողինստիտուտի դասախոսներն ու ուսանողները Փաշինյանից պահանջում են, որ ստորագրի Գալոյանի հրամանը. ակցիա՝ կառավարության մոտ

Ժողինստիտուտի դասախոսներն ու ուսանողները Փաշինյանից պահանջում են, որ ստորագրի Գալոյանի հրամանը. ակցիա՝ կառավարության մոտ

Կառավարության շենքի դիմաց այս պահին մեծաքանակ բողոքի ակցիա է մեկնարկել։ Այս անգամ իրենց ձայնը լսելի են փորձում դարձնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներն ու ուսանողները։

Նրանք ուզում են իմանալ՝ ինչու մինչ այսօր, իրենց խոսքով, օրենքով ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը, դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։

Կառավարության դիմաց հավաքվելուց առաջ ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել են բողոքի ակցիա իրականացնելու պատճառների մասին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ:

Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։

Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:

Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել»։

Նրանք պնդում են՝ բողոքի ակցիա են իրականացնելու այնքան ժամանակ, մինչեւ Փաշինյանը ստորագրի Գալոյանի՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում նշանակման հրամանագիրը։

Նշենք, որ դեռևս հուլիսի 17-ին ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր։

Այս ամենից հետո Փաշինյանն ինչպես որ մայիսից մինչև այսօր չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը, այնպես էլ Դիանա Գալոյանի դիմումը չի ստորագրում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցերը թողնում է օդում կախված: