ՀՀ առաջին դեմքերի «ոսկե» բառաֆոնդը

ՀՀ առաջին դեմքերի «ոսկե» բառաֆոնդը

Նորանկախ Հայաստանին ի սկզբանե վիճակված է եղել ունենալ այնպիսի ղեկավարներ, որոնց արտահայտած մտքերը, խոսքերը դաջվել են հասարակության հիշողության մեջ՝ ոչ դրական զգացողությամբ: Դրանք հիմնականում ուղղված են եղել հասարակության լայն շերտերին կամ կոնկրետ մարդկանց, քաղաքացիների, որոնց ուղղված խոսքը յուրաքանչյուր անհատ կարող է վերցնել իր վրա: «Թեւավոր» խոսքերի բացումն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նորանկախ Հայաստանի՝ սովի ու մթի մեջ հայտնված քաղաքացիներին հորդորում էր. «Հարեւաններից պարտք արեք՝ ապրեք»: 

Տեր-Պետրոսյանին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանը, ով իրեն հռչակեց երկրի միակ տղամարդը՝ «Ո՞վ է այդ տղամարդը, որը պետք է հեղաշրջում անի Հայաստանում» հարցադրմամբ: Արդյոք վերջին ամիսներին գտե՞լ է իր հռետորական հարցի պատասխանը, թե՞ ոչ, գիտի միայն ինքը՝ Քոչարյանը: 
Իր «ոսկե» բառաֆոնդով նախորդ երկուսին գերազանցեց Սերժ Սարգսյանը: Բարեբախտաբար, նա անմիջականորեն քիչ էր շփվում թե՛ հասարակության, թե՛ լրագրողների հետ: Նրա հատուկենտ ասուլիսներին ներկա էին միայն ընտրյալ լրատվամիջոցներ, որոնց հարցադրումներն էլ հիմնականում «կարված» էին Սարգսյանի հագով, որպեսզի սցենարից դուրս շեղում չլինի: Նրա բոլոր ելույթները, նախընտրական խոսքերը նախապես գրվում էին մի ամբողջ թիմի կողմից, պատրաստի տեքստը տալիս էին նախագահի ձեռքը, եւ նրան մնում էր միայն վարժ եւ ճիշտ առոգանությամբ կարդալ այն:  Տեքստերն ուրիշների կողմից գրվելը Սարգսյանը հիմնավորում էր ժամանակի սղությամբ: Դրանք գրված էին լինում բավականին գրագետ, որոնցում հատուկ ընդգծված էր Հայաստանի քաղաքացու նկատմամբ հարգանքի թեզը: Դա՝ գրավոր խոսքում: Իսկ եթե այնպիսի իրավիճակ էր լինում, որ Սերժ Սարգսյանն անմիջական էր խոսում քաղաքացու հետ, էլ ի՞նչ հարգանք, ի՞նչ պատիվ…

Ուստի, լավ իմանալով իր գրավոր ու բանավոր խոսքերի բովանդակային եւ որակական  տարբերության մասին՝ Սարգսյանը գերադասում էր առանց թուղթ-թամասի չշփվել հասարակության հետ: Սարգսյանն իր «ոսկե» բառաֆոնդը հիմնականում հարստացրել է կա՛մ Եռաբլուր պանթեոնում, կա՛մ 2013-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Հայոց ազգային բանակի օրը՝ Եռաբլուրում, արտասվելով Սերժ Սարգսյանին է մոտենում մի կին եւ ուզում է իր խնդիրները ներկայացնել: Վերջինս զայրանում է կնոջ վրա. «Հիմա եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»: Մեկ ուրիշ անգամ՝ դարձյալ Եռաբլուրում, Սարգսյանին հարց են ուղղում՝ կապված Ադրբեջանի կողմից ռազմական ակտիվացման հետ: Վերջինս հարցն ուղղորդում է դեպի պաշտպանության նախարարը: Դիտարկմանը, թե ի՛նքն է երկրի գերագույն գլխավոր  հրամանատարը, Սարգսյանն արձագանքում է. «Իյա՜, իրո՞ք»: 2013 թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում թեկնածու Սարգսյանն այցելում է Տավուշի մարզ: Մովսես գյուղում մոտենում է մի տարեց տղամարդու եւ, որպես մտերմության ու հոգատարության դրսեւորում, հարցնում է, թե «հայրիկ ջանն» ինչ խնդիրներ ունի:

Ի պատասխան, տարեց մարդն ասում է, որ ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղը դատարկվում է, էրեխեքը Ռուսաստանում են: Սարգսյանը վիրավորվում է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր գնային»: «Եթե զավոդ լիներ, աշխատեին, չէին գնա»,- արդարանում է Մովսեսի բնակիչը: Սարգսյանը հարցնում է. «Գյուղում զավո՞դ լիներ»: Տարեց մարդու «հա» պատասխանից հետո Սերժ Սարգսյանն ասում է. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»: Հետո պարզվում է, որ այդ տղամարդու երկու որդիներն էլ գյուղում են ապրում եւ չեն հեռացել Հայաստանից, նա պարզապես խոսում էր ամբողջ գյուղի անունից: Իսկ «թարս բուսնած խիարը» մնում է որպես Սարգսյանի նախագահության տարեգրության՝ իրար չհասկացվածության եւ անհաջողակության խորհրդանիշ: 

Նույն քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Սարգսյանը պատասխանում է. «Շանսը ո՞րն է՝ հարյուրից իննսո՞ւն խփեմ, ութսո՞ւն, յոթանասո՞ւն, թե՞ վաթսուն, էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»: Ինչքան ուզել, այնքան խփելու ունակությունը մնաց որպես Սարգսյանի ղեկավարման տարիների ամենահիշվող աշխատաոճը: Սարգսյանն այնքան լավ կարծիք ուներ Հայաստանի քաղաքացու ապրելակերպի մասին, որ կարծում էր, թե «ազգի կեսը կա՛մ երգում է, կա՛մ սերիալում է նկարահանվում»: Սարգսյանից հուշ մնաց նաեւ ձուկը գլխից բռնելու հորդորը: 

Սերժ Սարգսյանը երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի համար մեղադրում էր լրագրողներին: Այսօր Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվել, որը նախորդի նման գաղջության մեջ մեղադրում է լրագրողներին: Փաշինյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ուրիշների գրած տեքստերը չի կարդում, առհասարակ՝ չի կարդում, նա խոսում է հիմնականում բանավոր, ունի լավ հղկված ու մշակված խոսք եւ ճկուն լեզվամտածողություն: Բայց բանավոր խոսքը միշտ ունի սայթաքելու, վրիպելու, էմոցիաների տակ ավելորդ բաներ ասելու վտանգ: Փաշինյանը լրագրողների ու քաղաքացիների հետ շփվելու, հարցերին պատասխանելու առիթը բաց չի թողնում:

Նա, ի տարբերություն նախորդի, հասանելի է ու շփումներում՝ չկոմպլեքսավորված: Սակայն նա նույնպես հետ չի մնում իր նախորդներից եւ ասում է խոսքեր, բառակապակցություններ, նախադասություններ, որոնք դառնում են «թեւավոր» խոսքեր: Ամենաառաջին բառը, որը դարձավ այս իշխանության եւ ապրիլյան իրադարձությունների սիմվորը, «դուխով»-ն էր: Այն մտավ տներ, փողոցներ, հայտնվեց մարդկանց վերնաշապիկներին, գլխարկների, պոլիէթիլենային տոպրակների վրա եւ ամենուր, որտեղ անգամ հնարավոր չէ պատկերացնել: 

Հետո եկավ ավելի կոշտ կոչերի փուլը: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ում խոսքերի հասցեատերը հիմնականում շարքային քաղաքացին էր, Փաշինյանի խոսքի սլաքն սկզբում ուղղված էր օլիգարխներին, ՀՀԿ-ականներին, նրանց համակիրներին: Քարոզարշավները, առհասարակ, լավ առիթ են երկրի ղեկավարի բառաֆոնդն իր ողջ «հմայքով» լսելու եւ զգալու համար: Եթե Սարգսյանի բառաֆոնդը հիմնականում բացվեց նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ապա Փաշինյանինը՝ Երեւանի ավագանու ընտրություններին: Նա «սեւերին» նախ «պառկեցրեց ասֆալտին, ծեփեց պատին»: Ոչինչ, որ օլիգարխները հետո դարձան «պուպուշ» խոշոր սեփականատերեր, բայց ասֆալտին փռվելու եւ պատին ծեփվելու հեռանկարի վախը մինչեւ հիմա չի լքում նրանց:

ԱԺ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն անձամբ «մտավ» գյուղապետարաններ, բռնեց «խաղեր տվող» ՀՀԿ-ական գյուղապետերի վզից եւ «դուրս շպրտեց»: Այդ ելույթից հետո բոլոր ՀՀԿ-ական գյուղապետերը լծվեցին ՔՊ-ի համար ակտիվ քարոզչություն անելու «սուրբ» գործին: Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն առաջին անգամ այցելեց Տավուշի մարզ, մտավ Իջեւանի գարեջրատներից մեկը՝ գարեջուր խմելու: Մի թոշակառու տղամարդ մոտեցավ նրան եւ նեղսրտեց, թե թոշակն այնքան քիչ է, որ կոմունալները վճարելուց հետո տակը փող չի մնում՝ գարեջուր խմելու: Փաշինյանը գտավ հարցի լուծումը. «Դուք էլ առաջ գարեջուր խմեք, նոր մնացած բաներն արեք»: 

«Հանգիստ նստե՛ք տեղներդ» արտահայտությունը զգաստացնող հրամայական է Փաշինյանի կարծիքին հակադրվող յուրաքանչյուր քաղաքացու եւ պաշտոնյայի համար: Հասարակության զգալի հատվածը մինչ օրս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր «խելքից թոփալ» գլխի հետ, որ ինքն աղքատ է, այդքան վատ է ապրում, քանի որ վարչապետը գտել է գաղտնիքը՝ աղքատությունը մարդկանց  գլուխների մեջ է: «Ժողովրդական բանահյուսությունը» հարստացնելու գործում թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Փաշինյանին օգնում են իրենց թիմակիցները: Եթե Սարգսյանի հիմնական օգնականը Գալուստ Սահակյանն էր՝ իր մտքի «գոհարներով», ապա Փաշինյանին օգնում է մի ամբողջ թիմ՝ իրենց 40 հազար հա կաթիլային ոռոգման ցանցով, երեխա ունենալու առանձնահատկությամբ օժտված կանանցով, փետրվարի 31-ով եւ այլն: Ցանկը կարելի է երկար շարունակել:

Իսկ Փաշինյանի վերջին գրառումներից մեկը սկսվում է «Արա, էս ի՞նչ էր» արտահայտությամբ: Դժվար է այն ընկալել որպես երկրի ղեկավարի, մտավորականի գրառում: Եվ ակամա ուզում ես արձագանքել. «Համարները հանե՞նք, իջնենք ձոր»: