Կինոկենտրոնը ֆիլմերի հեռարձակման համար կվճարի հեղինակներին

Կինոկենտրոնը ֆիլմերի հեռարձակման համար կվճարի հեղինակներին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի հեռարձակման համար սկսում է հեղինակներին վճարել հեղինակային վարձատրություններ։ «Մեկ տարի է արդեն, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստացել է ողջ ֆիլմի ժառանգության օգտագործման իրավունքը, որ ստեղծվել է խորհրդային տարիներից մինչ այսօր։ Դեռ Լիլիթ Մակունցի կառավարման օրոք այդ իրավունքները փոխանցվեցին Կինոկենտրոնին, որն ավելի շուտ պետք է արվեր, քանի որ Կինոկենտրոնը «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։ 

Խոսքը գնում է 468 ֆիլմի մասին, որոնք ստեղծվել են 1925-2018թթ․, եւ, համաձայն հեղինակային իրավունքի, առաջին անգամ այդ ֆիլմերի ցուցադրման համար հեղինակներին կսկսեն վճարել. «Այդ բոլոր ֆիլմերը տրված են հեռուստաընկերություններին, դրանք թվայնացված են, բայց դեռ վերականգնված չեն, քանի որ թանկ հաճույք է։ Թեկուզ վատ որակով, բայց թվայնացված վիճակով դրանք ցուցադրվում են հայկական հեռուստաընկերություններով եւ պետք է ցուցադրվեն, մինչեւ կարողանանք ողջ ժառանգությունը վերականգնել եւ լավ որակով ցուցադրել»։ 

Ի՞նչ չափի վճարների մասին է խոսքը․ Միրզախանյանն ասաց, որ առայժմ կլինեն փոքր գումարներ, մի ֆիլմի համար վճարը կարող է կազմել, օրինակ, 10-15 հազար դրամ. «Ամբողջը հավաքագրվել է, ֆիլմերի ցանկ է սարքվել, ցանկի մեջ ներառվել է, թե որ ֆիլմը քանի անգամ է ցուցադրվել, հիմա արվում են հաշվարկները՝ ըստ հեղինակների։ Պետք է հասկանալ․ եթե հեղինակները չկան, ուրեմն իրենց ժառանգները պետք է ստանան այդ գումարները, որոնց հետ պետք է պայմանագրեր կնքվեն։ Սա ահռելի աշխատանք է, որը դեռ ընթացքի մեջ է։ Վճարելու ենք ըստ ֆիլմերի, որովհետեւ կարող է հեղինակը մի քանի ֆիլմերի մեջ է նկարվել, դրա համար ֆիլմի ցուցադրությունից ենք վճարելու»։ 

Միրզախանյանը նկատում է՝ մեր հեռուստաընկերությունները հետաքրքրված են հայկական ֆիլմերի ցուցադրությամբ․ «Շատ ցավում եմ, որ վատ որակով են ցուցադրվում, եւ այս պահին չենք կարող դրանց որակը լավացնել, սակայն կարծում եմ՝ դա անհրաժեշտ է, որ մեր հանդիսատեսն իմանա, թե խորհրդային տարիներին ինչ ֆիլմեր են նկարվել, եւ ընդհանրապես՝ ինչ է արվել»։ 

Ֆիլմերի որակի հետ կապված խնդիրները լուծելու համար, Կինոկենտրոնն այժմ աշխատում է մի մեծ ծրագրի վրա, որն ուղղված կլինի ամբողջ կինոժառանգության վերականգնմանը. «Հիմա մենք ծրագիր ենք գրում, որը պետք է ներկայացնենք նախարարությանը, բանավոր քննարկումների մեջ ենք պարոն Խզմալյանի հետ, որ կարողանանք գումարներ ստանալ՝ հետագայում լաբորատորիա հիմնելու, ժապավեններն այստեղ վերականգնելու, նաեւ մասնագետներ կրթելու ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է մեր պետական արխիվը հետազոտենք, հասկանանք՝ ինչ ունենք, ինչպես է պահպանվում, այդ ամենը բերենք ճիշտ մակարդակի, որ այդ ֆիլմերը թվայնացնելով՝ կարողանանք հետագայում նաեւ բոլոր ժապավենները պահպանել»։ 

Շուշանիկ Միրզախանյանն ընդգծում է՝ Կինոկենտրոնի կարեւոր գործառույթներից մեկը հայտերի ընդունումն ու ֆինանսների բաշխումն է։ Եթե նախկինում՝ մինչեւ այս նոր կանոնակարգի ընդունումը, տարեկան միջինը 25-27 հայտ են ստացել, 2018-ին մշակվել է նոր կանոնակարգ, տեղի են ունեցել փոփոխություններ, ինչի արդյունքում արդեն 2019-ին ստացել են մոտ 120 հայտ։ «Սա ես դիտարկում եմ որպես վստահություն նոր կանոնակարգի ու ձեւաչափի հանդեպ, ես տեսնում եմ նոր անուններ, որոնք տարիներ առաջ նույնիսկ չեն դիմել։ Այս կանոնակարգով մեծ ուշադրություն ենք դարձնում դեբյուտներին։ Հենց կանոնակարգով ֆիքսված է, որ բյուջեի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտներին` թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ։ Նպատակը՝ որ մենք կարողանանք գտնել նոր անուններ, որոնց պետությունը կաջակցի»,- ասում է ու ընդգծում, որ հանձնախումբը պարբերաբար փոխվում է, եթե տարվա սկզբին ուրիշ հանձնախումբ էր աշխատում, հիմա այլ հանձնախումբ է հայտերի ուսումնասիրությամբ զբաղվում։ 

«Վաղն արդեն կսկսենք հանդիպում-զրույցներ կարճամետրաժ ֆիլմերի հայտերի դիմորդների հետ, հաջորդիվ կլինեն լիամետրաժ ֆիլմերի հայտատուները։ Հանձնաժողովի անդամները կարդում են եւ գնահատում։ Եթե 3-ից մեկը գնահատում է 5՝ անցողիկ բալ, այդ նախագիծն անցնում է 2-րդ՝ հանդիպում-զրույցի փուլ։ Այս խմբին արդեն միանում եմ ես եւ ներկայացուցիչ մշակույթի նախարարությունից։ Մենք լսում ենք այդ հարցուպատասխանը, որից հետո հանձնաժողովի անդամները նորից գնահատում են եւ օնլայն մեզ ներկայացնում։ Դրանից հետո ամփոփում ենք իրենց գնահատականները, եւ տեղի է ունենում ֆինանսական բաշխման պրոցեսը»,- ասում է ու ընդգծում, որ այդ ընթացքում հանձնաժողովի անդամներն առանձին են աշխատում։       

Չնայած հայտերի թվի աճին, ֆինանսը չի ավելացել՝ նույնն է։ Ըստ նրա՝ մրցակցությունը բերում է նրան, որ հանձնաժողովը լավագույնին է ընտրում. «Վերջում հաստատված ցանկը ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության հաստատմանը։ Գումարների փոխանցումն արվում է մաս-մաս՝ ըստ ներկայացված ծախսերի։ Մենք մշտական աշխատանքի մեջ ենք իրենց հետ, այնպես չէ, որ գումարը տվեցինք եւ կողք կանգնեցինք։ Իրենք բերում են փաստաթղթեր, որոնք մենք ստուգում ենք, տեսնում ենք՝ ինչքանով է լիարժեք, նոր փոխանցում ենք այդ գումարը եւ մանրամասն հետեւում ենք ֆինանսների ծախսման պրոցեսին»։ 

Շուտով կլուծվի նաեւ Կինոկենտրոնի տարածքի հարցը․ տնօրենը նկատում է, որ 2006-ից Կինոկենտրոնը տարբեր տեղերում վարձակալում է տարածքներ, եւ մինչ օրս մոտ 120 մլն դրամ ՀՀ բյուջեից ուղղվել է միայն վարձակալությանը։ Դա այն դեպքում, որ Կինոկենտրոնը Տերյան 3 ա հասցեում ունի տարածք, որը կարելի է վերանորոգել եւ վարձակալության համար չանել նման մեծ ծախսեր։ «Ներկայիս տարածքը ոչ միայն շատ հեռու է գտնվում կենտրոնից, այլ նաեւ վատ պայմաններ են, ձմեռը սարսափելի ցուրտ է՝ չի ջեռուցվում տարածքը, իսկ ամառը՝ սարսափելի շոգ»,- ասում է Միրզախանյանն ու հավելում, որ իր նշանակման օրվանից դիմել է նախարարությանը, որպեսզի Տերյան 3 ա հասցեի տարածքը վերանորոգվի։

Վերջերս ԿԳՄՍ նախարարի օգնականը եւ փոխնախարար Արա Խզմալյանն այցելել են այդ տարածք, որից հետո նախարարի հանձնարարականով աշխատանքներ են տարվում տարածքը վերականգնելու ուղղությամբ․ «Այս տարի կարվի նախագիծ-նախահաշվարկ, որը նախարարությունը կներկայացնի կառավարության հաստատմանը, որից հետո կկարողանանք սկսել շինարարական աշխատանքները։ Իմ նպատակն է, որ դա լինի կինոյի օջախ, որտեղ միայն Կինոկենտրոնի աշխատակիցները չեն լինի, այլ հնարավոր լինի այդ տարածքում կազմակերպել կինոդիտումներ, հանդիպումներ»։