Չի կարող տասը հազար մարդ կրճատվել` դա կեղծ օրակարգ է

Չի կարող տասը հազար մարդ կրճատվել` դա կեղծ օրակարգ է

Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը երեկ էլ չէր ներկայացվել Ազգային ժողով։ Մի քանի ամիս է՝ հարցն այս օրակարգ է բարձրացել, սակայն  նախագիծն ուշանում է։ Կան տեղեկություններ, որ, այնուամենայնիվ, կառավարությունում որոշել են նահանջել ու չգնալ կացնային լուծումների, որի արդյունքում հազարավոր մարդիկ կհամալրեն գործազուրկների շարքերը, եւ այդ պատճառով էլ նախագիծն անընդհատ փոփոխության է ենթարկվում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկա օրերին այն կհասնի խորհրդարան, ավելին՝ հայտարարեց, որ 10 հազար պետաշխատողների կրճատման հարցը կեղծ օրակարգ է, որը, պատգամավորի խոսքով, հատուկ դրվել է շրջանառության մեջ։ 

- Պարոն Պապոյան, ինչո՞ւ է ուշանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, ի վերջո, հայտնի է, թե ինչ լուծումներ են լինելու, եւ որքան մարդ է դուրս մնալու պետական համակարգից։

- Առաջին փուլով մոտավորապես 40 հոգու մասին է խոսքը, երկրորդ փուլով դա կարող է հասնել 300-350 աշխատակցի, երկու փուլերում էլ մոտեցումը լինելու է այն, որ ոչ թե ասելու են՝ դու դուրս արի աշխատանքից, լավ չես աշխատում, այլ մրցույթ է հայտարարվելու այդ պաշտոնի համար, եւ լավագույններն են մնալու։ Եթե անկեղծ՝ ես անձամբ կողմ եմ մի քիչ ավելի ռադիկալ փոփոխությունների, որովհետեւ մեր պետական համակարգն այսօր արդյունավետ չի աշխատում։

- Ստացվում է, որ մի քանի մարդու համար նախարարություններ են միացվելու, այսինքն՝ խնդիրը մի քանի նախարարական ու հայեցողական պաշտոնյանե՞րն էին։

- Գիտեք, կառավարությունը որոշակի սահունություն է դրսեւորում, որպեսզի սոցիալական խնդիր չառաջանա։ Այստեղ սոցիալական բաղադրիչն է կարեւորվում։ Բայց, կրկնում եմ, գլոբալ առումով մենք պետք է գնանք իմ ասած ուղղությամբ, հաղթահարենք այդ անդունդը, որովհետեւ մենք ունենք ուռճացված պետական համակարգ, որը մեկ օրում չէ այդպես եղել, երկու տասնամյակի ընթացքում այն կոնկրետ մարդկանց միջոցով, կոնկրետ քայլերով է ուռճացվել, կոալիցիաների արդյունքում փոխնախարարների, փոխմարզպետների ինստիտուտն այնքան է ուռճացվել, այո, շատ ճիշտ եք ասում՝ դա միայն այսբերգի վերեւի մասն է, բայց այն ունի նաեւ ներքեւի հատված. այդ մարդիկ իրենց հետ բերել են մարդիկ, ընդ որում՝ այդ մարզպետներն ու փոխմարզպետները գնացել են, բայց իրենց բերած այդ «ներքեւի» մարդիկ մնացել են։ Իմ կարծիքով՝ պետական ապարատում ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ պետք են շատ բարձր որակավորում ունեցող մարդիկ, մինչդեռ մասնավորում աշխատավարձերը բարձր են, քան պետականում, օրինակ՝ բիզնեսի թոփ մենեջերների աշխատավարձն ավելի բարձր է, քան փոխնախարարների աշխատավարձը, եւ բնական է, որ բարձր որակավորում ունեցող մարդը չի գա պետական ապարատ եւ կմնա մասնավոր սեկտորում, որտեղ մի քանի անգամ ավել են վճարում։ Կա 2 ճանապարհ՝ կա՛մ դու առանձին գումար ես հատկացնում այդ մարդկանց, այս դեպքում խնդիր է՝ դու քո բյուջետային ծախսերը պետք է մեծացնես այլ ոլորտի հաշվին, կա՛մ որոշակի կրճատումների շնորհիվ որոշակի միջոցներ խնայել եւ ներգրավել բարձր որակավորում ունեցող մարդիկ։

- Դուք ասացիք, որ ընդամենը 300-350 մարդ է կրճատվելու, բայց շաբաթներ առաջ հրապարակվել է վարչապետին ուղղված ֆինանսների նախարարի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրությունը, որով առաջարկում են կրճատել պետական համակարգում աշխատող 10 հազար աշխատողի, քանի որ նրանք «հավելյալ արժեք չեն ստեղծում», եւ կրճատումը կբխի պետական շահից։

- 10 հազարը կեղծ օրակարգ է, 10 հազար մարդ չի կարող կրճատվել․ մի պետական համակարգում, երբ աշխատում է 18 հազար մարդ, 10 հազարի կրճատվելու դեպքում պետական համակարգը կպարալիզացվի, եւ 10 հազար մարդու կրճատվելու մասին որեւէ խոսք չկա, մոռացեք այդ թվի մասին։

- Բայց ձեր փոխվարչապետն ու նախարարն էին այդ թիվը ներկայացրել։

- Ասում եմ՝ մոռացեք այդ թվի մասին, նման բան չի կարող լինել։

- Բայց եկեք պարզենք՝ վարչապետին ապատեղեկացրե՞լ են, թե՞ կառավարությունը ռիսկերը հաշվարկելով՝ հետ քաշվեց։

- Վարչապետին կարող են հարյուրավոր, հազարավոր առաջարկներ, գրություններ ուղղվել, հիմա եթե ես էլ՝ որպես ԱԺ պատգամավոր, առաջարկեմ 18 հազար մարդու կրճատել, ուրեմն դուք պիտի․․․ լուրջ չէ դա։

- Բայց չէ՞ որ նրանք պատահական մարդիկ չեն, նրանց վրա է դրված գործընթացը։

- Ես ասում եմ, որ հոկտեմբերին արված այդ առաջարկն այլեւս գործողության մեջ չէ, ավելին, վարչապետը վերջերս ասաց, որ ընդամենը 40, ապա նաեւ 300-320 մարդու մասին է խոսքը։

- Փաստորեն, ձեր թիմում կան պաշտոնյաներ, որոնք կեղծ օրակարգեր են առաջ բերում։

- Մեկնաբանությունը Ձերն է, ես չեմ ասում, թե ֆինանսների նախարարն ու փոխվարչապետը կեղծ օրակարգ են առաջ քաշում․ դա առաջ են քաշում այն մարդիկ, որոնք այդ փաստաթուղթը պետական համակարգից ինչ-որ մի ճանապարհով դուրս են բերել եւ սկսել են տարածել։ Դա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է, որտեղ եղել են մոտեցումներ, որոնք իրատեսական չեն եղել կառավարության կողմից։

- Ձեր խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ՝ այո, 50 տոկոսից ավելին ոչինչ չեն անում, եւ այդ 10 հազարը պետք է կրճատվեն 2 տարվա ընթացքում։

- Իմ անձնական կարծիքով՝ 10 հազար մարդ ո՛չ 2 տարում, ո՛չ 5՝ չի կարող կրճատվել։

- Հիմա կա՞, թե՞ չկա հաշվարկ՝ փոփոխությունների արդյունքում որքան մարդ է կրճատվում, մեկը մի բան է ասում, մյուսը՝ ուրիշ։

- Իրականում հակասություն չկա, կա մասնագիտական քննարկում, որը մեր հասարակության, լրագրողների մոտ շոկային է՝ ինչպե՞ս կարող է կառավարության եւ ԱԺ-ի միջեւ մասնագիտական քննարկում ծավալվել, մեկը նախատեսված է օրենքներ առաջ քաշելու համար, մյուսը՝ դակելու, բայց սա նոր Հայաստանն է, եւ այդպես է լինելու։

- Հիմա կա՞, թե՞ չկա հաշվարկ, քննարկումների արդյունքում ի՞նչ եք պարզել, եթե խոսքը մի քանի աշխատատեղի մասին է, ստացվում է, որ նախարարներն ու փոխնախարարներն էին խանգարում։ Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, ինչո՞ւ եք ուզում ստեղծել սուպերնախարարություններ եւ վերացնել, ասենք, մշակույթի նախարարությունը։

- Ես ակնկալում եմ, որ կստանանք այդ հստակ հիմնավորումները, թե այս կրճատումներն ինչի համար են, ինչ խնդիր են լուծում եւ այլն։ Պրոցեսները երկարում են հենց այդ պատճառով, որ նման քննարկումներ են գնում։ Եթե խնդիրն ապարատը պահելն է կամ մշակույթի նախարար ունենալը, ես այդ մոտեցման կողմնակիցը չեմ։ Երբ խոսում ենք կրճատումներից, երբ խոսում ենք խնայողություններից, կառավարությունն ինքն իրենից պետք է սկսի։ Այս առումով պետք է շատ կարեւորագույն արձանագրում անենք, «Իմ քայլը» դաշինքի ծրագրում հստակ գրված է եղել, որ տեղի է ունենալու կառավարության կառուցվածքի օպտիմալացում, եւ 70 տոկոսից ավելի բնակչություն հավանություն է տվել մեր ծրագրին։

- Դուք կարծում եք, որ ծրագրի՞ն են հավանություն տվել, ոչ թե Փաշինյանին։

- Ես մեր բնակչության ինտելեկտուալ կարողությունների մասին շատ ավելի բարձր կարծիք ունեմ, որպես ռեյտինգային պատգամավոր՝ տասնյակ հազարավոր մարդկանց հետ եմ շփվել, այո, երկրի վարչապետին իր կշռով, հեղինակությամբ չկա երկրորդ քաղաքական գործիչ, բայց ես տեսել եմ, որ մարդիկ կարդացել են մեր ծրագիրը եւ դեռ այն ժամանակ էին ինձ ասում՝ այ, այս կետը սկզբից արեք, այն մյուսը՝ լավ կլինի եւ այլն։