Բժշկական համալսարանի ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալվել է համակուրսեցին

Բժշկական համալսարանի ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալվել է համակուրսեցին

Նոյեմբերի 23-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ» ախտորոշումով բուժօգնության է դիմել բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 22-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, թե Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի շքամուտքում ընկել ու ստացել է վնասվածքներ:


Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին ավելին իմանալ չհաջողվեց. տուժած երիտասարդի վիճակը ծանր էր, թեպետ անզեն աչքով էլ երևում էր, որ վնասվածքները չեն կարող լինել ընկնելու հետևանք:

Կենտրոնական և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկեցին միջոցառումներ և ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզեցին, որ միջադեպը տեղի է ունեցել Կորյունի փողոցում: Տուժած երիտասարդի և նրա երկու համակուրսեցու միջև անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի, այդ ընթացքում էլ համակուրսեցիները հարվածներ են հասցրել երիտասարդին: Միջադեպին ներկա են եղել նաև այլ ուսանողներ, որոնք փորձել են հնարավորինս կանխել ծեծկռտուքը:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով` առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Հետագա միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 26-ի երեկոյան, մարմնական վնասվածք հասցնողներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, ձերբակալվել, ապա կալանավորվել է: Բացատրական աշխատանքի արդյունքում երկրորդ համակուրսեցին ինքնակամ է գնացել բաժին, ներկայացվել քննչական բաժին ու ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: