Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինել միջազգային հանրությանը 

Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինել միջազգային հանրությանը 

Անկեղծորեն հուսով եմ, որ մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումներում հրադադար հաստատված կլինի:

Թեեւ նույն հույսն ինքս եւ գուցե շատերը տածել են նաեւ հոկտեմբերի 10-ին եւ 18-ին: Ճիշտ է, երկու անգամ էլ հայտարարված հրադադարը, այնուհետ` զինադադարը չպահպանվեցին, բայց նույնքան էլ պարզ է, որ ե՛ւ եռանախագահների ջանքերը, ե՛ւ միջազգային ճնշումները դրանից չեն նվազում, այլ միայն մեծանում են եւ ի վերջո կբերեն ռազմական գործողությունների դադարեցման: Պատերազմական գործողությունները դադարեցվելու են միջազգային հանրության միջամտությամբ եւ ճնշումով, եւ այն, որ Երեւանի փողոցներում սեփական կառավարությանը պահանջներ ներկայացնելու փոխարեն ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ են ցուցարարներ պահանջներ ազդարարում, սպառիչ ցույց է տալիս, թե որտեղից են մարդիկ իրավիճակի հանգուցալուծում ակնկալում, որքան էլ դա ցուցարարների ծրագրերի մեջ չի մտնում:

Ցուցարարների ծրագիրը, կածես թե, սեփական ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին թողած, ՆԱՏՕ-ի երկրներից պաշտպանություն պահանջելն է: Թե ինչ հիմքով ու տրամաբանությամբ` երեւի Աստված գիտի: Հետաքրքիր է՝ ցուցարարները չգիտե՞ն, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կազմում չէ, այլ  Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ-ի: Հայաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի հետ չի կնքել անվտանգության եւ փոխադարձ պաշտպանության ոլորտի համաձայնագրեր, այլ՝ Ռուսաստանի,  հետեւաբար, ՌԴ դեսպանատան առջեւ էլ արժե ցույց անել: Ռուսաստանից մի պահանջեք ռազմական գործողություն, միջամտություն կամ պաշտպանություն, որ Մոսկվան էլ չքմեղանա, թե՝ գիտեք, Լեռնային Ղարաբաղը մեր պատասխանատվության գոտում չէ: ՌԴ դեսպանատնից ընդամենը պահանջեք, որ ՌԴ նախագահ Պուտինը զանգահարի Ալիեւին, ինչպես Մերկելը կամ Մակրոնն են զանգահարում, եւ նրանց նման պահանջի՝ ռազմական գործողությունները դադարեցնել, ոչ թե Պեսկովի շուրթերով տարածվող «Ալիեւին զանգահարելու կարիք չեմ տեսնում» հայտարարությամբ երկու օրը մեկ Ալիեւին քաջալերի ռազմական գործողությունները շարունակելու, Ալիեւն էլ փոխադարձաբար կոտրատվի, թե «Ռուսաստանն իրեն պահում է իրոք մեծ տերության նման»:

Գնացեք, խնդրեմ, ՌԴ դեսպանատան առջեւ պահանջեք, որ ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը երկու օրը մեկ քաղաքական ազդակներ չուղարկի Բաքու՝ հայտարարելով, թե՝ այո, մենք տեղյակ ենք, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին, բայց դրանից բոլորովին չի հետեւում, թե մենք էլ Հայաստանին ենք պաշտպանում: Գրողը տանի, կարելի է չպաշտպանել կամ չաջակցել, բայց ինչո՞ւ այդ մասին աշխարհով մեկ անվերջ հայտարարել: Այնպես որ, ՌԴ դեսպանատան առջեւ ցուցարարությամբ զբաղվելու առիթները քիչ չեն: 

Սակայն եթե ավելի լուրջ, ապա ցույցերը, ճանապարհներ փակելը, այս ու այն բողոքի կամ իրազեկման ակցիաները ռեալ քաղաքականության մեջ ոչ մի հետեւանք չեն կարող ունենալ, եւ, ինչպես տեսնում ենք, չեն էլ ունենում: Դիցուք, սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Հայաստանն առավոտից երեկո վարչապետի ու ԱԳՆ-ի մակարդակով հայության դեմ երկրորդ ցեղասպանություն կատարելու Թուրքիայի մտադրությունն է «մերկացնում»: Ե՞վ… ինչի՞ ենք հասել դրանով: Թուրքիայի հռետորաբանությո՞ւնը փոխվեց, զինվորականներին Ադրբեջանից ե՞տ տարավ, ջիհադիստների տեղափոխո՞ւմը ղարաբաղյան ռազմաճակատ դադարեցրեց: Կարծեմ, ոչինչ էլ չփոխվեց, որովհետեւ միջազգային քաղաքականության մեջ խոսում են այնպես, որ խոսքի կշիռը չկորչի, եւ խոսքի առատությունն էլ երբեք չի փոխհատուցում գործի բացակայությանը:
Իհարկե, այն բանից հետո, թե ինչպես է իրեն դրսեւորում վարչապետի աթոռին գտնվող Փաշինյանը, ցուցարարները քարտ-բլանշ ունեն խելքին փչածն անելու: Սակայն գիտակից որեւէ անձ չպետք է Փաշինյանից կամ ցուցարարներից օրինակ վերցնի եւ աշխարհին պահանջներ ներկայացնի կամ դասախոսություններ կարդա: 

Ի բացառություն մնացյալ Եվրոպայի

Անշուշտ, վերն ասվածն արցախցիներին չի վերաբերում: Այդ մարդիկ ոչ այնքան սպասելիորեն հայտնվել են ժամանակակից սպառազինությամբ ու ռազմագիտության կանոններով ընթացող մեծ ինտենսիվության պատերազմում, մինչդեռ շատերի հիշողություններում, պատկերացումներում պատերազմը գուցե 1990-ականների հրացաններով մարտերն էին, ուր մի քանի ամսում էլ երեւի այնքան իրադարձություն չէր ծավալվում, որքան այժմ մի օրում: Օրական հարյուրավոր զինվորականներ են զոհվում երկու կողմից, տեղավայրեր են մի կողմից մյուսին անցնում, Ստեփանակերտից ու Շուշիից մինչեւ, Թերթեր, Բարդա անվերջ ռմբակոծվում են ու հրթիռակոծվում, հարյուրավոր շինություններ են փլուզվում, հազարավոր մարդիկ են տեղահանվում ու ապահով վայրեր փոխադրվում, հարյուր հազարավորները նկուղներում են պատսպարվում, եւ վերջնահաշվում այդ պատերազմական հորձանուտում յուրաքանչյուրի կյանքն է վտանգված, այդքանով էլ էմոցիաներից բացի ոչինչ չի մնում: 

Երբ այդ վիճակում արցախցիներն իրենց մեջ դեռ ուժ եւ կամք են գտնում խոսելու` թեկուզ միջազգային հանրությանը դիմելու եւ մեղադրելու, արդեն գնահատելի է, եւ ինչ էլ ասեն, առարկություն չի առաջացնի: Բայց երբ ղարաբաղյան առաջնագծից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա Երեւանում են ոմանք` իրենց մտածելու նեղություն չտալով դժգոհում, թե ինչու միջազգային հանրությունն Ադրբեջանի ձեռքը չի բռնում, մեղադրական ճառեր են կարդում չգիտես ում հասցեին, այ, դա ընդունելի չէ: Իրականության մեջ երկրագնդի վրա այնքան էլ շատ ժողովուրդներ չկան, որոնք միջազգային հանրությունից այնպիսի աջակցություն են ստացել ու ստանում են, ինչպես հայությունը, եւ այնքան պատճառ ու հիմք ունեն միջազգային հանրությանը երախտապարտ լինելու, որքան Հայաստանն ու նրա քաղաքացիները: 

Հիմնական առիթն ու մոտիվացիան, թե ինչու ամեն հայաստանցի պետք է երախտագետ լինի միջազգային հանրությանը: Հայկական իրականությունում իր մեջ գրական տաղանդ պեղած ամեն ոք սովորություն ունի հայտարարելու, թե մենք Արցախում մեր հողերն ենք ազատագրել, եւ աշխարհը պարտավոր է դա ճանաչել: Եթե բոլոր այդ մարդիկ գրական պաթոսից ու սահմանափակությունից բացի, մի քիչ էլ նեղություն պատճառեին իրենց Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպական մայրցամաքում հաստատված աշխարհակարգի մասին պատկերացում կազմելու, ապա կհասկանային, որ Պորտուգալիայից մինչեւ Ռուսաստան եւ Ռուսաստանից մինչեւ Պարսից ծոց ու Կարմիր ծով, միայն երկու պետություն կամ պետականատիպ միավորում կա, որ իրենց միջազգային սահմաններից դուրս տարածք են գրավել կամ թող լինի` ազատագրել եւ դրանից հետո միջազգային բոյկոտի ու պատժամիջոցների չեն արժանացել, Իսրայելը եւ ԼՂՀ-ն, որի թիկունքում Հայաստանն է: Հայաստանից, ԼՂՀ-ից, Իսրայելից շատ ավելի հզոր Ռուսաստանը ընդամենը Վրաստան ու Ուկրաինա մտավ` Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Ղրիմի ինքնորոշումներին աջակցելու, այնպիսի տնտեսական ու անհատական պատժամիջոցների տակ հայտնվեց, որ մինչեւ հիմա տնտեսական խնդիրներից ու ռուբլու արժեզրկման ընթացքից դուրս չի գալիս: Եթե Ռուսաստանի տարածքը եւ վաճառվող էներգետիկ հումքը չլինեին, ով գիտե՝ ռուսական տնտեսությունը հիմա ինչքան ավելի վատթար վիճակում կլիներ:

Եվրոպայում այնքա՜ն ժողովուրդ այնքան տարածքներ է թողել այլ պետության կազմում, որ եթե բոլորը սկսեն տարածք վերադարձնել կամ տարածքի վրա ինքնորոշվել, աշխարհն այնպիսի դժոխք կդառնա, որ Երկրորդ համաշխարհայինը՝ իր բոլոր սարսափներով, դրա մոտ կինոֆիլմ կթվա: Դրա համար էլ համարյա երկաթյա վճռականությամբ ԵԽ-ի, նույնիսկ ԵԱՀԿ-ի տարածքում, ոչ մի սահմանների փոփոխություն չի հանդուրժվում, եթե դա երկկողմ խաղաղ համաձայնությամբ չէ: Եվ ոչ միայն չի հանդուրժվում, այլեւ պատժվում է: 

Եվ եթե մեզ համար 1990-ականներից մինչեւ այսօր այդ երկաթյա օրենքից բացառություն են անում, Ադրբեջանի բոլոր, ֆորմալ տեսակետից նույնիսկ դժվար առարկելի պահանջները մի կողմ են թողնվում, անտեսվում, եւ ղարաբաղյան խնդրի յուրահատկությունը հասկանալով Հայաստանի, նույնիսկ չճանաչված ԼՂՀ-ի հետ չեն վարվում ինչպես Ռուսաստանի կամ Կատալոնիայի հետ, դրա համար պետք է միջազգային հանրությանը շնորհակալ լինել, ոչ թե դատարկախոսել:

Կանխելու համար ավելի մեծ էսկալացիան

Երկրորդ, ոչ փոքր պատճառն ու առիթը՝ միջազգային հանրությանը շնորհակալ լինելու․ հենց այս օրերին ամենքս տեսնում ենք, որ Ստեփանակերտի եւ Շուշիի հրթիռակոծումներին ու հրետակոծումներին ի պատասխանէ ԼՂՀ Պաշտպանության բանակը ոչ միայն Ստեփանակերտի ու Շուշիի հետ համեմատելի մի քանի տասնյակ հազար բնակչությամբ փոքր քաղաքներ, դիցուք,  հարյուր հազարանոց Թերթեր, այլեւ կես միլիոն բնակչությամբ Գյանջա է հրթիռակոծում, ինչի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են Արայիկ Հարությունյանի կոչը լսելով կամ պայթյուններից, ավերակներից, մահերից զգուշանալով, տներից հեռանում` ահռելի քաղաքներն ուրվականի վերածելով: 

Այդուհանդերձ, Ադրբեջանն ընթացող պատերազմի սահմանները որեւէ կերպ չընդլայնելու եւ ՀԱՊԿ-ի, ԵԽ-ի ու ԵԱՀԿ-ի անդամ Հայաստանի հետ ուղիղ չբախվելու մտահոգությունից, իր կես միլիոնանոց բնակչությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծումներից հետո Հայաստանի սահմանամերձ գյուղեր անգամ մեկ-երկու հրթիռ է ուղարկել: Գործնականում փոխադարձ հրթիռակոծում-գնդակոծում-ռմբակոծումների մարտադաշտից ՀՀ տարածքը` իր ամենահեռավոր գյուղերով հանդերձ, զերծ է մնում: Հուսով եմ՝ յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ դա պատահում է ոչ Հայաստանի հանդեպ Ալիեւի տածած սիրուց կամ օրինապահությունից, հրթիռ խնայելուց կամ ՀՀ զինուժի հետ բախվելու վախից, այլ միայն ու միայն միջազգային արձագանքի երկյուղից: 
Եվ այս առումով ապշել կարելի էր, թե ինչպես էր ՀՀ ԱԳՆ-ն դժգոհություն հայտնում EEAS-ի խոսնակի կողմից Գյանջայի հրթիռակոծումը դատապարտելու կապակցությամբ: Նախ, EEAS-ից սեպտեմբերի 27-ից ի վեր Բորելի բոլոր հեռախոսազանգերի առիթով միշտ դատապարտել են քաղաքացիական թիրախների խոցումները: Իսկ Գյանջայի հրթիռակոծումն առանձնահատուկ է նրանով, որ դա 50 հազարանոց Ստեփանակերտ կամ հարյուր հազարանոց Թերթեր չէ, որտեղ պատսպարվել լինի: Գյանջան խիտ բնակեցված կես միլիոնանոց քաղաք է` Երեւանի ու Բաքվի հետ համեմատելի: Այդքանով էլ Գյանջային հարվածելն էսկալացիան նոր ու խիստ վտանգավոր մակարդակի է բարձրացնում: 

Եթե Գյանջային հարվածելը միջազգային արձագանքով առանձնահատուկ չընդգծվի, չդատապարտվի եւ կասեցում չպահանջվի, այդ ընթացքը կտանի նրան, որ մի օր էլ Ադրբեջանի հրթիռները Երեւանի ուղղությամբ կթռչեն, Երեւանի հրթիռները` Բաքվի: Դա այն է, ինչից ամեն գնով պետք է խուսափել, որովհետեւ եթե Երեւանին ու Բաքվին հարվածելու նշագիծը հատվի, փոխադարձ ոչնչացումը կդառնա անկասելի: Այսքանը կարող է չգիտակցել քաղաքականությունից հեռու շարքային քաղաքացին, բայց ուղղակի հուսահատեցնող է, երբ խնդրի խորքը չի տեսնում ԱԺ պատգամավորը կամ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: