Կապանի օդանավակայանի վերակառուցման մեկնարկի գաղափարը Կարեն Կարապետյանինն էր, իրականացումը` իմը

Կապանի օդանավակայանի վերակառուցման մեկնարկի գաղափարը Կարեն Կարապետյանինն էր, իրականացումը` իմը

Դեռ 2017-ի ձմռանը Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԶՊՄԿ նախկին տնօրեն Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ ուսումնասիրություններ են սկսել Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ: 

Այս հարցը ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա էր դառնում, քանի որ դեռ սովետական ժամանակներում Սյունիքի ու Տավուշի մարզերում տեղական նշանակության օդանավակայններ էին գործում եւ դա խիստ թեթեւացնում էր մայրաքաղաք հասնելու գործը եւ նպաստում էր մարզեր-Երեւան տնտեսական կապի զարգացմանը: Կապանի օդանավակայանի վերակառուցման գործընթացից վեց տարի անց` այսօր տեղեկացանք, որ Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Սակայն անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե կեղծ ինֆորմացիա է` հին կադրեր են տարածվում: «Հրապարակը» զրուցել է Վահե Հակոբյանի հետ, որը Կապանի օդանավակայանի վերակառուցման հեղինակն ու իրականացնողն է եղել 2017-ին:

-Համացանցում աղմուկ է բարձրացել, որ օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռի լուսանկարը 2017-ի լուսանկար է: Ե՞րբ է արվել այդ լուսանկարն ի վերջո:

- Լուսանկարը չգիտեմ երբվա է, սակայն Կապանի օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռը վայրէջք է կատարել 2017 թվականին: Այսօր տեխնիկական ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանից Կապան, բայց այս իշխանազավթածները հերթական անգամ սուտ են խոսում` ասելով, թե Կապանի օդանավակայանի վերակառուցումը նոր գաղափար է: Գաղափարը հին է, ծագել է 2016 թվականին: Մեկնարկը տրվել է Կարեն Կարապետյանի կողմից: Սա նոր օդանավակայան է, որը կառուցվել է մեր ջանքերով, բացառապես մասնավոր միջոցներով: Այդ ամենի նախաձեռնողը եղել եմ ես, միջոցների մեծամասնությունն էլ տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

- Գաղափարն ինչպե՞ս էր ծագել և ի՞նչ նպատակով:

-Իմ՝ մարզպետ եղած ժամանակ գաղափարը ծագեց, որովհետև այն մարզի զարգացման տրամաբանության մեջ էր: Մինչև հիմա կան տեսանյութեր, որոնց միջոցով հստակ բացատրվում է, որ մենք ուզում ենք Կապանը մայրաքաղաքին մոտեցնել, հատկապես ձմռան ամիսներին, երբ ճանապարհներին ձյուն էր տեղում, ավտոճանապարհը դառնում էր առավել վտանգավոր, յոթ ժամ տևողությամբ, իսկ ինքնաթիռով Կապանից Երևան հասնում են երեսուն րոպեում: 

- Գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում անվտանգության խնդիրներ կան, ադրբեջանցիները հասել են Սյունիքի մարզ: Այս պարագայում վտանգավոր չէ՞ Կապանի օդանավակայանի շահագործումը:

- Քանի որ վերջին խայտառակ զիջումների հետևանքով ադրբեջանական զինուժը համարյա Կապան է հասել, ընդ որում՝ տեղաբաշխվել են օդանավակայանի անմիջապես հարևանությամբ, ասեմ ավելին` ադրբեջանցիների դիրքերը օդանավակայանի դիրքից բարձր են, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ այս իշխանությունները կրկին որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հերթական զիջումների դիմաց ադրբեջանցիները թույլ տան օդանավակայանը շահագործվի: Այլ բացատրություն չունեմ, որովհետև մինչև բոլորովին վերջերս այս իշխանություններն ահուսարսափով էին խոսում Կապանի օդանանավակայանի մասին: Մենք նախքան պատերազմն ենք օդանավակայանը հանձնել շահագործման, ընտրված էր հատուկ մոդել: Հիմա իրենք չգիտե՞ն, որ, իրենց լեզվով ասած, նախկինների արած գործն են շարունակում:

- Իսկ գուցե իշխանությունների համար միեւնույնն է մարդկանց անվտանգությունը ապահովված է, թե ոչ: Ի՞նչ երաշխիքներ ունենան Կապանի օդանավակայանից օգտվողները:

- Իհարկե, միևնույնը կարող է լինել: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, թե ադրբեջանցիների ռիսկը հերիքի, որ կարողանա քաղաքացիական ինքնաթիռ խոցել, սակայն թշնամուց ամեն բան սպասելի է: Ադրբեջանական դիրքերում տարբեր տեսակի մարդիկ կարող են լինել, օրինակ` հարբած և այլն, ի՞նչ իմանաս, թե ինչ կարող են անել, պարտադիր չէ, որ զինված ուժերից լինի հրամանը:

- Այսինքն` չկա՞ անվտանգության երաշխիք:

- Երաշխիքներ պետք է տա կառավարությունը, սակայն կառավարությունն անգամ իր համար երաշխիքներ չի կարողանում տալ, էլ ուր մնաց ուրիշների կյանքի համար երաշխավորի:

- Տեղյա՞կ եք Կապան թռչող ինքնաթիռներից:

- Մենք ընդամենը մեկ ինքնաթիռ ենք գնել: Ես էլ ոչ մի բանի հետ կապ չունեմ: Ուշագրավ է ինքնաթիռի անվան պատմությունը: Ունեինք երկու տարբերակ` Ակսել Բակունցի կամ Համո Սահյանի, նրանցից մեկի անունը պետք է ընտրեինք, սակայն Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի խնդրանքով ընտրեցինք մեծ բանաստեղծ Համո Սահյանի անունը:

- Միայն Երևանից Կապան, Կապանից Երևա՞ն են թռիչքներ իրականացնելու, թե՞ կարող են նաեւ Ռուսաստանից ու Իրանից թռիչքներ լինել:

- Դա այլ կարգավիճակ է պահանջում, պետք է այդ դեպքում դառնա միջազգային օդանավակայան: Այս պահին դա հնարավոր չէ: Ես 2018 թվականից որևէ հարցով չեմ զբաղվում: Ենթադրաբար հիմա Ավիացիայի վարչությունն է զբաղվում այդ հարցերով:

- Իսկ ո՞ր ավիաընկերությունն է այսօր թռիչքն իրականացրել, տեղյա՞կ եք:

- Այն ժամանակ Ատլանտիս ավիաընկերությունն էր, հիմա չգիտեմ: Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արամ Մարությանին: 

- Տեղյա՞կ եք, թե ինքնաթիռում քանի ուղեւոր է եղել, ովքեր:

- Ենթադրաբար, ինքնաթիռը եղել է դատարկ: