Ավտոմոբիլային խնդիրը քննարկվում է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ

Ավտոմոբիլային խնդիրը քննարկվում է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ավտոմոբիլային խնդիրը քննարկվում է Հայաստանի եւ Ղազախստանի իշխանությունների միջեւ։ Այս մասին հայտնում է 4news.kz-ն։ Ըստ հրապարակման, արտոնյալ պայմանները, որոնք տրվել էին Հայաստանին ԵԱՏՄ շրջանակներում, կոչված էին սոցիալական խնդիրներ լուծելուն։ Սակայն մեծամասամբ դրանք օգտագործվել են կոմերցիոն նպատակների համար, ինչն էլ անակնկալի է բերել անդամ պետություններին։

Փոխվարչապետ Գրիգորյանը ընդգծել է, որ մեծ հաշվով Հայաստանը պարտավոր էր սահմանափակել մեքենաների տեղափոխումը ԵԱՏՄ անդամ երկրներ։ «Դա չարվեց եւ մենք ունենք այն, ինչ ունենք։ Եվ հիմա պետք է գտնել ուղիներ, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Առավել սուր հարցը դրված է Ղազախստանում։ Ներկայումս Հայաստանում է ղազախստանյան պատվիրակությունը, որը ժամանել է այս պրոցեսը կարգավորելու համար։ Ես կարծում եմ, որ առաջիկայում լուծումներ կգտնվեն»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետը։

Ավելի վաղ ղազախ հասարակական գործիչ Մուրատ Աբենովը ներկայացրել էր, թե որքան օրինակ է հայկական մեքենաների գտնվելը Ղազախստանում։

Նշենք, որ պաշտոնական մարմինները Ղազախստանում ՆԳ նախարարության մակարդակով առաջարկում են ուտիլիզացնել, մասնատել պահեստամասերի եւ այդ կերպ վաճառել Հայաստանից եւ Ղրղզստանից Ղազախստան ներկրված մեքենաները։ Այս մասին էլ գրում է տեղի «Хабар 24»-ը, նշելով, որ սա այն տարբերակն է, որը կառաջարկվի այն ավտոտերերին, ովքեր չեն ցանկանա կամ չեն կարողանա իրենց մեքենաները գրանցել Ղազախստանում։

Ղազախական ՆԳ նախարարի տեղակալ Մարատ Կոժաեւը հայտարարել է, որ ներկայումս դեռ շարունակվում են բացատրական աշխատանքները վարորդների եւ ավտոտերերի շրջանում։

Խորհուրդ են տալիս խորհրդակցել կոմպետենտ պետական մարմինների հետ, որպեսզի հասկանան, թե հնարավոր է արդյոք մեքենան, որն ունի արտասահմանյան համարանիշ, գրանցել տեղում։ Միայն մեկ շաբաթում Ղազախստանից հանվել է հայկական համարանիշերով երկու հազար մեքենա։ «Կա տեղեկատվություն, որ մեր քաղաքացիները Հայաստանի քաղաքացիների հետ օգտագործում են որոշակի խորամանկ մեխանիզմներ, որպեսզի այնտեղ ժամանակավոր կեցության իրավունք ստանան։ Դա արվում է սկսած հասարակ բնակբաժիններից տեղեկանքներ վերցնելուց մինչեւ Հայաստանում ժամանակավոր գրանցում հանելը»,- ասել է փոխնախարար Կոժաեւը, նշելով, որ ներկայումս պատվիրակություն է ուղարկվել Հայաստան, ստուգելու համար ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների գործողությունների օրինականությունը։

Միայն վերջին երեք տարում ԵԱՏՄ երկրներից Ղազախստան է ներկրվել ավելի քան երկու հարյուր հազար տրանսպորտային միջոց, որից միայն 40 հազարն է գրանցում անցել։ Մնացած տրանսպորտային միջոցները շահագործվում են անօրինական կերպով։