Լավ լուր․ կառավարության բուֆետի անցքը մեծացրել են

Լավ լուր․ կառավարության բուֆետի անցքը մեծացրել են

Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը մի կողմից նեղացնում է մեր երկրի սահմանները, մյուս կողմից լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։

Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու փոքր, և կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ կարողանային անցնել այդ անցքի միջով ու հասնեիլ ճաշարան՝ ստամոքսները լայնացնելու։ Այսօր նիստից հետո, երբ այդ անցքի միջով անցնում էինք, որ իջնեինք ճաշարան՝ ընդմիջման, նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացել է՝ շատ դրական փոփոխություն կառավարության կողմից։ Այսուհետ այլևս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի պետության ղեկավարների և միջազգային հանրության առջև, որպեսզի կարողանանք անցնել այդ նեղլիկ անցքով ու հայտնվել մեր ստամոքսային պահանջները բավարարելու համար նախատեսված սրահում։