Այնպես չէ, որ ունենք հոյակապ գործող դատական համակարգ, և ինչ-որ մի օր մեկը որոշեց այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ

Այնպես չէ, որ ունենք հոյակապ գործող դատական համակարգ, և ինչ-որ մի օր մեկը որոշեց այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ, որին մասնակցել են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի եւ մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները: 

Այսպիսի լայն կազմով հանդիպման վերաբերյալ ԲԴԽ-ի  տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին ու հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող եւ նմանատիպ այլ հարցեր։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատել է, որ Հայաստան ժամանած հյուրերի հետ ակտիվ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագրերի իրագործման հարցում։

Հանդիպման մասնակից, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ փորձագիտական առաքելության նպատակն է՝ հասկանալ, թե մեզ մոտ ինչպիսի իրավիճակ է, դատաիրավական բարեփոխումների համակարգի որ փուլում ենք գտնվում, ինչ կարգի աջակցություն իրենք կարող են ցույց տալ մեզ։ «Իրենք ժամանել են այդ նպատակով Հայաստան, հանդիպել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ես գիտեմ՝ կառավարությունում, արդարադատության նախարարությունում են հանդիպումներ ունեցել, եւ այդ հանդիպումների շարքով ենթադրվում է, որ իրենք որոշակի առաջարկություններ կմշակեն, զեկույցի տեսքով կներկայացնեն նույն այդ շահագրգիռ կողմերին։ Դրանից հետո մի քիչ ավելի բովանդակային քննարկումներ կսկսեն արդեն կոնկրետ աջակցության ձեւաչափերի, ուղղությունների վերաբերյալ»,- ասաց Վիգեն Քոչարյանը։

- Իսկ Դուք նախնական պատկերացում ունե՞ք, թե այդ աջակցությունն ինչ տեսք է ունենալու, օրինակ՝ ֆինանսական աջակցություն լինելո՞ւ է, թե՞ առավելապես խորհրդատվական բնույթ է կրելու։

- Ինձ թվում է՝ նախեւառաջ խոսքը փորձագիտական, խորհրդատվական աջակցության մասին է։ Այն խնդիրները, որոնց հետ մենք այսօր գործ ունենք, միայն Հայաստանին չեն հատուկ, գոյություն ունի նաեւ միջազգային փորձ, եւ այդ փորձը մեր գործունեության մեջ պետք է օգտագործենք։ Եվ այդ առումով նրանց փորձագիտական-խորհրդատվական օժանդակությունը կարող է օգտակար լինել։

- Օրինակ՝ վեթթինգի հարցում նրանք կարո՞ղ են իրենց դերակատարումն ունենալ։

- Կոնկրետ կարող եմ Ձեզ ասել, որ մեր քննարկման ընթացքում կոնկրետ վեթթինգի վերաբերյալ առանձնահատուկ խոսակցություն չի եղել, խոսակցությունն ավելի ընդհանուր բնույթի է եղել, խոսել ենք այն պրոբլեմների մասին, որ ունի այսօր մեր դատական համակարգը, եւ այդ իրավիճակը հաղթահարելու մասնագիտական խնդիրների վերաբերյալ։

- Հատկապես ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։ Ձեր հաղորդագրության մեջ նշված է, որ մտքերի փոխանակում եք ունեցել դատաիրավական բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման շուրջ։ Ի՞նչ է նշանակում արդյունավետ կառավարում, որքանո՞վ է ոչ արդյունավետ այսօրվա կառավարումը, կամ` էլ-արդարադատության համակարգերը որո՞նք են լինելու։

- Ասեմ. ուրեմն` արդարադատության արդյունավետ կառավարումը նախ վերաբերում է այդ գործերի ընթացքին, այնպես պետք է անել՝ էլեկտրոնային արդարադատության գործիքներն օգտագործելով, որպեսզի այն իրողությունը, որ մենք շատ դեպքերում այսօր ունենք, դա չլինի այն, որ գործերը կարող են տարիներով քննվել։

- Իսկ այդ խնդիրների մեջ մտնո՞ւմ են, օրինակ, դատական համակարգի շուրջ վերջերս ստեղծված իրավիճակը, դատարանների արգելափակումը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ այլն։

- Հետեւյալը կարող եմ ասել, որ մեր բոլոր ոչ միայն այդ խնդրո առարկա` պատվիրակության հետ քննարկումները, այլ, ընդհանրապես, բոլոր մեր միջազգային գործընկերների հետ շփումները վկայում են, որ նրանց մոտ կա ընդհանուր գիտակցում, որ, այո, Հայաստանում դատական համակարգը լրջագույն խնդիրներ ունի, լրջագույն ճգնաժամային երեւույթներ կան, եւ հենց նման այցելությունները, հանդիպումներն ուղղված են նրան, որ մեզ օգնեն, աջակցեն այդ նշված խնդիրներն ու ճգնաժամը հանգուցալուծել։

- Հիմա իմ թվարկածները՝ դատարանների շրջափակում, վարչապետի հայտարարություններ եւ այլն, Ձեր նշած այդ խնդիրների մեջ մտնո՞ւմ են։

- Ձեր թվարկածը ոչ թե ինքնին խնդիրներ են, այլ պայմանավորված են այդ խնդիրների առկայությամբ։ Այնպես չէ, որ մենք ունենք հոյակապ գործող դատական համակարգ, եւ ինչ-որ մի օր մեկը որոշեց այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։ Խնդիրն ավելի խորն է, խնդիրն այն է, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ՝ կապված դատական իշխանության հետ։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ իսկապես ժողովրդավարական, իրավական պետություն, այդ խնդիրները պետք է լուծվեն։ Այլ տարբերակ, իմ խորին համոզմամբ, մենք չունենք։

- Իսկ այդ խնդիրների լուծման համար դրսից ֆինանսական օժանդակություն հարկավո՞ր է, թե՞ մենք մեր ուժերով կկարողանանք իրականացնել այդ բարեփոխումները։

- Ես հետեւյալը կարող եմ ասել, որ իմ խորին համոզմամբ՝ ի սկզբանե մենք ի վիճակի էինք մեր խնդիրները լուծել մեր ուժերով։ Սակայն, միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ խնդիրներն ավելի դյուրին, ավելի արագ կլուծվեն այն դեպքում, երբ որ կա նաեւ արտասահմանյան փորձագիտական եւ նյութական օժանդակություն։ Պարզ է, որ այդ օժանդակությունն ինքնանպատակ չի կարող լինել եւ չպետք է լինի։