Թող դատավարությունը սկսի, մենք կասենք մեր ասելիքը

Թող դատավարությունը սկսի, մենք կասենք մեր ասելիքը

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, հետեւում է Մարտի 1-ի գործով այսօր մեկնարկած անդրանիկ դատական նիստին։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ինքը ծանուցագիր է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից, եւ հնարավոր է, որ առաջիկայում մասնակցի դատական նիստերին։

«Տասնմեկ տարի է, ինչ դրան էինք սպասում, իհարկե, մասնակցելու ենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող եւ մեղադրյալի կարգավիճակով դատավարությանը մասնակցող Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, ապա Վաչագան Ֆարմանյանը հարցնում է․ «Ի՞նչ է իրենց ուզածը, որ ազատե՞ն Քոչարյանին։ Աջակիցներն ովքե՞ր են, իր նման մարդիկ են։ Խելքը գլխին մարդը նրան կողմնակից կլինի՞։ Շա՞տ են ուզում, որ ազատ արձակվի, թող իրենց երեխեքին էլ տան, սպանեն։ Իրենք պատրաստ են դրան։ Թող դատավարությունը սկսի, մենք կասենք մեր ասելիքը։ Օրենքով ոնց կա, այդպես էլ գնում է դատը։ Մենք մասնակցելու ենք դատավարությանը, մեր պահանջները ներկայացնելու ենք, մեր երեխեքի արյունը հո չի մոռացվել»։

Հարցին, թե սպասո՞ւմ է անակնկալ բացահայտումների, Վաչագան Ֆարմանյանն արձագանքեց՝ հնարավոր է։
«Թող բացահայտվի, ովքեր մեղավոր են, բացահայտվի, որ նրանք էլ են մասնակից, թող նրանց էլ կալանավորեն»,- ասաց Ֆարմանյանը։