Ապրիլի 24-ին ընդառաջ. ի՞նչ ցուցադրություններ են սպասվում

Ապրիլի 24-ին ընդառաջ. ի՞նչ ցուցադրություններ են սպասվում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։ Այս մասին ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։

Գզոյանի խոսքով՝ ցուցադրությունն իր ծավալով, խորությամբ և բովանդակությամբ բացառիկ է և ամբողջովին նվիրված է ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրության նպատակն է լուսաբանել այն մարդկանց գործունեությունը, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին գտնվել են Օսմանյան կայսրության տարածքում և փաստագրել են տեղի ունեցող հանցագործությունները։ Նրանց թվում են դիվանագետներ, լրագրողներ, հետաքննողներ շուրջ 26 երկրներից։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հենց Օսմանյան կայսրության ներսում գործող վկաներին, ովքեր փաստագրել են ցեղասպանության դրվագները։

Ցուցադրություններ կկազմակերպվեն նաև արտերկրում։ Էդիտա Գզոյանը նշեց, որ Բուխարեստում արդեն տեղի է ունեցել ցուցադրության բացումը։ Ապրիլի 23-ին և 24-ին նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Լեհաստանում։ Իսկ ԱՄՆ-ում ցուցադրությունը կդառնա շրջիկ՝ տեղի ունենալով ապրիլից մինչև հունիս ամիսների ընթացքում։ Նախնական պայմանավորվածություն կա նաև Բրազիլիայում ցուցադրություն կազմակերպելու վերաբերյալ։