Նոր փոփոխություններով «ատկատները» կբացառվե՞ն

Նոր փոփոխություններով «ատկատները» կբացառվե՞ն

Ֆինանսների նախարարությունը որոշել է փոփոխել գնումների մասին օրենսդրությունը։ Այն, հիշեցնենք, վերջին անգամ փոփոխության էր ենթարկվել 2017 թվականին։ Փոփոխությունների երկու ուղղություն կա՝ ենթաօրենսդրական ակտերով, որոնք ԱԺ-ի հաստատման կարիքը չունեն, եւ կարող է ներկայացվել համալիր փոփոխությունների փաթեթ՝ կախված նրանից, թե ինչ առաջարկներ կլինեն։ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ասաց, որ իրենք փոփոխությունների շրջանակում ակնկալում են շահագրգիռ հատվածից՝ գործարար հատված, քաղհասարակություն, պատվիրատուներ, ստանալ առաջարկներ, թե ինչ տեսակ փոփոխություններ են անհրաժեշտ կատարել համակարգում։ 
Նկատեցինք, որ 2017-ի փոփոխությունները երբ լինում էին, ասում էին՝ դրանք միտված են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն, «ատկատները» բացառելուն, բայց այդ կոռուպցիոն ռիսկերը հիմա նորից են տեսնում գործող օրենսդրության մեջ, որոնք «ատկատի» հնարավորություն են ստեղծում։

«Տեսեք, էդ «ատկատի» հնարավորությունը դա օրենսդրական է․․․ ինչ մեխանիզմ որ հնարավոր է ներդնել, որը որ մեր պատկերացումը թույլ է տալիս, մենք դա պարբերաբար թարմացնում ենք, ներդնում ենք։ Օրինակ՝ նույն այդ խտրական բնութագրեր կրող ընթացակարգերը։ Մենք հիմա մտածում ենք, որ էդ խնդիրը կարողանանք լուծել եւ դարձնել հանրային քննարկման առարկա, որպեսզի բոլորս ունենանք էդ պրոցեսին մասնակցելու հնարավորություն»,- ասաց Սերգեյ Շահնազարյանը։

- Շատ են բողոքներն առ այն, որ պատվիրատուն նախապես իր ծանոթ ընկերությանը տեղեկացնում է տենդերի մասին, նրան նախապատրաստում, որ, ասենք, նախապես պահեստավորի եւ ունենա համապատասխան ապրանքը, որ հետո ինքն այնպիսի ժամկետ նշի, որ միայն տվյալ ընկերությունը կարողանա հաղթել։

- Այո, հնարավոր է։ Բայց դա Դուք ո՞նց եք պատրաստվում կարգավորել։ 

- Բայց դա ամենակարեւոր հարցն է, որ, ենթադրաբար, պետք է ձեր կողմից կարգավորվեր։

- Չէ, կարգավորվում է, մենք ասում ենք՝ ապրանքի մատակարարման փուլին 20 օրից պակաս ժամանակ չտաս։ Եթե էդ 20 օրը կարճ է, դրա համար ենք մենք նախաձեռնել էս օրենսդրական փոփոխությունները։ Եթե բիզնեսը գտնում է, որ էդ 20 օրը կարճ է, եւ ինքը, ըստ էության, էլի դուրս է մնում մրցույթից, դա էն բավարար ժամանակը չէ, որ ինքը կարողանա, մենք առաջարկում ենք էդ խնդիրները ներկայացնել, քննարկենք, եւ եթե այո, բոլորս կգանք նրան, որ 20 օր, դա պիտի լինի 30 օր կամ 50 օր, գնանք, էդ 20 օրը բարձրացնենք դարձնենք 50 օր։

- Մեկ այլ խնդիր էլ, երբ, ասենք, կահույքի արտադրությամբ զբաղվողը սկսում է մասնակցել, դիցուք, բժշկական սարքավորումների մրցույթին․ նման մի դեպք վերջերս եղավ։ Ասում են, որ այդպիսի դեպքերը պայմանավորված են լինում, հատուկ են նման ընկերությունները մտնում դաշտ, որ դուրս մղեն հիմնական խաղացողներին։

- Դրա համար մենք ունենք համապատասխան մարմիններ, որոնք էդ հնարավոր հակամրցակցային համաձայնություններին կամ երբ էդ մրցակցության ոլորտում չարաշահումներ են թույլ տալիս, եթե մենք ունենք տենց դեպքեր, կարծում եմ, որ էդ մարմինը քննարկման առարկա դարձնում է դրանք եւ ուսումնասիրում։

- Մեկ անձից գնումների մասով էլ կան դժգոհություններ, քանզի շատ պատվիրատուներ կամայական որոշում են, որ պիտի մեկ անձից կատարեն այդ գնումը, որովհետեւ ժամկետի մեջ չեն տեղավորվում, դրա համար, օրինակ, քաղաքապետարանը տոնածառ է գնում այդ եղանակով կամ «ԿամԱԶ»-ներ է ձեռք բերում։ Սա ինչպե՞ս է կարգավորվում, որ կամայական որոշումներ չլինեն։

- Կարգավորված է դա, որ բացեք գնումների մասին օրենքի 23 հոդվածը, նայեք եւ նայեք կառավարության 526 որոշումը, էնտեղ կոնկրետ սահմանված են այն դեպքերը, երբ պատվիրատուն ունի հնարավորություն՝ կարիքը մեկ անձից գնման ձեւով բավարարելու։

- Գուցե այդ դեպքե՞րը փորձեք սահմանափակել, որ չչարաշահեն դրանք։

- Դե, գիտե՞ք, դրա համար եմ ասում, որ կան մարմիններ, որոնք էդ ինֆորմացիան ստանալով՝ իրենք ունեն հնարավորություն դա գնահատելու՝ չարաշահվա՞ծ է, թե՞ չարաշահված չէ։ Այսինքն՝ մենք չենք կարող էն տրամաբանությամբ գնալ, որ բոլորը կարող են սա չարաշահել։ Իսկ հնարավոր է մեկը չարաշահի, հազարը չչարաշահեն։

- Հիմա քաղաքապետարանի ձեռք բերած տոնածառի կամ «ԿամԱԶ»-ների դեպքում եղե՞լ է չարաշահում։

- Դա, ես կարծում եմ, քաղաքապետարանին է պետք տալ եւ էդ գնահատականն ստանալ իրենցից։ Որովհետեւ գնման ձեւը, ըստ օրենսդրության, որոշում է պատվիրատուն։

- Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են տոնածառը ձեռք բերում մեկ անձից՝ 80 միլիոնով, գուցե մեկ ուրիշը նույնը 50 միլիոնով էր տալիս․ նույնը վերաբերում է նաեւ «ԿամԱԶ»-ներին։

- Տեսեք, մեզ մոտ հրատապ մեկ անձից գնումները եւս արվում են էլեկտրոնային համակարգի միջոցով, եւ բոլոր շահագրգիռ սուբյեկտներն ունեն հնարավորություն էդ ընթացակարգին եւս մասնակցելու։ Այսինքն՝ մեկ անձից գնում անելը չի նշանակում գնալ մեկից առնել։ Եվ երբ որ պատվիրատուն հրատապ մեկ անձից գնում է անում, ինքն էլեկտրոնային համակարգում հրապարակում է հայտարարության հրավեր, եւ ցանկացած շահագրգիռ մարդ հնարավորություն է ստանում հայտ տալ եւ մասնակցել։

- Բայց չափանիշները հաճախ այնպես են սահմանում, որ այլ ընկերություններ չեն կարողանում դրան մասնակցել։

- Բողոքարկման մեխանիզմ կա դրա համար, ու եթե բիզնեսը տեսնում է, որ չափանիշները խտրական են, եւ ինքը չի կարողանում դրան մասնակցել, ինքը պիտի գնա ու բողոքարկի էդ ընթացակարգը։

- Մի բովանդակային խնդիր էլ․ դիցուք, ավտոմեքենայի մրցույթ է հայտարարվում, բայց գրվում է Toyota Corolla 1.6 լիտրանոց VVT-i շարժիչով կամ դրա համարժեքը։ Բայց Toyota Corolla-ի համարժեքը չի լինում VVT-i շարժիչով եւ 1.6 լիտր ծավալով։ Գուցե համարժեքի փոխարեն ուղղակի ինտերվա՞լ սահմանվի։

- Ես կարծում եմ՝ Ձեր բարձրացրած հարցը հնարավոր է լուծել գնման բնութագրերի միասնական կատալոգ ունենալու միջոցով, այսինքն՝ նորմավորել, որ բոլորի մոտ նույն բնութագիրն աշխատի, եւ մենք կգանք ժամանակի ընթացքում դրան։ Այսինքն՝ էդ բնութագրերը սկզբում կլինեն, կարծում եմ, ուղղորդող, հետո կամաց-կամաց ժամանակի մեջ դրանք կդառնան պարտադիր։

- Մրցույթի պահանջներով՝ պետք է հաղթի նվազագույն գին առաջարկողը, բայց շատ հաճախ այդ նվազագույն գին առաջարկած ու հաղթած ընկերությունը չի կարողանում բավարարել պատվիրատուի պահանջները կամ մատուցում է ցածրորակ ծառայություն։ Ուստի հաճախ պատվիրատուն ասում է՝ ավելի լավ է ես մեկ անձից գնումը կատարեմ, բայց վստահելի ընկերությունից, քան մրցույթով ինչ-որ մի «ճ» կլասի ընկերություն գա հաղթի ու հետո չկարողանա պատշաճ որակով ծառայություն մատուցել։

- Ես չեմ կարող էդ Ձեր հարցին պատասխանել։ Ձեր ինֆորմացիան ինձ թվում է՝ մի քիչ ճիշտ չէ էն տեսակետից, որ մինչեւ գնին հասնելը մենք ունենք որոշակի այլ պահանջներ եւս, մասնավորապես՝ մասնակցության իրավունքի պահանջների բավարարում, որակավորման չափանիշների պահանջների բավարարում, հետո նոր գին։ Այսինքն՝ գինը որոշիչ է, բայց միակ պայմանը չէ մրցույթին մասնակցելու։ Եվ էդ Ձեր ասած «ճ» կլաս, «բ» կլաս, դրանք չգիտեմ ինչի մասին է խոսքը։

- Օրինակ՝ կարո՞ղ է որեւէ ընկերություն նույն ծառայության դիմաց 5 անգամ ցածր գին առաջարկել եւ հաղթել։ 

- Կարող է, իհարկե, հնարավոր է։ Ուղղակի էստեղ պիտի վստահ լինեք, որ մենք բյուջեով ենք ճիշտ թիվ դրել։ Կարող է իրականում էդ բյուջեով պլանավորած թիվը հինգ անգամ փո՞քր լիներ։

- Նկատի ունեմ, եթե տվյալ ապրանքը շուկայում արժի 5 հազար դրամ, բայց ինչ-որ մեկը նույն ապրանքը վաճառում է 1000 դրամով, եւ պատվիրատուն պարտավոր է նրան հաղթող ճանաչել։ Արդյոք դա տրամաբանակա՞ն է։

- Գիտե՞ք, դա գնումների օրենքի խնդիր չէ, դա ավելի շատ տեխնիկական կամ ստանդարտացման խնդիր է։ Ուրեմն երեւի մենք պիտի փոխենք ստանդարտները ու չթողնենք, որ էդ 1000 դրամանոց ապրանքը մտնի երկիր ու վաճառվի։