Ո՞ւմ նկատի ունի «մեզ» ասելով
«Արևմուտքը բազմաթիվ անգամ մեզ օգնության ձեռք է մեկնել, բայց դա մենք չենք գիտակցել»: Այսպիսի դատողություն հանդիպեցի արևմտամետների համայնքի ենթադրաբար գլխավոր ներկայացուցիչ Պապյան Արայի ֆեյսբուքյան էջում: Ինչը ներկայացվեց Աստծո և նրա օգնությունն ակնկալող ծովում խեղդվողի վերաբերյալ առակի տեսքով: Ի դեպ, այդ դատողությանը ծանոթացա ֆեյսբուքյան մեկ այլ օգտատիրոջ էջով մուտք գործելով, քանի որ Պապյանն ինձ ջնջել է ընկերների ցանկից, ու դա բավական չէ՝ նաև բլոկ է արել: Անկեղծ ասած, մի քիչ տխրեցի, քանի որ վերջերս հաճախ էինք խոսքային բախումների մեջ մտնում: Ընդ որում, իր կողմից բացարձակ անարդարացի, քանի որ սկսելով այն՝ ինքը լքում էր մարտադաշտը՝ ինձ միայնակ թողնելով իր մի քանի տասնյակ հետևորդների դեմ: Մեկ օր անց նույն գրառման տակ մեկ այլ մեկնաբանություն անելով՝ թարմացնում էր խոսքակռիվը: Իմիջիայլոց ասեմ, որ այդ հարցում իրար խիստ նման են դրանք և տեր-պետրոսյանական ֆեյսբուքցիները: Մի ժամանակ այդպիսին էին նաև Նիկոլի հետևորդները, բայց վերջերս դրանք բավական թուլացել են:
Ինչևէ, իմ ու Պապյանի միջև այդպիսի փոխհարաբերության սկիզբը դրվեց նրա կողմից ու այն էլ բացառիկ ագրեսիվ տոնով: Ինձ համար դա անսպասելի էր, քանի որ մի ժամանակ հարգել եմ նրան: Հետո սկսեց պատասխան ստանալ, սակայն ոչ թե սեփական՝ «դու սուտ ես խոսում» մանկամիտ դատողության հանգույն, այլ հիմնավորված ու փաստարկված: Սակայն քանի որ իր հետևորդների շրջանում նա հայտնի էր որպես պրոֆեսոր, ապա ինքը տեսականորեն անգամ չէր կարող սխալ դուրս գալ բանասիրականի ոմն շրջանավարտի հետ բանավեճում: Եվ արդյունքում ֆեյսբուքյան իմ տեսադաշտից ինքնակամ ոչ ևս եղավ:
Ինչևէ, Պապյանի առումով բավարարվենք այսքանով ու անցնենք նրա դատողության քննությանը: 30 տարի առաջ, երբ մենք անջատվում էինք Խորհրդային Միությունից, իսկ Ադրբեջանը՝ ոչ (հիշենք մեր և խորհրդային հանրաքվեները), մենք «նվեր» ստացանք «Օղակ» ռազմական գործողությունը: Այնուհետև Բորիս Ելցինի վարչակազմի կողմից մենք ստացանք իսկական նվեր հսկայական (այն ժամանակների համար) սպառազինության տեսքով: Ինչն այլ գործոնների հետ մեկտեղ մեզ օգնեց հաղթելու Արցախյան առաջին պատերազմում: Որքան տեղյակ եմ՝ արևմտյան ոչ մի երկիր մեզ ռազմական առումով չօգնեց: Մարդասիրական օգնություն ստացել ենք, ինչի համար շնորհակալ ենք, սակայն ընդամենը դա: Անցան տարիներ, և մենք սպառազինություն էինք գնում հիմնական Ռուսաստանի Դաշնությունից: Այն էլ բավական էժան վարկերով՝ դրան գումարած ռուսական ներքին գներով: Այսինքն՝ այն նույն գներով, որով ՌԴ ՊՆ-ն էր սպառազինություն գնում իր երկրում: Դրան գումարենք ՌԴ ռազմական բուհերում ՀՀ ՊՆ-ին հատկացվող ամենամյա անվճար տեղերը: Իհարկե, ռազմական գնումներ կատարվել են նաև այլ երկրներից, սակայն դրանք հիմնականում շուկայական գներով էին: Ժամանակին, օրինակ, մեզ առաջարկվել է իսրայելական սպառազինություն, սակայն դա մեր իշխանության կողմից մերժվել է, քանի որ խիստ թանկ է եղել մեր բյուջեի տեսակետից:
Սակայն ո՛չ 2016 թվականի քառօրյա և ո՛չ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն օգնություն չստացավ արևմտյան երկրներից: Բայց երկու դեպքում էլ մենք սպառազինության կամ արբանյակային տեղեկատվության տեսքով օգնություն ստացել ենք Ռուսաստանից: Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետ արևելյան թշնամի երկրի ղեկավարը մեղադրում էր միջինասիական (մերձկասպյան) թյուրքախոս պետությունների ղեկավարներին, որ նրանք թույլատրել են ռուսական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների թռիչքն իրենց տարածքների սահմաններով: Մեր հարևան և բարեկամ Վրաստանն, օրինակ, արգելեց այդ թռիչքների իրականացումը: Չնայած թույլատրել էր Ադրբեջանին ռազմական և այլ օգնություն հասցնող թուրքական կամ ադրբեջանական ինքնաթիռները թռիչքն իր օդային տարածքով: Իհարկե, պատերազմից հետո դա անընդհատ հերքվեց, սակայն մենք չենք մոռացել, չէ՞, Ջավախքի մեր հայրենակիցների կողմից սպառազինություն փոխադրող թուրքական տրանսպորտի առաջը փակելը: Ինչից հետո ստիպված եղան ընտրել ավելի թանկ տարբերակը՝ օդային փոխադրումը:
Դա՝ իմիջիայլոց, չմոռանալով սակայն, որ 2020 թվականի աշնանը Վրաստանն ամբողջությամբ գտնվում էր Արևմուտքի, ներառյալ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ազդեցության գոտում: Հաշվի առնելով, որ ռուսական խաղաղապահների ներկայության դեմ ամենաակտիվ հանդես եկողն Ադրբեջանն է՝ աժբականների հետ մեկտեղ, ապա «Արևմուտքի կողմից մեզ օգնության ձեռք մեկնել» ասելով Պապյանը երևի նկատի ունի Ադրբեջանին: Բայց այդ դեպքում մի հարց է ծագում՝ որքան տեղյակ եմ, Ադրբեջանը լավ էլ օգտվում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի՝ բացահայտ, և արևմտհան այլ երկրների՝ գաղտնի, օգնությունից: Այնպես, որ Արևմուտքը լավ էլ օգնում է մեր թշնամուն, և վերջինիս էլ երբեք չի հրաժարվել և չի հրաժարվում այդ օգնությունից: Իսկ մեզ, առավելագույնը, փորձում է աջակցել ադրբեջանցիների գործողությունները խիստ կամ ոչ այնքան խիստ դատապարտող հայտարարություններով:
Կարծիքներ