Երևանի ու Փարիզի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը ՌԴ-ի սրտով չէ

Երևանի ու Փարիզի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը ՌԴ-ի սրտով չէ

Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

«Արտատարածաշրջանային երկրները Հարավային Կովկաս են գնում իրենց օրակարգով, որը, մեղմ ասած, ոչ միշտ է համապատասխանում տարածաշրջանային պետությունների շահերին։ Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման հակառուսական օրակարգով։ Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Անդրկովկասի կայունությանն ու անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությունն առավել արդյունավետ կարող է ապահովվել տարածաշրջանի պետությունների ջանքերով»,- ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործանախարարը շեշտել է, որ Ռուսաստանը տարածաշրջանային պատասխանատվության կողմնակից է՝ և՛ անվտանգության ապահովման, և՛ Հարավային Կովկասում ու մյուս տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով։