Լռե՛ք. իսկ դուք դեռ խոսում եք՝ անիմաստ, դատարկ, վնասակար

Լռե՛ք. իսկ դուք դեռ խոսում եք՝ անիմաստ, դատարկ, վնասակար

Լռե´ք, 5 րոպե լռե՛ք: Մի ասեք, որ սահմանամերձ գյուղի բնակչի արտագաղթի միակ պատճառը վատ ինտերնետն է, երբ նույն օրը ադրբեջանցին նրան գողանում է: Մի ասեք, որ խցանումի պատճառը տնտեսական ակտիվությունն է, երբ արտաքին պարտքը կատաստրոֆիկ թվերի է հասնում: Մի ասեք՝ հարմարվեք իրականության հետ, դուք պարտված ազգ եք, երբ պարտվել ենք ձեր առաջնորդությամբ: Ի սեր աստծո, լռե՛ք, հարգեք մեր սուգը, լռե՛ք:

Վերանորոգեք ձեր առանձնատները, շրջագայեք ձեր մասնավոր ինքնաթիռներով, կրկնապատկեք ձեր թիկնապահների թիվը, բայց լռեք: Մի ոչնչացրեք հազարամյակների հեղինակություն ունեցող ազգին՝ ձեր տգիտությամբ, մի հավասարեցրեք մեզ վայրի ցեղերի հետ, մի կործանեք այն ամենն ինչ ստեղծվել է մինչև ձեզ և առանց ձեզ: Ձեր հիմար բարբաջանքների շնորհիվ մենք հիմա անգամ «Չուռկա» չենք, մենք հիմա ավելի ցածր ենք: Իսկ դուք դեռ խոսում եք անիմաստ, դատարկ, վնասակար:

Հայաստանում եղել է շրջան, երբ հասարակությունը և իշխանությունը զուգահեռ իրականություններում են գոյություն ունեցել: Եթե չեք պատրաստվում հեռանալ, եթե որոշել եք ձուլվել այդ աթոռներին, կառչել այդ պաշտոններից՝ լռե՛ք պարոնայք, լռե՛ք: Մի վարկաբեկեք, մի արժեզրկեք, վայելեք լուռ:

Ու վերջում ես չգիտեմ ձեր ընտանիքներում ինչպես է, բայց մենք մեր ամեն մի երեխային արժեք ենք համարում ու ամեն մեկի համար պատրաստ ենք կյանք տալ, դադարեք այդ խեղկատակությունը, զոհվածի ծնողին էկոյի փող տալով՝ մահացած երեխային չես վերադարձնի, այնպես որ տվեք այդ փողը, բայց լռեք, որ աշխարհում տպվորություն չլինի թե հայի երեխան հորթի պես մի բան է, մեկը չլինի տեղը նորը կծնվի, լռե՛ք: