Ադրբեջանի հավաքականն էլ ճգնաժամի մեջ է. ֆրանսիացիների սխրանքը խուճապ է հարուցել

Ֆրանսիան դարձել է Ադրբեջանի հավաքականի մրցակիցը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում, տագնապած գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ֆրանսիացիները նախօրեին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում՝ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ պատասխան խաղում իսկական սխրանք են գործել:
Մարտի 20-ին Զագրեբում կայացած առաջին խաղում խորվաթները հաղթել են 2:0 հաշվով։ Բայց տնային խաղում «եռագույնները» կարողացել են նույն հաշվով հաղթանակ տանել Միքայել Օլիսեի ու Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ։ Տանտերերն ավելի լավն էին նաև 11 մետրանոց հարվածաշարում՝ 5:4:
Այսպիսով, D խմբում կընդգրկվեն Ֆրանսիան, Ուկրաինան, Իսլանդիան և Ադրբեջանը: Ադրբեջանի ազգային հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի սեպտեմբերի 5-ին Իսլանդիայում։
Ադրբեջանի հավաքականն այս պահին խորը ճգնաժամի մեջ է. շարունակում է ահազանգել տեղական մասմեդիան: Նշվում է, որ պորտուգալացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Սանտուշի թիմն իր վերջին յոթ հանդիպումներում վեց պարտություն է կրել՝ գոլերի ընդհանուր տարբերությամբ՝ 3-20: Իսկ շաբաթ օրը Ադրբեջանի հավաքականը Սումգայիթում ծանր պարտություն է կրել Հայիթիի ընտրանուց՝ 0:3:
Կարծիքներ