Մեր դատական համակարգի մասին հակիրճ՝ երկու լուսանկարով

Մեր դատական համակարգի մասին հակիրճ՝ երկու լուսանկարով

Լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Մեր դատական համակարգի մասին հակիրճ՝ երկու լուսանկարով

Առաջին լուսանկարում հետախույզ, Արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանն է, որի մահապատժի դատապարտումը կոպտագույն դատական սխալ էր, քանի որ Իրանի քաղաքացու ուղղությամբ նրա կրակոցը եղել էր արմնկին, ինչպես նշել էր դատական փորձագետ Յուրի Դաղունցն իր դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ՝ մահը պատճառական կապի մեջ չի եղել արմնկի վնասվածքի հետ և չէր կարող լինել: Մահը առաջացել էր գանգուղեղային փակ վնասվածքից, հնարավոր է ընկնելուց: Սակայն 1995-ին Սողոմոնին դատապարտում են մահապատժի ԻԻՀ դեսպանի ճնշմամբ:
Սողոմոնը 20 տարի դաժանագույն տառապանքներ է կրել՝ կորցնելով ողջ ընտանիքը, քայքայելով առողջությունը: 20 տարի անց երկարատև պայքարի արդյունքում ծանր հիվանդության հիմքով նա ազատվեց, 15 օր անց հիվանդանոցում մահացավ ու թաղվեց Եռաբլուրում:

Երկրորդ լուսանկարում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն է, որը Սողոմոնի դատապարտումից մեկ տարի առաջ՝ 1994-ին դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման, թեև ի սկզբանե գործը հարուցվել է նույն հոդվածով, ինչով դատապարտվել է Սողոմոնը: Այսինքն՝ Հրանտ Գրիգորյանին ևս սպառնում էր մահապատիժ, քանի որ գործարար, 36-ամյա, 3 անչափահաս երեխաների հայր Մհեր Պողոսյանը ստացել էր հրազենային վնասվածքներ գանգի ու կրծքի շրջանում, բայց դա հետագայում գրչի թեթև հարվածով վերաորակվում է զենքի հետ վարվեցողության կանոնների խախտման: Արդյունքում Գրիգորյանը փրկվում է ընդհուպ մինչև մահապատժի դատապարտվելուց, հետո դառնում է նաև ԱԺ պատգամավոր, օրենքներ գրում:

Թվում է՝ այս երկու գործերը կապ չունեն իրար հետ, բայց կապողը ճչացող անարդարությունն է: Անարդարության գագաթնակետն է, երբ մարդ արմնկի կրակոցի գործով կարող է մահապատժի դատապարտվել և հակառակը՝ գանգի ու կրծքի կրակոցով՝ 1 տարվա ազատազրկման. առաջինը դիտարկվի որպես դիտավորություն, իսկ գանգի ու կրծքի վնասվածքը՝ որպես անզգուշություն, զենքի հետ սխալ վարվելու հետևանք ընդամենը: Սելեկտիվ արդարադատությունը սա է, երբ տեր չունի առաջինը, իսկ տերով է երկրորդը:

Նշածս երկու գործերը, նաև Հայաստանի դատական համակարգի՝ աբսուրդի հասնող նման շատ այլ դատավճիռներ պիտի վերանայվեն, պիտի առերեսվենք դատական սխալներին, որոնք ճակատագրեր են արժեցել»: