Բեյրութում շատ ծանր իրավիճակ է․Շահան Գանտահարյան 

Բեյրութում շատ ծանր իրավիճակ է․Շահան Գանտահարյան 

«Հրապարակը» կապ է հաստատել  Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Մեր զրուցակիցը Բեյրութում տիրող իրավիճակն այսպես նկարագրեց՝ շատերը ծանր վիճակում են, այս պահի դրությամբ հայերի շրջանում կան 11 զոհ և հարյուրավոր վիրավորներ․ նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունենցած հուժկու պայթյունից զոհվել են «Համազգայինի» Փալանջյան-Արսլանյան ճեմարանի 2007 թվականի շրջանավարտ Ժակ Պարամագյանը, հայ բժշկուհի Ջեսիկա Բեզջյանը, լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Դելիա Փափազյանը։

Վիրավորների մի մասի վիճակը շատ ծանր է, մի մասի վիճակը՝ թեթև։ Հիվանդանոցներն էլ լեփ-լեցուն են։ «Շատ ծանր իրավիճակ է, չգիտենք՝ ովքեր են, որ կյանքի հետ խնդիր ունեն, ովքեր ավելի թեթև։ Շտապօգնության համակարգը շուրջօրյա աշխատում է»,-ասում է Գանտահարյանը։ Ինչը հայազգի խմբագրի խոսքով՝ նաև կարող է բարոյահոգեբանական ազդեցություն ունենալ։ Նաև հայկական կազմակերպություններն աշխատում են, որպեսզի կարողանան ժողովրդի կարիքները հասկանալ։ 

Yerkir.am-ի վերլուծաբան Եղիա Թաշչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որով երևում են Բեյրութում երեկ տեղի ունեցած հուժկու պայթյունի ավերիչ հետեւանքները, և տեսանյութը վերնագրված է․ «Բեյրութը՝ Մերձավոր Արեւելքի Հիրոսիմա»։ Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով վնասվել են հայաշատ Բուրջ Համուդ թաղամասը, հայկական խմբագրատներ, նաև`  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոն համարվող Անթիլիասի մայրավանքը։ Վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները, վեհարանի հայագիտական եւ մանկավարժական կենտրոնների շենքերը, Կիլիկիա թանգարանը։

Lիբանանում ՀՀ դեսպանատունը հաղորդել էր, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ «Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը»,- ասված էր ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որում հավելվում է նաև, որ ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ։

Լիբանանում նախկին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը  «Հրապարակին» հայտնել էր, որ կա Բեյրութից Հայաստան գալու ցանկացողների ցանկ։ Գանտահարյանին հարցրեցինք, թե այս մասին ինչ կարծիքի է, իրո՞ք կան այդպիսիք։ «Կան, իհարկե, կան, բայց այդպիսիք ավելի շատ` երկքաղաքացիություն ունեցողները, նրանք, ովքեր ունեն կեցության հատուկ կարգավիճակ»։  

Շահանի հետ կապը մերթընդմերթ գրեթե վերանում էր, բառերը շատ դեպքերում անհասկանալի էին, դրա համար հարցազրույցը ներկայացված է էական կրճատումներով։