Խորհուրդ չէի տա, որ Արցախի նախագահները դառնան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները

Խորհուրդ չէի տա, որ Արցախի նախագահները դառնան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները

Կանխատեսվում էր, որ 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունն ընթանալու է թեժ, սաստիկ լարված մթնոլորտում, Քոչարյանի աջակիցներն անզիջում են գտնվելու եւ բախումներ հրահրելով փորձելու են ազդել դատական պրոցեսի վրա։ Նույնիսկ ասպարեզ է նետվում հայաստանցիներին եւ ղարաբաղցիներին միմյանց հակադրելու հնամաշ թեզը։ 

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ընդդիմադիր գործիչ, Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ ներկա իշխանությունները փորձում են հարթել հայաստանցի-ղարաբաղցի տարաձայնությունները։ Իսկ նրանք, ովքեր ճիգեր են գործադրում եւ  փորձում են  փրկել Ռոբերտ Քոչարյանին, ոչնչի չեն կարող հասնել։

Գրիգոր Հարությունյանը հիշեցնում է, որ ղարաբաղցի-հայաստանցի հակասություններն առաջացել են դեռեւս 2003թ․ ՀՀ նախագահի ընտրություններից հետո, 2008թ․ մարտի 1-ին, երբ Հայաստանի նախկին իշխանությունները զորք էին բերում Արցախից՝ ճնշելու ընդդիմադիր ցուցարարներին։
«Ժամանակին իրենք են ամեն ինչ արել հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու համար, իսկ այսօր, հակառակը, ամեն ինչ արվում է, որ չառաջանան հակասություններ։ Եվ Հայաստանի ու Արցախի ժողովուրդների միջեւ չկան հակասություններ։ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ որեւէ տարբերություն չկա մեր ժողովուրդների միջեւ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Արցախի Հանրապետության ներկա նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ՝ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի փոխեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Արդյո՞ք այդ կերպ նրանք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին։

«Ուղիղ միջամտություն է, դատապարտելի է։ Արցախի երկու նախագահներն էլ երեւի անհանգստացած են ինչ-ինչ բաների համար, դրա համար են գնում նման քայլերի։ Ես խորհուրդ չէի տա, որ իրենք դառնան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւ սեպ խրեն մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ։ Իրենց դա, միեւնույնն է, չի հաջողվի»,- արձագանքեց ՀԺԿ փոխնախագահը։
Իսկ ոտնահարվո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները անազատության մեջ եւ դատաքննության փուլում։

«Քոչարյանի իրավունքները ոչ ոք չի ոտնահարել։ Ես,  ընդհակառակը, դժգոհ եմ իրավապահ մարմիններից, դատարանից, որ թույլ են տալիս խուլիգաններին ազատ գործել եւ խանգարել դատաքննությունը։ Մենք տեսանք կադրերը, թե ինչպես վարվեցին նրանք քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ։ Մենք էլ, չէ՞, կարող ենք հավաքվել, գնալ այնտեղ։ Ի՞նչ անենք, բոլորին հավաքենք, շպրտենք Զանգո՞ւն։ Թող թողնեն դատարանը նորմալ աշխատի։ Իրենք չեն պատկերացնում, որ ժողովուրդը կարող է իրենց քացու տակ գցել (նկատի ունի Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրած անձանց), եթե շարունակեն դատարանի վրա ճնշում գործադրել։ Եթե մենք ցանկանանք, կարող ենք իրենցից տասնյակ, հարյուր  անգամ ավելի շատ մարդ հավաքել, բայց ինչո՞ւ դա անենք, թող դատարանն աշխատի։ Եթե շարունակեն իրենք իրենց նույն ձեւով պահել, վերջը վատ կլինի»,- կարծում է Գրիգոր Հարությունյանը։