Դատավորը պատրաստ է վեթինգի ենթարկվել

Դատավորը պատրաստ է վեթինգի ենթարկվել

Դեռ անցյալ տարի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել էին դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի նախագահ ընտրելու մասին ԲԴԽ-ի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ. վարչական դատարանը մերժել էր վարույթի ընդունումը ։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տալիս, դրանից հետո սկսվեցին տարատեսակ մեկնաբանություններ։
 

«Հրապարակ»-ի հետ զրույցում դատավոր Ալ․Սուքոյանը, մեկնաբանելով Հարությունյանի հրաժարականի փաստը, նշեց․ «Ամեն դեպքում, մենք այն հիմնավորումներն, որոնք ներկայացրել ենք մեր հայցերով, կարծես թե ընդունվեց իրավաբանական համայնքի կողմից։ Ես, ճիշտն ասած, պարոն Հարությունյանի դուրս գալու շարժառիթը չեմ հասկանում, որովհետեւ դատական նիստերի էի, բայց ամեն դեպքում, անձ է, որը իր որոշումը կայացրեց»։

-Որի հետ դուք համաձայն եք։
 

-Այո, իհարկե, համաձայն եմ, որովհետեւ մենք գիտենք՝ ինչքան ենք հիմնավորել, որ նա ունի մի քանի օրենսդրական սահմանափակում, ինչի հետեւանքով ինքն իրավունք չուներ ոչ միայն ԲԴԽ-ի նախագահ լինելու, այլ նաեւ  անդամ։ 

-Պատճառը կարծես ոչ թե Ձեր հիմավորումներն էին, այլ  այն, որ նպատակահարմար չի գտնում հետագա աշխատանքը։

-Ես քաղաքական շարժառիթների վերաբերյալ չեմ ուզում ոչինչ ասել, դա կլինի ոչ կոռեկտ։

-Դուք պատրաստ եք վեթինգի ենթարկվե՞լ։

-Միանշանակ։ Մենք արդեն հոգնել ենք. 20 տարի ես դատավոր եմ աշխատում եւ անընդհատ լսում եմ կասկածները, մեղադրանքները, կիսատ-պռատ ուղերձները։ Անցնենք այդ վեթինգի միջով։ Հետո նոր համակարգով հանդես գանք հանրության  առջեւ եւ ասենք՝ եղբայր, ընդունեք այս համակարգը որպես դատական իշխանություն՝ առանց վերապահումների։ Միանշանակ համաձայն եմ։

-Այսինքն՝ ընդունում եք, որ հանրության  կողմից անվստահություն կա դեպի դատական իշխանությունը։

-Դե դրա համար էլ անցնենք, հանրային պահանջն եմ ես զգում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ դատավորներն ամենազգուշավոր մարդիկ են, եւ յուրաքանչյուր դատավոր իր կարիերայի ընթացքում հազարումի խնդիրներ կարող է ունենալ։ Յուրաքանչյուրս զգուշությամբ ենք մոտենում այդ «Վեթինգի» ինստիտուտին։ Բայց, որ պետք է մենք ինքնամաքրվենք, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում։ Ով կմնա, կմնա, ով չի մնա․․․ ես վստահաբար չեմ ասի, որ կարող է մնամ, բայց ամեն դեպքում, եթե մնացի, ապա իմ երեխաները, հարազատները, հանրությունը չեն ասի, որ գիտեք էս էն դատավորն է, այն պիտակները, որոնց մեզ կպցնում են։

-Ինչո՞ւ չպետք է շարունակեք աշխատանքը։

-Պատկերացում չունեմ, Եվրոպական դատարանում մերժված վճիռներ չունեմ, գույք առհասարակ չունեմ, ինչ կա՝ ներկայացրել եմ։ Բայց որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ բոլոր փորձությունների պատրաստ է, չէ, ես հոգեբանորեն պատաստ եմ, թող իրենք որոշեն։ Միայն մի խնդիր, որ այդ հանձնաժողովը լինի բոլորի կողմից ընդունված։

-Դատական համակարգը բարեփոխելու մեխանիզմների մասին ի՞նչ կասեք։ Օրինակ, որքանո՞վ էր ճիշտ դատարանների ելքերնումուտքերը շրջափակելը։

-Իշխանության գլուխը նման մեսիջ ուղարկեց, որքանով էր դա իրավաչա՞փ, կոռեկտ չեմ համարում, զսպվածություն եմ ցուցաբերում այս առումով, որեւէ գնահատականի չեմ արժանացնում։

-Այդ օրը դատարան կարողացե՞լ եք մտնել։

-Ես չեմ էլ գնացել դատարան։ Ես դատավոր եմ, եւ պետությունը պետք է ապահովի, երաշխավորի իմ գործողությունները, այդ թվում անվտանգության առումով։ Ուղիղ եթերով տեսել ենք՝ ինչ է կատարվում, ես պիտի՞ մտնեի, վեճի բռնվեի ժողովրդի հետ։ Դատավորին դա վայել չի։