Հարազատները խոստացան երեխայի դին տեղափոխել ԱԺ-ի մոտ 

Հարազատները խոստացան երեխայի դին տեղափոխել ԱԺ-ի մոտ 

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պնդում են, որ ինքնասպանություն չէ, սպանություն է։ Մասնավորապես, դիահերձման ժամանակ տղայի մարմնի վրա հայտնաբերվել են հին ու նոր կապտուկներ։ Հարազատները հարցնում են՝ ի՞նչ գործ ունեն կապտուկները ինքնասպան եղած մարդու մարմնի վրա։ 
 

Արթուրի մոր ինքնազգացողությունը բողոքի ակցիայի ժամանակ վատացավ, մի քիչ թարմ օդ շնչելուց ու ջուր խմելուց հետո կինը, ով հազիվ էր ոտքի վրա կանգնում, միկրոֆոնների մեջ բղավեց․ «Ես ուզում եմ իմանալ՝ իմ երեխիս ով է սպանել, պատճառն ուզում եմ իմանալ, ես իմ բալեն եմ ուզում։ 20 տարեկան՝ որբ, ոչ հեր ունի, ոչ հարազատ չունի, ես խնդրում եմ»։

Կինն ասում էր, որ որդուն տվել է հայրենիքը պաշտպանելու համար, ոչ թե երեխային սպանեն, տան իր ձեռքը։  Հարազատներից մի տղամարդ՝ հորեղբայրը,  ասում էր, որ սպակայազմը՝ Արթուրի հրամանատարից բռնած, տեղյակ է կատարվածին։

«Էս ինչի՞ են պահում, կոծկում էս հանցագործությունը, ինչու՞ են ինքնասպանության պիտակը կպցնում երեխային»։

Ներկաներից պապը ևս հայտարարեց, որ թոռանը սպանել են դիրքերում։ Բողոքի ակցիան բավական էմոցիոնալ էր, հորեղբայրը հայտարարեց, որ եթե դրական պատասխան չստանան, խոստանում են երեխայի դին բերել ԱԺ-ի մոտ։  

Քիչ անց ցուցարարների հետ հանդիպեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, Նաիրա Զոհրաբյանը, ով փորձում էր հանգստացնել հարազատներին, առաջարկում էր բոլոր հարցերն ուղղել պաշտպանության նախարարությանը։