Հերթական վանդալիզմը․ կրկին այրել են Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող հայկական գերեզմանատունը կրկին հրկիզվել է։ Այս մասին տեղեկություն է տարածել գերեզմանատան տնօրինությունը։ Նշենք, որ այնտեղ թաղված են Սողոմոն Թեհլերյանը և բազմաթիվ այլ նշանավոր հայեր։
Նշվում է, որ սա հունվարի սկզբից ի վեր հրկիզման վեցերորդ դեպքն է։
Գերեզմանատան աշխատակիցները կարծում են, որ միջադեպը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է:
«Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպերի հետևանքով այրվել է 19 հին նոճի։ Այս մասին իր հերթին գրել է «Զարթոնքը»։
«Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել», – նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում ՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
«Այս գերեզմանատան առաքելությունն է պահպանել բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ: Անհնար է նկարագրել, թե որքան լուրջ ենք մենք մտահոգված տեղի ունեցածով»,-ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը։
Նա նշել է, որ հրդեհները գրանցվել են 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։
Տնօրենը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ:
Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։
Կարծիքներ