«Սասնա ծռերը» սադրում է

«Սասնա ծռերը» սադրում է

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ՀՀ իշխանություններից պահանջում է իրավական քայլեր ձեռնարկել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ: «Հիմնավորումն» այն է, որ Բալասանյանը հանդես է եկել այդ կուսակցության գործունեությունը քննադատող հայտարարությամբ: Խնդրի շուրջ նման մտասեւեռումը բերում է եզրակացության, որ քաղաքական դաշտում որեւէ կոնկրետ անելիք չունենալով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը եւ նրա արցախյան «դուստր ձեռնարկությունը» նպատակադրվել են քարոզչական աղմուկի միջոցով հիշեցնել իրենց մասին, ինչը շատ հաճախ նրանք անում են սահման անցնող ձեւակերպումներով: Դրա վառ ապացույցն Արցախի ԱԽ քարտուղարին պաշտոնանկ անելու՝ ՀՀ իշխանություններին արված հորդորն է: Հայտարարության հեղինակները հազիվ թե չեն հասկանում, որ արցախցի պաշտոնյայի հարցը չի որոշվում Հայաստանում: Բայց նրանք գիտակցված գնում են տեղեկատվական սադրանքի՝ քողարկվելով ազատ կարծիք արտահայտելու իրավունքով:

Մարդիկ, այո, ազատ են կարծիք արտահայտելիս, բայց՝ որոշակի շրջանակներում, որ գծում են երկրի սահմանադրությունը եւ օրենքները: Արցախի քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն արդեն մի քանի անգամ «Սասնա ծռերին» հորդորել են հարգել արցախցիների՝ անկախ պետություն հռչակելու եւ այն զարգացնելու, միջազգային ճանաչման հասնելու ազատ կամարտահայտությունը, որն ամրագրված է սահմանադրությամբ եւ անփոփոխելի է: «Սասնա ծռերը», մինչդեռ, հետեւողականորեն շարունակում են անտեսել այդ հորդորը, համառորեն Արցախն անվանում են Հայաստանի մարզ:

Այդ մտասեւեռումն արդեն խորհելու տեղիք է տալիս՝ իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք: Այս իմաստով, թվում է, պատկան մարմինները պետք է գնահատական տան ոչ թե Վիտալի Բալասանյանի, այլ «Սասնա ծռերի» գործունեությանը: Մասնավորապես, եթե մի կուսակցություն չի ճանաչում Արցախի՝ որպես անկախ եւ ինքնիշխան երկրի գոյությունը, չի հարգում նրա սահմանադրությունը եւ օրենքները, ապա որքանո՞վ է օրինական նրա արցախյան կառույցի պետական գրանցումը:

Ըստ երեւույթին, իրենց քայլերով «Սասնա ծռերն» Արցախի իշխանություններին փորձում է մղել հակազդող քայլերի: Ամենայն հավանականությամբ, հենց այդ նպատակն է հետապնդում նաեւ ծրագրվող ավտոերթը: Հետաքրքիր է՝ կազմակերպիչներն այդ մասին իրազեկե՞լ են Արցախի իշխանություններին, այն համայնքների ղեկավարներին, որտեղով պիտի անցնի երթը: Այլ կերպ ասած՝ դա արտոնվա՞ծ միջոցառում է լինելու՝ ինչպես պահանջվում է օրենքով: Թե՞ փորձելու են երկրորդ «Բերձոր» անել: «Սասնա ծռերն» ակնհայտորեն գնում են սադրանքի: Արցախի իշխանություններից պահանջվելու է մեծ հանդուրժողականություն եւ բացառապես օրինական որոշումներ ընդունելու վճռականություն, որպեսզի իրավիճակը կառավարելի մնա: