Եթե ՄԻԵԴ գանգատներ ներկայացվեն, մեր զեկույցները կարեւոր աղբյուր են

Եթե ՄԻԵԴ գանգատներ ներկայացվեն, մեր զեկույցները կարեւոր աղբյուր են

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս օրերին ակտիվ աշխատանք է տանում՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ընթացքում գրանցված դեպքերն ուսումնասիրելու, դրանք հավաքագրելու եւ որպես հակառակորդի ագրեսիայի դրսեւորման ապացույց՝ ներկայացնելու միջազգային կառույցներին։ Նույնն արել է նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ թշնամին ամենավայրագ գործողություններն էր իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց՝ այս աշխատանքների գլխավոր նպատակն իրական վիճակը ցույց տալն է։ «Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նույնպես բազմաթիվ տեղեկություններ է փոխանցում, եւ շատ կարեւոր է, որ միջազգային գործընկերները, նաեւ մեր բնակչությունը իմանան, թե իրական վիճակը որն է»,- ասաց պարոն Թաթոյանը։

- Այս պահին ի՞նչ աշխատանքներ են տարվում, եւ դրանք հետագայում ի՞նչ արդյունք կարող են տալ միջազգային հանրության կողմից գնահատականների առումով։

- Ինչ վերաբերում է կոնկրետ աշխատանքներին, դրանք կարող են լինել տարբեր, ենթադրենք, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացվեն, մեր զեկույցները կարեւոր աղբյուր են։ Կարեւոր ինֆորմացիա են նաեւ հավաստիության առումով, որը կարող են նաեւ իրենք օգտագործել իրենց գանգատներում։ Դրանից բացի, մենք՝ որպես առանձին կարգավիճակ ունեցող կառույց, ներկայացրել ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, եւ հիմա էլ, եթե չեմ սխալվում, նստաշրջան է ընթանում, եւ կարող են, օրինակ, քննարկել դրանք։ Ես կապի մեջ եմ նաեւ Ժնեւում մեր մշտական ներկայացուցչի հետ եւ տեղեկացել եմ, որ մենք հիմա տեղեկություններ ենք ներկայացնում։ Դրանից բացի, ամենակարեւոր հարցերից է նաեւ՝ թույլ չտալ որեւէ կեղծ ինֆորմացիա դրսում։ Անգամ այն, որ մենք ճիշտը ներկայացնում ենք այս աստիճան քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունը, պատկերացնո՞ւմ եք, եթե չներկայացնեինք, մենք էլ չաջակցեինք, ու հանկարծ միակողմանի ընկալում լիներ այս ինֆորմացիայի։

- Հիշում ենք, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ սահմռկեցուցիչ դեպքեր էին տեղի ունենում խաղաղ բնակչության հետ, երբ թշնամին բառացիորեն մարդկանց մորթում էր իրենց տներում։ Այդ ամենը Ձեր կողմից միջազգային կառույցներին ուղարկելուց հետո ի՞նչ հետեւանքներ են ունեցել։

- Միջազգային դատապարտումների են արժանացել այդ խոշտանգումները, դրանք լայնորեն օգտագործվել են Եվրոպական դատարանում, օրինակ՝ հիմա գանգատարկվում են։ Եվ ես գիտեմ, հրապարակային աղբյուրներից տեղեկացված եմ, որ դրանք հենց մեր զեկույցների, տեղեկությունների հիման վրա են ներկայացված։

- Թշնամու կողմից վերջին օրերի հարձակումներից այսօր ունե՞նք ծանր դեպքեր, որոնք հավաքագրել եք եւ պետք է ուղարկեք միջազգային կառույցներին։

- Այո, իհարկե, ունենք։ Ապրիլյանին մարդկանց խոշտանգումներն էին, իսկ հիմա ավելի շատ գույքին հասցված վնաս է։