Ֆեյսբուքներում մեծ-մեծ խոսելու փոխարեն պիտի գնային և սեփական օրինակով ցույց տային

Ֆեյսբուքներում մեծ-մեծ խոսելու փոխարեն պիտի գնային և սեփական օրինակով ցույց տային

Զրուցել ենք մեդիափորձագետ, լրագրող, «Ազատագրական շարժման» համահիմնադիր Նաիրի Հոխիկյանի հետ։

- Դուք հաճախ եք լինում Արցախում։ Հորդորում եք մարդկանց գալ ու ապրել Արցախում։ Մինչեւ օգոստոսի 25-ը Բերձորի և Աղավնոյի բնակիչներին ժամանակ է տրված՝ պետք է լքեն իրենց բնակավայրերը։ Դուք այսօր եք վերադարձել Արցախից, ինչ է կատարվում այնտեղ։

- Աղավնոյում և Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են։ Ամեն մեկը փորձում է իր գլխի ճարը տեսնել։ Երեկ երեկոյան, երբ Բերձորում նստած զրուցում էի մարդկանց հետ, նրանք շփոթված և մտահոգ, անորոշության մեջ՝ չէին կողմնորոշվում ու պատկերացնում, թե 30 տարվա իրենց ունեցվածքը ինչպես են կարողանալու հավաքել մի քանի օրերի ընթացքում։ Նրանք բացի շարժականից, նաև այլ իրեր՝ տանիք, պատուհան, դռներ էին որոշում հանել։ Ամեն մեկը մտածում  է ինչ-որ կերպ դատարկել իր տունը, ու թե՝ դեպի ուր, իրենք էլ չգիտեն։ Այս իրավիճակն է մարդկանց մոտ։ Մարդիկ իրենց դավաճանված են զգում, որովհետև պատերազմից հետո համարյա երկու տարի շարունակ իրենց հավաստիացրել են, որ ոչ մի խնդիր չկա, պիտի մնան ու ապրեն, արարեն իրենց հայրենի Արցախում։ Ու մեկ էլ հանկարծ  գալիս ու ասում են, որ մի քանի օրում պիտի դուրս գան, հակառակ դեպքում՝ ադրբեջանցիները, թուրքական «սպեցնազը» բոլորին կսպանի այստեղ։ Այսպես տարբեր կերպ վախեցնում են մարդկանց՝ պահանջելով, որ հանկարծ տներին վնաս չտան, չվառեն, հակառակ դեպքում՝ փոխհատուցում չեն ստանա։ Մարդիկ  թևաթափ եղած են, հուսալքված։

-  Գրառում էիք կատարել Աղավնոյում թալանի վերաբերյալ, որին արձագանքեցին Արցախի մի շարք պատգամավորներ՝ հերքելով լուրը։

- Տեսեք, թալանի հետ կապված, ինձ զանգում են Աղավնոյի բնակիչները, ասում են, որ թալան է տեղի ունենում։ Այդ մասին նրանք տեղեկացրել էին նաև Սոֆյա Հովսեփյանին։ Սոֆյան և ես կապվում ենք գյուղապետի հետ, որը և հաստատում է այդ լուրը։ Տեղեկացնում է մեզ, թե ինչ են թալանել՝ հաղորդալարեր, «դվիժոկ» և այլն։ Մենք պայմանավորվում ենք հրապարակում անել, որպեսզի իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրենք դրա վրա։ Հրապարակումից հետո հայտնվում են ինչ-որ պատգամավորներ, որոնք, չգիտես ինչու, վստահ են, որ ոչ մի թալան էլ չկա։ Ապա ոստիկանությունն է գնում այնտեղ և պարզում է, որ այդ պահին թալան չկա։ Բայց եղե՞լ է արդյոք թալան, ինչեր են տարել՝ այդ մասին ոչ մի խոսք։ Ես ինքս եմ գնում Աղավնո այն պահին, երբ որ այնտեղ նաև իշխանության ներկայացուցիչներ են գտնվում, այդ թվում այն պատգամավորը՝ ով իմ մասին այս ու այն կողմ բաներ է հրապարակում՝ իբր, թե ես ստում եմ։ Ես մտնում եմ Աղավնո, զանգում եմ գյուղապետին, տեղեկացնում եմ, որ ես Աղավնոյում եմ, և պիտի հանդիպեմ իրենց հետ։ Մինչև ես գնում եմ հանդիպելու, տվյալ իշխանության ներկայացուցիչները թողնում հեռանում են գյուղից։ Այնինչ այս ամենի տրամաբանության մեջ իրենք պիտի մնային և ապացուցեին, որ ես ստում եմ։ Գյուղի բնակիչներից հարցնում եմ թալանից․ մի մասն ասում է, որ ընդհանրապես տեղյակ չի՝ թալան եղել է, թե չէ, մի մասը, թե՝ ծառեր են կտրել ու տարել մեքենաներով, մյուս մասը, թե՝ էլեկտրահաղորդալարեր են տարել, մի մասն էլ՝ թե մեզ ասել են քիչ խոսենք, մեր իրերը հավաքենք, որ օգնեն մեզ դուրս գալ այստեղից։ Շատ հստակ ասում են, որ  գիտեք՝ ավելի լավ է մենք լռենք։ Ես էլ հաշվի առնելով այդ մարդկանց այս պահի ողբերգական վիճակը, լուռ կմնամ։ էլ չեմ խորանում հաշվի առնելով, որ եթե այդ մարդիկ իրենք ուզենային կանխել թալանը, իրենք կձգտեին այդ ուղղությամբ ինչ-որ բան անել։ Եթե այս պահին Աղավնոյի թալանը կանխված է, ապա շատ լավ է։ Բայց ես անկեղծ չգիտեմ՝ կանխված է, թե չէ։ Ես Աղավնոյում եղած ժամանակ տեսել եմ բեռնատարներով ինչ-որ բաներ էին քանդում, հարցնում եմ՝ ովքեր են այս մարդիկ, ասում են, դե մարդիկ են, եկել են, ինչ-որ բաներ են քանդում, տանում։ Ընդհանուր առմամբ շատ-շատ բնակիչների կողմից համագործակցություն էլ չկա, ընդառաջ քայլ չեն անում՝ կանխելու այդ ամեն ինչը։

- Թալանել են բնակիչների՞ն պատկանող իրերը, թե՞ համայնքին։

-Իմ տեղեկություններով՝ համայնքին պատկանող։

-Հիմա Դուք Ձեր առաքելությունն այնտեղ համարում եք ավարտված։

- Իմ նպատակն այն էր, որ կարողանամ անձնական օրինակով մարդկանց մղել դեպի Արցախ, որովհետև Բերձորն ու Աղավնոն պահելու միակ հնարավորությունը այդ երկու բնակավայրերը վերաբնակեցնելն էր։ Եթե Բերձորում, որը կարող է 550 ընտանիքի տեղավորել, այսինքն՝ դա ավելի քան 2000 մարդ է, Բերձորը միանշանակ չէր հանձնվի։ Որովհետև 2000 բնակչությանը ուղղակի վերցնել ու տեղահանելը հեշտ բան չէ, եթե չասեմ՝ անհնար է, դա արդեն ցեղասպանություն է։ Ես անընդհատ դա էի բարձրաձայնում, իսկ իշխանությունները՝ հատկապես Հայաստանի Հանրապետության, որևէ կերպ դրան ընդառաջ քայլ չէին անում, ընդհակառակը՝ խանգարում էին մարդկանց, որպեսզի գնան Բերձորում և Աղավնոյում բնակվեն։

Ինչպես գիտեք Աղավնոյում վերջերս կառուցվել էր 50 նորակառույց առանձնատուն, որից 30-ն էր բնակեցված։ Այսինքն՝ ևս 30-35 ընտանիք հնարավոր էր բնակեցնել այնտեղ։ Ես գնում էի այնտեղից նկարահանումներ էի անում, զրուցում՝ մարդկանց հետ, որպեսզի մարդկանց մոտ մոտիվացիա առաջացնեի սեփական օրինակով։ Ցավոք սրտի, ինչպես ասում են «Ձայն բարբառո անապատի»։ Հատուկենտ մարդիկ ընդառաջ քայլ արեցին, մարդիկ, ովքեր մտածեցին, որ սա նաև իրենց խնդիրն է։ Իսկ Արցախից և ՀՀ- ից բացարձակ անտարբերություն, անտարբերություն նաև մեր հայրենակիցներից շատերի կողմից։ Արցախում 30-ից ավելի մարդկանց խնդրեցի, որ գան մի քանի օր հերթափոխով ապրեն Աղավնոյում, որպեսզի օրինակ դառնան բոլորի համար, բայց ապարդյուն։ Նույնիսկ մի քանի օր հերթափոխով ապրել չցանկացան, որովհետև դա պոպուլիզմ չի, որովհետև չեն կարող հերոսանալ, որովհետև պիտի զրկանքների միջով ապրեն։ Ի վերջո, մի բան է Երևանի կամ Ստեփանակերտի  կենտրոնում ապրելը, այլ բան է՝ գնալ մի խուլ գյուղում ապրել, որտեղ թշնամին մոտ է՝ 3կմ հեռավորության վրա է։ Մի բան է ֆեյսբուքում հերոս լինել, այլ բան է՝ գնալ և թշնամուն մոտիկ ինչ-որ վայրում, թեկուզ հատակին պառկել ու քնել։ Այս ամենը պետք է կազմակերպվեր և պետք է լիներ համազգային համախմբումով։ Ֆեյսբուքներում մեծ-մեծ խոսելու փոխարեն պիտի գնային և սեփական օրինակով մեր հայրենակիցներին մղեին դեպի այնտեղ։ Եվ հավատացեք, եթե  Բերձորում և Աղավնոյում միասին մի 2000 մարդ ապրեր՝ ոչ Բերձորը, ոչ Աղավնոն, ոչ էլ Լաչինը չէր հանձնվի Ադրբեջանին։ Բայց մենք սիրում ենք ոչինչ չանել, հետո՝ երկիրը տալիս՝ նստել ու ողբալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, հավաստիացնում՝ առաջիկա օրերին դեպի Բերձոր և Աղավնո մեծ-մեծ մարդկային հոսք կլինի։ Գնալու են վերջին անգամ տեսնեն և ողբան։ Սա է մեր ազգային  դիմագիծը, ինչքան էլ  ցավալի է ու ամոթալի։