Զարմանալի է մեր ժողովուրդը՝ իր պատմությունը այդքան սիրող եւ այդ պատմությունից դասեր չքաղող

Զարմանալի է մեր ժողովուրդը՝ իր պատմությունը այդքան սիրող եւ այդ պատմությունից դասեր չքաղող

1999թ․ հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, հիշում է, թե ինչպես քսան տարի առաջ՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանն եւ Վազգեն Սարգսյանը  ձեւավորեցին  «Միասնություն» դաշինքը։ 

Ապրիլի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, իր թանգարանում բացվելու է «Միասնություն» դաշինքի 20-ամյակին նվիրված ցուցահանդես։ 

«1999թ․ մարտի 31-ին միացան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, կազմեցին մեկ ընդհանուր դաշինք։ Շատ արձագանքներ եղան այն ժամանակ։ Քսան տարի է անցել հոկտեմբերի 27-ից հետո։ Թվում էր, թե բավականին երկար ժամանակ է, ցավը պետք է մեղմանար, բայց դա տեղի չունեցավ։ Այդ ցավն ուղեկցում է ինձ, իմ ընտանիքին։ Եթե դատենք քսանամյա հեռավորությունից, ապա քսան տարին պատմության համար մի ակնթարթ էլ չէ։ Շատ կարճ ժամանակահատված է։ Բայց քաղաքական գործչին գնահատելու համար բավականին ժամանակ է։ Եվ կարող ենք ասել, որ քսան տարի անց Կարեն Սերոբիչը ոչ միայն չի մոռացվել, այլ ճիշտ հակառակն է․ գալիս են տարբեր մարդիկ, իրենց հուշերն են պատմում, բանաստեղծություններ գրում։ Ինձ համար սովորական երեւույթ չէ, երբ քսան տարի անց այդպես են վերաբերվում զոհված առաջնորդի հիշատակին, այն էլ՝ ոչ ժամանակակից առաջնորդին, այլ նրան, որը պատկանում էր  մի ժամանակաշրջանի, որն այսօր ավելի շատ վատաբանում են։

Ուրեմն նա հարգված եւ սիրված էր տարբեր ժամանակներում։ Եվ նրա հիշատակը քսան տարիների ընթացքում չի խամրել։ Ամեն մարդ չէ, որ կարող է այդ պատվին արժանանալ։ Ես անընդհատ հիշում եմ Կարենի խոսքերը․ «Հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ կյանքիս գործը կատարել եմ եւ սխալներ թույլ չեմ տվել»։ Մարդիկ ոչ թե կուռք են դարձրել Կարեն Դեմիրճյանին, այլ գնահատել են նրան։ Սխալ է այն կարծիքը, որ ժողովուրդն ամբոխ է։ Ոչ։ Ժողովուրդը գիտակցությամբ օժտված մի ամբողջական օրգանիզմ է, որն ըմբռնում է թե՛ բանականությամբ, թե՛ ավելի շատ բնազդով»,- մեզ հետ զրույցում նշում է Ռիմա Դեմիրճյանը։

Հարցին, թե քսան տարվա ընթացքում Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները տեսել են շատ դավաճանություններ, ճամբարափոխություններ, ոճրագործությունն  իր կնիքը թողեց մարդկային, հասարակական հարաբերությունների վրա, ինչ հետեւություններ է արել, Ռիմա Դեմիրճյանն արձագանքեց․ «Հոկտեմբերի 27-ը մեծ, ճակատագրական ողբերգություն էր, այն պառակտում, թշնամություն, անվստահություն առաջացրեց հասարակության, իշխանության մեջ։ Հատկապես մեր փոքրաթիվ ազգի համար դա շատ վտանգավոր էր։ Դա հակասում էր Կարեն Դեմիրճյանի անցած ճանապարհին ու գործունեությանը։ Նա ամբողջ կյանքը նվիրել էր ազգը միավորելուն եւ ընդհանուր խնդիրներ դրել նրանց առջեւ։ Դա այն հիմնաքարերից մեկն էր, որն ապահովեց նրա հաջողությունը։ Բացի Հոկտեմբերի 27-ից, որն անսպասելի էր, մնացած բոլոր փոփոխությունները մենք կանխատեսում էինք։ Դեռ այն ժամանակ, 1987թ․ երբ ներողություն արտահայտությանս համար, Միխայիլ Գորբաչովի վայրահաչոցը եղավ, Կարեն Սերոբիչը հասկացավ, թե ինչ է կատարվում։ Այն ժամանակ եղան եւ՛ դավաճանություններ, եւ՛ փոխադարձ անվստահություն։ Այն ժամանակ մեր հասարակությունը սասանվեց։

Հետո եղան կարդինալ փոփոխություններ, դարաշրջանային փոփոխություններ, երբ մի հասարակարգից անցում կատարեցինք մեկ այլ հասարակարգ։ Եվ այդ ցնցումների ժամանակ էլ նա տեսավ սխալներ, տեսավ, թե ինչպես են քանդում տասնամյակների տաժանակիր աշխատանքի միջոցով ստեղծվածը։ Մինչդեռ այդ ամենը ստեղծվել էր դժվարությունների շնորհիվ։ Ես այն ժամանակ զայրանում էի, Կարեն Սերոբիչն ավելի հանգիստ էր մոտենում։ Նա միշտ խղճացել է մեր ժողովրդին եւ ասել է․ «Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է։ Պատմությունը ծանր է եղել, նրան միշտ խաբել են։ Ես երբեք չեմ խաբի իմ ժողովրդին»։

Նա 88-ին էլ չցանկացավ խաբել եւ հարվածները վերցրեց իր վրա։ Քաղաքական գործիչը չպետք է չարանա թե՛ իր ազգի, թե՛ առանձին անհատների նկատմամբ։ Նա միշտ լավ է ճանաչել մեր ժողովրդին։ Կարեն Սերոբիչը, ճանաչելով սեփական ժողովրդին, դիպուկ է բնորոշել «Զարմանալի է մեր ժողովուրդը՝ իր պատմությունը այդքան սիրող եւ այդ պատմությունից դասեր չքաղող»»։